Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կիևի ապտակը՝ ստամբուլյան բանակցությունների շեմին». Գոռ Աբրահամյան

«Կիևի ապտակը՝ ստամբուլյան բանակցությունների շեմին». Գոռ Աբրահամյան
218
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 11:12

Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի կողմից հունիսի 1-ին իրականացված հզոր ԱԹՍ հարձակումը Ռուսաստանի ռազմաօդային բազաների վրա քայլ էր փոխելու բալանսը ոչ միայն ռազմի դաշտում, այլև՝ բանակցային տրամաբանության մեջ։ Այն հարված էր Մոսկվայի նախաձեռնողական դիրքին՝ հենց այն պահին, երբ Ռուսաստանը պատրաստվում էր այսօր Ստամբուլում նախատեսված բանակցային հերթական ռաունդին պարտադրել իր կողմից միակողմանիորեն մշակված ռուս-ուկրաինական կարգավորման շրջանակային փաստաթուղթը, որը մինչև վերջ պահում էր անհասանելի թե Կիևի, թե միջնորդների համար։
Կարգավորման այս մոդելը հիմնված էր ուժի դիրքերից Ուկրաինային թելադրված զիջումների վրա՝ ներառյալ տարածքային նվաճումների աննեքսիան, ուկրաինական չեզոքության պարտադրումը և անվտանգային երաշխիքների հետագա սահմանափակվածությունը։ Մոսկվան հույս ուներ Ստամբուլում նման փաստաթուղթը ներկայացնել որպես բանակցությունների ելակետ՝ պահպանելով քաղաքական նախաձեռնողականությունը։
Կիևի մասշտաբային հարձակումը, որը Մոսկվան գնահատել է որպես ահաբեկչական, փաստացի ձգտում է սառեցնել այդ օրակարգը և թե Մոսկվային, թե միջնորդի դեր ստանձնած սուբյեկտներին հաշվի նստեցնել շարունակաբար անտեսվեց իր ստրատեգիական շահերի հետ։
Ընդ որում՝ Ուկրաինան այս քայլով գնում է վա բանկ։ Թեև նպատակային նշակետը ուժերի ռազմական և դիվանագիտական բալանսի վերականգնումն էր, սակայն հարվածը Մոսկվային տալիս է հարմար առիթ՝ հրաժարվելու բանակցություններից և Կիևին մեղադրելու ապակառուցողականության մեջ։ Հարձակումը ահաբեկչական որակելու հեռահար նպատակն էլ դա էր։ Այսինքն այս քայլով Կիևը վտանգեց բանակցությունների՝ առանց այն էլ իր համար աննպաստ ընթացքը, ավելի գրգռեց Մոսկվային։ Պետք է սպասել, որ ռուսական պատասխանը կլինի ոչ պակաս հուժկու՝ թեկուզ արժանապատվությունը պաշտպանելու համար։ Եվ պատերազմը կարող է թևակոխել առավել արյունալի և անկանխատեսելի, բայց, թերևս, նաեւ վերջնական փուլը։
Շատ բան կախված է այն հարցի դեռևս չստացած պատասխանից, թե արդյո՞ք այս գործողությունը իրականացվել է ԱՄՆ-ի գիտությամբ, նույնն է թե թույլտվությամբ։ Եթե այո, ապա հարվածը կարող է դիտվել որպես ստամբուլյան հերթական ռաունղից առաջ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի վրա ճնշման խստացման ազդակ։ Սակայն Վաշինգթոնից հայտարարել են, թե հարձակման մասին տեղյակ չեն եղել։ Հարձակումից հետո Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցում էլ, դատելով դրա մասին պաշտոնական հաղորդագրություններից, միմյանց նկատմամբ կարծես թե պրետենզիաներ, կշտամբանքներ ու մեղադրանքներ չեն հնչել։ Ռուս-ամերիկյան շփումը շարունակում է մնալ փոխըմբռնման, կարելի է ասել՝ գործընկերայնության լադի վրա։
Եթե ԱՄՆ-ն իսկապես կապ չունի ռուսական ստրատեգիական ինքնաթիռների կոտորածի հետ, որի հիմնական շահառուն, ի դեպ, նաև Եվրոպան է, ապա Ուկրաինան ոչ միայն Ռուսաստանին, այլև իր գլխավոր ռազմավարական դաշնակցին՝ Վաշինգթոնին է կանգնեցրել փաստի առաջ։ Կիևը գնացել է մի քայլի, որը կարող է բարդացնել ԱՄՆ-ի դիվանագիտական մանևրները՝ խոչընդոտելով Ռուսաստանին կառուցողական դաշտ բերելու համեստ ջանքերին։ Եվ գուցե առաջիկայում կծավալվի նաև Կիևի նկատմամբ ամերիկյան ճնշումների հերթական ալիքը։
Ամեն դեպքում Ուկրաինան այս քայլով հստակ ուղերձ է հղում աշխարհին. մենք չենք դադարի պայքարել, քանի դեռ վտանգված է մեր պետականության գոյությունը և քանի դեռ Ուկրաինային մոտենում են որպես պոտենցիալ պարտվածի։
Այժմ ամեն բան կախված է Մոսկվայի պատասխանից։ Եթե նրա կրած ստրատեգիական վնասը ուժային բալանսի վրա էապես ազդելու չափ մեծ գնահատվի, հնարավոր է, որ Ռուսաստանը սկսի վերանայել իր մոտեցումները՝ ի նպաստ ավելի հավասարակշիռ բանակցային կոնցեպի։ Բայց եթե պատասխանը լինի պատժիչ, ապա Ստամբուլում այսօր պլանավորված բանակցությունները ոչ մի արժեք չեն ունենալու, եթե առհասարակ կայանան։
Ուկրաինան իր քայլն արեց։ Հիմա հերթը Մոսկվայինը և Վաշինգթոնին է»:

Աղբյուրը`   Գոռ Աբրահամյան