Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Եկեղեցին պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում հոգևորական-պատգամավորով». Վահե Գրիգորյան

«Եկեղեցին պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում հոգևորական-պատգամավորով». Վահե Գրիգորյան
162
Երեկ, 03:06

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճշմարտությունը թաղվում է ստի և պաթոսի միջև.
1) Ակնհայտ է, որ ըստ ՀԱԵ ՆԵՐՔԻՆ կարգավորումների՝ կուսակրոնության պահանջի առկայության դեպքում որևէ հոգևորական այն չի կարող խախտել, իսկ խախտման դեպքում եկեղեցին ինքը պետք է գործի, քանի որ դա իր ներքին կարգապահական խնդիրն է. արտաքին, առավել ևս՝ պետական միջամտությունն արգելվում է, քանի որ այն կրոնական կազմակերպություն է, որի գործունեությունը, այդ թվում՝ անկախությունը, երաշխավորված է Սահմանադրությամբ:
2) Ակնհայտ է, որ եթե անգամ կուսակրոնության պահանջը խախտվել է, ապա Նիկոլ Փաշինյանը և այլոք դրա մասին վաղուց են իմացել, բայց խոսում են միայն հիմա, քանի որ հիմա է իրենց դա անհրաժեշտ, հետևաբար քրիստոնեական խոնարհության ու հավատավորի սքեմի տակ թաքնվելը փարիսեցիություն է:
3) Ակնհայտ է, որ կուսակրոնության պահանջի ենթադրյալ խախտման վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների ենթադրյալ ապօրինի մշակման արդյունքում, որը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն:
4) Ակնհայտ է, որ պետությունը և պետական որևէ պաշտոնյա չի կարող մասնակցել Կաթողիկոսի ընտրությանը կամ ունենալ ձայն այդ ընտրության ընթացքում, հակառակի պարագայում թող եկեղեցին էլ ունենա վճռորոշ ձայն վարչապետի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:
5) Ակնհայտ է, որ անկախ մարդու կրոնական և հոգևոր հայացքներից կամ դրանց բացակայությունից՝ յուրաքանչյուր ոք պետք է հարգի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին՝ որպես Ազգային կառույց և այդ հարգանքը պետք է զերծ պահի հոգևորականության հանդեպ վիրավորական և ատելության խոսքի օգտագործումից, հատկապես, երբ նման խոսույթը կիրառվում է պետական պաշտոնյայի կողմից:
Իսկ եթե Իմ անձնական կարծիքն է հետաքրքիր, ապա հաշվի առնելով կուսակրոնության պահանջի ծագումը Հայ եկեղեցական իրավահարաբերություններում, այն 5-րդ դարից պարտադրված բարք է, որը իրական նպատակ է ունեցել կանխել Լուսավորչի տոհմի ազդեցությունը, իսկ հետո՝ կանխել եկեղեցու միջոցով Ազգային պետականության վերակերտումը. Գրիգոր Լուսավորչից սկսած մինչև իր իսկ ժառանգ Սահակ Պարթև կաթողիկոսները եղել են ամուսնացած և ունեցել են զավակներ:
Ինչ վերաբերում է Եկեղեցի-Պետություն հարաբերություններին, ապա պետք է բացառվի Պետության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, սակայն Եկեղեցին պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում հոգևորական-պատգամավորով՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության շարունակականության երաշխիք:
Հատկապես վերջին մտքին դեմ արտահայտվողները, չգիտես՝ ինչու, շատ ընդունելի են համարում, որ Վատիկանը առանձին պետություն է»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան