«Համեմատելով «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ 2-րդ ցարին՝ կգանք շատ տխուր եզրահանգումների»․ Միհրան Հակոբյան
199
Այսօր, 00:42
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը հաճախ է շահարկում «իմպերիաների քաղաքականության» թեման՝ փորձելով արձանագրել նիկոլական «ինքնիշխանության» դրական կողմերը: Բայց իրականությունն այլ է: Օրինակ՝ եթե Հայ Եկեղեցու և անձամբ Վեհափառի հալածանքների մասով փորձենք համեմատել «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ Երկրորդ ցարին, շատ տխուր եզրահանգումների կգանք՝ պետականության, հանրային բարոյականության, ինչու ոչ՝ նաև անձնական բարոյականության ու դաստիարակության տեսանկյունից: Այսպես. Հայ եկեղեցու գույքի բռնագրավման ցարական հրամանագրի ժամանակներում «Կովկաս» թերթի հաղորդմամբ՝ 1903 թվականի հոկտեմբերի 14-ին Կովկասի կառավարիչ, գեներալ Գրիգորի Գոլիցինի վրա (եկեղեցական գույքի բռնագրավման գլխավոր համակարգողն էր) մահափորձ է կատարվել։ Հարձակվողները երեքն են եղել, և նրանցից մեկը հասցրել է Գոլիցինի գլխին մի քանի հարված հասցնել դաշույնով։ Գոլիցինի կառապանի և պահակախմբի արագ գործողությունների շնորհիվ պաշտոնյան մահացու վնասվածքներ չի ստացել, իսկ հարձակվողները չեն հասցրել փախչել։ Նրանցից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, իսկ մյուս երկուսը մահացու վիրավորվել են։ Այս մահափորձի կազմակերպման գործում ցարական վարչակազմը կասկածում էր Հայ Եկեղեցուն (հետագայում պարզվեց, որ կասկածներն անհիմն էին): ՌԴ պետական արխիվում պահպանվել է մահափորձի հաջորդ օրով՝ 1903-ի հոկտեմբերի 15-ով թվագրված Ռուսական կայսրության Ներքին գործերի նախարար Վյաչեսլավ ֆոն Պլեվեյի հանգամանալից զեկուցագիրը Նիկոլայ Երկրորդ ցարին (РГИА, ф. 821, оп. 138, д. 90), որտեղ նախարարն անխնա քննադատության է ենթարկում Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսին, իշխան Գոլիցինի վրա մահափորձը կապում է Հայ Եկեղեցու հետ և ցարին առաջարկում է քրեական հետապնդում սկսել Վեհափառի և Հայ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ: Միաժամանակ, զեկուցագրում նախարար ֆոն Պլեվեն նշում է, որ «Կաթողիկոսին պետք է դատել, սակայն օրենքով հետապնդում կազմակերպելու համար Խրիմյան Հայրիկի պատկառելի տարիքը և հայ բնակչության շրջանում ունեցած ժողովրդականությունը կառավարության համար զգալի անհարմարություններ են ստեղծում»: Անշուշտ, Կովկասյան վարչակազմի և Ներքին գործերի նախարարության միահամուռ մոտեցում-առաջարկությունը ցարին կարող էին դրդել «վճռական գործողությունների»՝ ընդհուպ մինչև Վեհափառի կամ բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություն, հատկապես, որ մահափորձի մոտիվացիան առկա էր: Ի՞նչ արեց Նիկոլայ Երկրորդ ցարը. արգելեց Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը: Ավելին՝ մերժեց նախարար ֆոն Պլեվեյի առաջարկը՝ գոնե թե նամակով տեղյակ պահել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ նա այլևս «չի վայելում ցարի բարեհաճությունը»: Շատ չանցած Նիկոլայ Երկրորդը նաև հետ կանչեց Հայ Եկեղեցու «սեկուլյարիզացիայի» (գույքի բռնագրավման) ցարական հրամանագիրը: Իմպերիայի այս վերաբերմունքը Հայ Եկեղեցուն համեմատե՞նք «ինքնիշխան» Նիկոլի վերաբերմունքի ու նրա արածների հետ: Իմաստ չունի. ամեն բան պարզ է ու տեսանելի է: Ամեն դեպքում, եթե երկրային կյանքի ուղին Նիկոլայ Երկրորդ ցարն ավարտեց Եկատերինբուրգի Իպատևյան առանձնատան նկուղում, բայց ի վերջո սրբադասվեց, ապա Նիկոլին դա ոչ մի կերպ չի սպառնում (երկրորդ մասը)»։