Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը»․ Սուրեն Սուրենյանց

«Գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը»․ Սուրեն Սուրենյանց
181
Երեկ, 20:06

Գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը
Աբու Դաբիի հանդիպումից հետո պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրության մի դրվագի վրա ուզում եմ հատուկ կենտրոնանալ:
«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- ասված է պաշտոնական Երևանի տարածած տեքստում:
Նման արձանագրումը միանգամայն բխում է Բաքվի շահերից ու ճիշտ հակառակը՝ բանակցային գործընթացը ծուղակ է դարձնում Երևանի համար:
Ուժային դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները օգտակար են միայն այն պարագայում, երբ կողմերն իսկապես ձգտում են փոխզիջման։
Որևէ մեկը, ով ամեն օր հետևում է Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին կամ պետական պրոպագանդայի թեզերին, հիմնավորապես կպնդի հակառակը. Բաքուն Երևանից ձգտում է ստանալ առավելագույնը:
Ուղղակի բանակցությունները ներկայիս ուժային անհավասարության պայմաններում Հայաստանի համար կարող են շատ ավելի ռիսկային լինել, քան օգտակար, հատկապես եթե բացակայում են միջազգային հարթակներ, որոնք կարող են ապահովել բալանս, ճնշում և երաշխիքներ։
Որո՞նք են ուղղակի բանակցությունների վտանգները Հայաստանի համար:
Ադրբեջանն, օգտվելով ուժային առավելությունից, կարող է Հայաստանին պարտադրել միակողմանի պահանջներ՝
օրինակ՝տարածքային զիջումներ սահմանազատման անվան տակ, միջանցքային տրամաբանություն՝ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում, փախստականների վերադարձ, բանակի կարողությունների կրճատում և այլն:
Միջնորդները որոշակիորեն հավասարակշռում են կողմերի դիրքավորումը՝ հատկապես թույլ կողմի՝ Հայաստանի շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Առանց այդ միջնորդների, բանակցային սեղանին կողմերը չեն գործում որպես հավասար սուբյեկտներ։
Ըստ այդմ, գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը:
Միջնորդակսն ձևաչափերում գործում են վերահսկողության, մոնիտորինգի և հստակ արձանագրման մեխանիզմներ։ Առանց դրանց՝ հայ- ադրբեջանական պայմանագիրը, եթե անգամ ստորագրվի, հուսալի խաղաղություն երաշխավորել չի կարող:
Այս գործոնները հաշվի առնելով՝ շարունակում եմ պնդել, որ Նոյեմբերի 9-ի համատեքստը չարյաց փոքրագույնն էր 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանի համար»: