«Ձեզ հետևում են՝ որպես պոտենցիալ գնորդի, նաև` եթե դրա կարիքն ունեն իրավապահները»․ Գևորգ Թոսունյան
177
Երեկ, 21:06
Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ հետևում են՝ նախ և առաջ՝ որպես պոտենցիալ գնորդի կամ ծառայության սպառողի, այնուհետև հետևում են, եթե դրա կարիքն ունեն իրավապահները, Եկեք խոսենք այս երկրորդի մասին, Երբ Բագրատ սրբազանին ու Արթուր Սարգսյանին առնչվող միջնորդագիրը հրապարակվեց ու երևացին ձայնագրությունների սղագրությունները, մի հանգամանք էի նկատել, որ բոլոր ձայնագրությունները Բագրատ սրբազանի տանն էին։ Այսօր մի ուշագրավ հրապարակում եղավ «Հրապարակ» օրաթերթում։ Գրել էր, որ Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումը և ձայնագրությունները իրականացվել է սուրճի ապարատի միջոցով։ Ըստ «Հրապարակի» ԱԱԾ-ում ունեցած աղբյուրի (կասկածում եմ այս ինֆոյի ինքնությանը, չի բացառվում պաշտպանական կողմն է ինֆոն տվել, բայց որպեսզի խանդավառություններ սկսվեն ԱԱԾ-ում, այսպես են գրել)՝ Բագրատ սրբազանի կեցավայրում սուրճի ապարատը փչացել է, սրբազանի մերձավորներից մեկը այն տարել է արհեստանոց՝ նորոգման, հեռախոսով էլ խոսել են այդ մասին, ԱԱԾ-ականները լսել են ու կազմակերպել գաղտնալսող սարքի տեղադրումը։ Ինչ խոսք, հնարամիտ են։ Դե ի՞նչ քննարկում առանց սուրճի, բնականաբար միշտ այդ ապարատը միացած է եղել ու միշտ լսել է։ Թելեգրամի թեման Այստեղ ուզում եմ անցնեմ՝ «միջազգային տիրույթ»։ Մեր սիրելի հարթակներից մեկը՝ «Թելեգրամը», պարզվում է, այնքան էլ անվտանգ չէ, որքան ներկայացնում է Դուրովը։ Եթե սուրճի ապարատի պատմությունը թվում է տեղական լրտեսական թրիլլեր, ապա «Թելեգրամի» շուրջ վերջին հետաքննությունները համաշխարհային բլոքբաստեր են՝ շատ ավելի լուրջ հետևանքներով։ Սա արդեն մեկ սարքի մասին չէ, այլ միլիարդանոց լսարան ունեցող մի ամբողջ հարթակի։ Տարիներ շարունակ մենք հավատացել ենք Պավել Դուրովի ստեղծած գեղեցիկ լեգենդին՝ ազատության համար պայքարող, Պուտինի Ռուսաստանից փախած և աշխարհի ամենաանվտանգ մեսենջերը ստեղծած թվային այլախոհի կերպարին։ Այդ կերպարն էր, որ դարձել էր մեկ միլիարդ մարդու վստահության հիմքը։ Սակայն Важные истории հետաքննությունը բացահայտեց (https://www.youtube.com/watch?v=s7pnANMPigg) հետաքրքիր իրողություններ։ Պարզվում է՝ «Տելեգրամի» սերվերները ֆիզիկապես սպասարկող և տվյալների ողջ տրաֆիկը վերահսկող ընկերությունները («Глобалнет», «Электронтелеком») ոչ միայն ռուսական են, այլև ունեն ուղիղ, փաստաթղթավորված պայմանագրեր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հետ՝ լրտեսման համար նախատեսված համալիրների տեղադրման և սպասարկման շուրջ։ Սա նույնն է, թե պարզվի, որ ձեր տան անվտանգության համակարգը սպասարկող ընկերությունը միաժամանակ տեսախցիկներ է տեղադրում ոստիկանության համար։ Այս ողջ սխեմայի կենտրոնում «գորշ կարդինալն» է՝ Վլադիմիր Վեդենեևը, ով միաժամանակ և՛ այդ սպասարկող ընկերությունների սեփականատերն է, և՛, փաստացի, «Տելեգրամի» ֆինանսական տնօրենը։ Իր իսկ հարցազրույցում նա խոստովանել է, որ ունի ֆիզիկական հնարավորություն մտնելու «Տելեգրամի» դատա-կենտրոններ, հանելու կոշտ սկավառակները կամ նույնիսկ սեփական սարքավորում տեղադրելու, և Տելեգրամը, հավանաբար, դա անգամ չի նկատի։ Մի պահ խորհեք այս մասին։ Վեդենեևը սառնասրտորեն բացատրում է այս իրավիճակը․ (https://www.youtube.com/watch?v=UmgP7jbhU7s) Ռուսաստանում դու չես կարող լինել կապի օպերատոր՝ առանց ԱԴԾ-ի հետ համագործակցելու։ Դա ընտրություն չէ, այլ օրենքի պարտադրանք։ Նրանք պարտավոր են տեղադրել լրտեսող սարքավորումներ (СОРМ) և հարցման դեպքում փոխանցել օգտատերերի տվյալները (թե ով, որ IP հասցեից է գրել)։ Սա տեսություն չէ, սա փաստի արձանագրում է՝ համակարգը ղեկավարող մարդու կողմից։ Այսպիսով, ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Եթե նույնիսկ մեր խոսակցությունները ծածկագրված են, համակարգի հիմքերը, նրա ենթակառուցվածքը վտանգված են։ Նրանք գուցե չեն կարող կարդալ յուրաքանչյուր հաղորդագրություն բաց տեքստով, բայց կարող են տեսնել, թե ով ում հետ է խոսում, երբ և որտեղից (մետատվյալներ)։ Եվ ինչպես խոստովանեց Վեդենեևը, ավելի խորը մուտքի հնարավորությունը միշտ գոյություն ունի։ Տելեգրամի՝ որպես ազատության անառիկ բերդի միֆը փլուզվեց։ Պարզվում է՝ «սուրճի ապարատը» կարող է լինել ոչ թե մեկ կոնկրետ սարք, այլ մի ամբողջ հարթակ»։