Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Դատարանը վերածվել է իշխանական ճնշման գործիքի»․ Հակոբ Հակոբյան

«Դատարանը վերածվել է իշխանական ճնշման գործիքի»․ Հակոբ Հակոբյան
62
Այսօր, 01:48

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ սրբազանի և մյուսների՝ ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստում այսօր դատարանը որոշեց երկարաձգել Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքը ևս երեք ամսով։ Որոշում, որն ավելի շատ հնազանդ արձագանք էր վերևից իջեցված հրահանգին, քան արդարադատության անկախ գործողություն։ Ի՞նչ ունենք իրականում։ Արցախի ԱԺ մի պատգամավոր, ով դարձել է քաղաքական հաշվեհարդարի զոհ՝ քանզի ահաբեկչության նախապատրաստում մեղադրանքը, որևէ իրավական լրջություն չունի, բայց լի է քաղաքական հետապնդմամբ։ Ունենք դատարան, որը պետք է լիներ արդարության երաշխավոր, բայց վերածվել է իշխանական ճնշման գործիքի։ Եվ ցավոք ունենք մի իշխանություն, որն արդեն միտումնավոր կերպով ոչնչացնում է անգամ մարդկանց վերջին հույսը։ Երեք օր շարունակ Դավիթ Գալստյանի ծնողների աչքերում հույս կար։ Այդ հույսը տաք էր, բարի, միամիտ, բայց անկեղծ։ Արդարադատության նկատմամբ հավատ և մարդկային վերաբերմունքի սպասում էր այն։ Բայց մեր օրերի իրականությունը ապացուցում է, որ մեր երկրում հույսը իշխանության համար սպառնալիք է դարձել, որը պետք է մարի՝ առանց խղճահարության։ Սակայն Դավիթ Գալստյանը միայն պատգամավոր չէ։ Նա արցախցի է, ընտրյալ է, պայքարող մարդ։ Նրա ձերբակալությամբ ոչ թե «խափանում» են հանցագործություն, այլ թիրախավորում են ազգային արժեքները, արժանապատվությունը, Արցախը և դրա վերջին պաշտպաններին։ Այսօրվա դատարանում հաղթեց ոչ թե օրենքը կամ ճշմարտությունը, այլ հաղթեց վախը։ Վախը՝ անկախ մարդկանցից, ազնիվ մտածողությունից, Արցախից։ Որովհետև այս իշխանությունն առավել քան երբևէ վախենում է գաղափարից։ Այն գաղափարից, որը չի ծախվում, չի լռում, չի հարմարվում։ Իսկ Դավիթ Գալստյանը բանտում է, որովհետև դուք չեք կարողանում կոտրել նրան։ Դուք չեք կարողանալու պայքարել գաղափարի դեմ, և դրա համար ընտրել եք վախի, ճնշման և բռնության ճանապարհը»։

Աղբյուրը`   Հակոբ Հակոբյան