Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Պաշտպանական բյուջեն կրճատելը նույնն է, ինչ շներին հանձնել գայլերին»․ Դավիթ Սանասարյան

«Պաշտպանական բյուջեն կրճատելը նույնն է, ինչ շներին հանձնել գայլերին»․ Դավիթ Սանասարյան
51
Երեկ, 23:06

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ ««Գայլերն ու ոչխարները» և կառավարության ճակատագրական սխալը
Եզոպոսի առակն ասում է՝
«Գայլերը վաղուց էին ուզում հարձակվել ոչխարների վրա, բայց չէին կարողանում, քանի որ շները հսկում էին հոտը։ Ուստի փորձեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին․ դեսպաններ ուղարկեցին ու համոզեցին ոչխարներին, թե իբր հենց շներն են թշնամանքի պատճառը, և եթե նրանցից ազատվեն, գայլերն էլ խաղաղություն կպահպանեն։ Ոչխարները չհասկացան, թե իրականում ինչ է սպասվում, և հանձնեցին շներին։
Արդյունքում գայլերը, որ մնացել էին ավելի ուժեղ ու անխոչընդոտ, հեշտությամբ մորթեցին անպաշտպան հոտը»։
Այսօր նույն սխալի առաջ է կանգնած մեր պետությունը։ Ֆինանսների նախարարը հայտարարում է, որ Կառավարությունը նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը ինքը բացեիբաց ընդունում է, որ խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում՝ բոլոր վտանգներն անցել են։
Իսկ ո՞վ է այն «խելոք խորհրդատուն», ում խորհրդով Կառավարությունը գնում է այս վտանգավոր որոշման։ Մինչ մեր իշխանությունները պակասեցնում են ռազմական բյուջեն ու թմբկահարում խաղաղության մասին, Ալիևը բոլոր առիթներով խոսում է ռազմական հնարավորություններն ավելացնելու ու նոր միջոցներ ձեռք բերելու մասին։ Դեռ հունվարի 8-ին հայտարարում էր․ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը։ Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի»։ Իսկ օգոստոսի 21-ին Փաշինյանն արձագանքում է ոչ թե սպառնալիքին, այլ իր երկրի պաշտպանական քաղաքականությանը՝ հայտարարելով․ «Գուցե 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ ընդհանրապես չլինի։ Սա տրամաբանական է»։
Ինչ խոսք, կերազեի, որ մեր իշխանությունները, թեկուզ առանց ճառերի, անեին այն, ինչ իրականում անհրաժեշտ է երկրի անվտանգությունը պահելու համար։
Պաշտպանական բյուջեն կրճատելը այսօր նույնն է, ինչ շներին հանձնել գայլերին՝ հավատալով նրանց խոստացած խաղաղությանը։ Իսկ նման միամտությունը կարող է մեզ արժենալ որպես գոյաբանական աղետի գին։
Ո՛չ մի երկրի ղեկավարի խոստում, երաշխիք չի կարող մեր փոխարեն խաղաղություն ապահովել։ Խաղաղությունը հնարավոր է միայն բարեփոխված բանակով, ուժեղ մտքով, ազգային ինքնագիտակցությամբ և կոփված հոգով, մնացածը ինքնախաբեություն է՝ պատմության դաժան փորձերից ոչինչ չսովորածների համար»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան