Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Ո՞վ է Ձեզ հանձնարարել խախտել իմ պաշտպանյալի հիմնարար իրավունքները»․ Զարուհի Փոստանջյան

«Ո՞վ է Ձեզ հանձնարարել խախտել իմ պաշտպանյալի հիմնարար իրավունքները»․ Զարուհի Փոստանջյան
299
Երեկ, 18:12

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային հաշվետվության պահանջագիր
ՀՀ արդարադատության նախարար, միջազգային իրավունքի գիտակ ներկայացող Սրբուհի Գալյանին և ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, հոգեբան-կրիմինոլոգի որակավորում ունեցող՝ Ծովինար Թադևոսյանին
Հարգելի տիկնայք,
Իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանը դարձել է տարատեսակ բռնաճնշումների թիրախ և զոհ, այդ թվում նաև Ձեր կողմից ստորադասության ղեկավարման գտնվող ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունում, Ձեր անմիջական մասնակցությամբ:
2025 թվականի հուլիսի 11-ին ուշ երեկոյան Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունը ընդունել է որպես կալանավորված անձանց, շուրջ երկու օր պահել է այդ հիմնարկի թիվ 2 խցում:
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայության թիվ 2 խուցը կալանավորված անձանց պահման օրենքով նախատեսված պայմաններին չի բավարարել:
Բացի այդ՝ Լիանա Հարությունյանը և նրա ութ ամսական երեխան ընդունվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով (կարանտինային պայմանների խախտում, մոր և մանկան պահման համար հատուկ պայմանների բացակայություն, առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների անտեսում, անվճար հատուկ սննդի և բուժօգնության բացակայություն):
Այս խախտումների հետևանքով Լիանա Հարությունյանի ութ ամսական երեխան, ով շուրջ երկու օր էր գտնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի» բժշկական կենտրոն: Այս բժշկական կենտրոնում Լիանա Հարությունյանը և նրա երեխան գտնվել են կալանքի տակ, որն իրականացվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Վերոշարադրյալի կոպիտ խախտումները հավանաբար Ձեզ չէր բավարարել և Դուք անցել էիք լրացուցիչ բռնաճնշման գործիքակազմ կիրառելուն:
2025 թվականի հուլիսի 16-ին, Դուք իմ պաշտպանյալի՝ Լիանա Հարությունյանի և նրա երեխայի իրավունքների (որպես պացիենտի և որպես կալանքի տակ գտնվող անձանց) կոպիտ խախտմամբ տեսախցիկների, օպերատորների և այլ կողմնակի անձանց մասնակցությամբ ներխուժել եք նրանց հիվանդասենյակ, այդ ներխուժումը տեսաձայնագրել և հրապարակել եք:
Իմ պաշտպանյալից չեք հարցրել արդյոք նա ցանկանում է տարատեսակ անձանցից կազմված շքախմբի մասնակցությամբ տեսախցիկների առջև տեսակցել Ձեզ հետ:
Ո՞վ է Ձեզ թույլ տվել ապօրինաբար միջամտել իմ պաշտպանյալ՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական երեխայի անձնական և ընտանեկան կյանքին: Ո՞վ է Ձեզ հանձնարարել խախտել իմ պաշտպանյալի հիմնարար իրավունքները:
Բացի այդ.
Տիկին Գալյան, ո՞վ է թույլ տվել, որ իմ պաշտպանյալին Ձեր կողմից ղեկավարվող նախարարության աշխատակիցն անվանի «դատապարտյալ, ով գտնվում է պատիժը կատարող հիմնարկում և հետևաբար, Դուք իրավունք եք ունեցել անարգել մուտք գործել պատիժը կատարող հիմնարկ», տես՝ N 33600-2025, 28 հուլիսի 2025 թվականի գրությունը: Այսինքն, դատավոր Արշակ Մաթևոսյանն իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ, երբ որոշում կայացրեց երեք ամսով կալանավորելու, դա ոչ թե խափանման միջոց կիրառելու որոշում էր, այլ պատիժ, և Դուք էլ Ձեր հերթին հայտնում եք, որ Լիանա Հարությունյանը պատժված է, կրում է պատիժ և Դուք նրան այցելել եք որպես պատիժ կրող անձին տեսնելու լիազորությունների շրջանակում:
Տիկին Թադևոսյան, ո՞վ է Ձեզ թույլ տվել խախտել ՀՀ քրեական օրենսգիրքը, թույլ տալով արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ՝ միջամտել իմ՝ փաստաբանի գործունեությանը, տես՝ 13. 07.2025 թվականի հրապարակային հայտարարությունը և Ե-40/7-3952, 14 հուլիսի, 2025 թվականի գրությունը:
Տիկին Գալյան, միջազգային դատարանի որոշման համար հատուկ ջանասիրությամբ մեկնաբանություն տրամադրելու փոխարեն, ճիշտ է և օրինական, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ստացված աշխատավարձով Դուք ուղղակի կատարեք Ձեր պարտականությունները: Նախ կարգի հրավիրեք Ձեզ, ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից և նրա ընտանիքից, որ շքախմբով և տեսախցիկների աշխատանքով, հիգիենիկ հատուկ միջոցների և օրենքների պահանջների կոպիտ խախտմամբ ներխուժել եք հիվանդասենյակ և հրապարակել եք այդ ներխուժման վերաբերյալ տեսանյութ (16.07.2025 թվականի տեսանյութը):
Տիկին Թադևոսյան, իմ գործունեությանը միջամտելու Ձեր ապօրինի և քրեորեն պատժելի նախաձեռնությունների փոխարեն, ճիշտ է և օրինական, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ստացված աշխատավարձով Դուք ուղղակի կատարեք Ձեր պարտականությունները կարգ ու կանոն հաստատեք քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի կալանավորված և դատապարտված անձանց կյանքի և առողջության իրավունքներն անտանելի բանտային պայմաններից չտուժեն, ութ ամսական երեխան անորակ սնունդից չթունավորվի, և մարդիկ չմահանան:
Հ.Գ.
Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեի (CPT) այցելության զեկույցները կրկին լավ ընթերցեք, նաև լավ ընթերցեք կառավարության պատասխանները: CPT մշակել է չափորոշիչներ ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի վերաբերյալ: Այդ չափորոշիչները նույնպես լավ ընթերցեք և համեմատեք ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվել են Լիանա Հարությունյանը և նրա երեխան՝ արդյոք համապատասխանում է այդ չափորոշիչներին:
Նաև մտածեք, որ առ այսօր չեք կատարել ստանձնած պարտավորությունը՝ կալանքի տակ գտնվող անձանց մասնագիտացված առողջապահական ծառայություններին հասանելիության ապահովման վերաբերյալ։ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակակատարողական հիմնարկը նույնիսկ «Սմեկտա» դեղորայք չուներ:
Հարգանոք՝ փաստաբան Զարուհի Փոստանջյան
30.07. 2025 թվական»։