Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Արձանագրվել է Ստեփան Սամվելյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի նոր դեպք». Զարուհի Փոստանջյան

«Արձանագրվել է Ստեփան Սամվելյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի նոր դեպք». Զարուհի Փոստանջյան
189
Այսօր, 21:06

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անմարդկային վերաբերմունքը Ստեփան Սամվելյանի նկատմամբ շարունակվում է, արձանագրվել է նոր դեպք
Ինչպես արդեն տեղեկացրել էի, Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։
Այսօր հիվանդանոց ենք տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ հանձմունքը պետք է նախ տարվի «Արմավիր» ՔԿՀ, իսկ այնտեղից նորից տեղափոխվի հիվանդանոց։
Սա ոչ միայն աբսուրդային է, այլ նաև վտանգավոր։ Այս պայմաններում՝ 40 աստիճան շոգի ներքո, թարմ սնունդը պարզապես կարող է փչանալ մինչև հասնի հիվանդի մոտ։ Իսկ անձը, այս պահին կյանքի ու մահվան կռիվ է տալիս, նրա առողջությունը պահանջում է հատուկ խնամք ու սննդակարգ։
Հիշեցնեմ, որ երբ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը վերջերս այցելել էր «Աբովյան» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական դստերը, նա նաև փոխանցել էր հանձմունքը։ Այդ դեպքում ոչ ոք չէր պահանջել, որ այն նախ տեղափոխվի «Աբովյան» ՔԿՀ, ապա միայն հասնի բժշկական կենտրոն։ Այն միանգամից ու առանց որևէ խոչընդոտի փոխանցվել էր Լիանային։
Այսինքն՝ նույն համակարգում գործում են երկակի ստանդարտներ՝ պայմանավորված երևի թե այցի նպատակի կամ անձի կարգավիճակով։ Ստեփան Սամվելյանի դեպքում այս պահվածքը դիտվում է որպես խտրական ու վտանգավոր անգործություն, որն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանը և կյանքին։
Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը և թարմ սնունդը։
Հ.Գ
Նման պատասխան, որ հանձմունքը և սնունդը փոխանցենք Ստեփան Սամվելյանին ավելի ուշ՝ երկուշաբթի օրը, ինձ պաշտոնապես հայտնեց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։
Զարուհի Փոստանջյան՝ Ստեփան Սամվելյանի պաշտպան
2 օգոստոսի, 2025թ․»: