Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Դե յուրե Սովետը քանդել են Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելոռուսի նախագահները». Արթուր Դանիելյան

«Դե յուրե Սովետը քանդել են Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելոռուսի նախագահները». Արթուր Դանիելյան
118
Այսօր, 18:30

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այո՛, դե յուրե Սովետը քանդել են Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելոռուսի նախագահները: Այս պնդումը մոտավորապես նյուքան ճիշտ է, որքան այն փաստը, որ Գորբաչովը քանդել է Բեռլինի պատը: Ու այո՛, ամեն մեկն իր քյարն ուներ, ու մտածում էր, որ ճիշտ բան է անում: Ուկրաինացիքին թվում էր, որ նրանց արդյունաբերական, գիտահետազոտական, միջուկային ու ռազմական պոտենցիալը նրանց կդարձներ Եվրոպայի առաջատար երկրներից մեկը: Բելոռուսներին թվում էր, որ նրանց մեքենաշինական ու գյուղատնտեսական պոտենցիալն իրենց կպահի, ռուսները վստահ էին, որ հանքահումքային բազայի վրա աշխարհի «պերվի կրուգ» տղա կլինեն:
Ամենակարևորն այն է, որ 3-ն էլ ուզում էին ազատվեին բալաստից, իսկ մնացած հանրապետություններն իրանց կարծիքով հենց բալաստ էին: Սովետի փլուզման պահին միության 15 հանրապետություններից 12-ը դոտացիոն էին՝ ապրում էին Մոսկվայի հաշվին (առաջատար պորտաբույծը Վրաստանն էր, հետո՝ Հայաստանը, հետո՝ Մերձբալթյան երկրները): Այս դիսբալանսի և բազմաթիվ այլ տնտեսական բացթողումների պատճառով Սովետի պետական բյուջեի դեֆիցիտը փլուզման նախորդ տարվա ընթացքում կազմել էր ահռելի՝ 15%, որի պատճառով Մոսկվան ստիպված «սառեցրեց» մարդկանց խնայողությունները բանկերում (իմիջիայլոց էս տարվա առաջին կիսամյակում ՌԴ բյուջեյի պակասորդն արդեն 10% է կազմել):
Այս ահռելի տնտեսական անարդյունավետությունը ոչ Շուշկևիչի, ոչ Ելցինի, ոչ Կրավչուկի, ոչ էլ նույնիսկ Գորբաչովի պատճառով էր: Պատճառը, ինչպես նախկինում նշել էի, 71 թվի Չինաստան-ԱՄՆ պակտն էր, նավթային գների անկումը, Աֆղանստանը, Չերնոբիլը, ծերանոց դարձած պոլիտբյուրոն, կաշառակերությունը և այս ամենից առավել՝ պորտաբուծությունը: Մոսկվան 70 տարի շարունակ իր վզին էր պահել ողջ միությունը։ Կրթել էր, զարգացրել էր, ներդրումներ էր արել, շուկա էր տվել, բայց միության մնացած 12 անդամները ոչ միայն չէին դարձել տնտեսապես ինքնաբավ, այլ ընդհակառակը էլ ավելի անարդյունավետ բալաստ էին դարձել: Լրիվ նույն պատմությունն էր Ֆրանսիայի ու իր Աֆրիկյան գաղութների հետ, նույնը Բրիտանիայի գաղութների հետ էր: Մետրոպոլիան ահռելի գումարներ էր դնում ենթակառուցվածքների մեջ, բայց ծայրամասերը գնալով ավելի խնդրահարույց էին դառնում: Թալանն ու պորտաբուծությունը հասնում էր այն աստիճանի, որ էլ գաղութը պահելու իմաստ չկար:
Աշխարհը փոխվել էր: Հնարավոր չէր 20-րդ դարում կայսրությունը կառավարել նույն կանոններով, որով աշխատում էին 500 տարի առաջ: Մետրոպոլիայի «դաբռոն» վայելող ռաջերն ու մահարաջաներն այլևս պիտանի չէին, գլխավոր թալանչիները հենց իրենք էին: Բրիտանացիք դա հասկացան, Հնդկաստանի երկու կողմից արկեր դրեցին՝ ի դեմս Պակիստանի ու Բանգլադեշի, ու դուրս եկան այդ տարածաշրջանից՝ չունենալով վերադարձի որևէ ամբիցիա:
Հնդկաստանը նրանք փոխարինեցին Կիպրոսով, Ջիբրալթարով, Վիրջինյան Կղզիներով և այլ օֆշորներով: Նրանք փոխեցին կառվարման կոնցեպտը: Ոչ թե Լոնդոնն էր մահարաջային փայ տալիս գաղութը վերահսկողության տակ պահելու համար, այլ մահարաջան էր Լոնդոնին փայ տալիս սեփական գումարների անվտանգության և այլ ծառայությունների համար:
Հիմա գուցե գտնվեն մարդիկ, որ կպնդեն, որ Բրիտանիան երբեք էլ չէր պլանավորում հավերժ տիրել Հնդկաստանին, ես էլ ահագին փաստարկ կբերեմ, ըստ որոնց 1757-ին հենց հավերժ տիրելու նպատակով էլ մտնում էին: Կայսր Ալեքսանդրն էլ, եթե ձև ունենար Փարիզը պահելու, կպահեր...
Դիսկուրսի խաթր էլ ավելի գռեհկացնեմ ու ավելի սադրիչ սարքեմ թեզս․ ներկայիս Ֆրանսիայի բանակի մարտական միավորումները չեն գերազանցում 40000-ը: Խոսքը ոչ թէ 300 հազարանոց ընդհանուր բանակի մասին է, այլ բուն զինվորների։ Նրանց մասին, ովքեր պիտի որ կռվողը լինեն: Ընդ որում, սրանք մեր իմացած կռվող տղերքը չեն, այլ բավականին բարձր աշխատավարձով աշխատող, խաղաղ կյանքին շատ սովոր մարդիկ: Գերմանիայինը սրանից երեք անգամ փոքր է: Մինչդեռ ռուսական բանակը (ուկրաինականի հետ մեկտեղ) ներկա պահին աշխարհի ամենա մարտունակ բանակն է և իր շարքերում ունի 3 միլիոն մարդ, որի կեսը զենք ա բռնում, այսինքն կռվող է ու հենց հիմա շատերը կռվում են:
Կովկասյան ուղղության վրա կա թուրքական բանակը, որը զենքի տակ կանգնած ունի 3 անգամ ավելի շատ զորք, քան Գերմանիան ու Ֆրանսիան իրար հետ վերցրած, ու մի տաս էդքան էլ կարող է զենքի տակ կանգնեցնել, մինչդեռ եվրոպացիք, մեղմ ասած, չեն շտապում հանուն իրենց պետությունների զոհվել: Էլ չասեմ, որ ողջ Եվրոպայում հազիվ են զսպում պրոռուսական ընդդիմադիրներին, որոնք ամենուր առնվազն երկրորդ տեղերով են գնում, մինչև իրենց չեն բանտարկում: Հիմա զուտ մաթեմատիկորեն․ Մոսկվան ավելի շուտ կմտնի Փարի՞զ, թե՞՝ Շուշի...
Ես ոչ Փարիզին եմ հավատում, ոչ էլ Շուշիին: Ես տեսնում եմ տնտեսական թվեր և կառավարման գերհնացած ու անարդյունավետ մոդել: 2025 թիվն ա մարդիկ մինչև հիմա հույսները կիսագրագետ մահարաջաների վրա են դնում... Ընդ որում, հաշվի առնելով տնտեսական ցուցանիշները, ՊԱՏՄԱԿԱՆ զուգահեռը չի կարելի բացառել, որ մի նոր Բելովեժյան համաձայնագիր կկնքվի, բայց արդեն ՌԴ առաջատար նահանգապետերը կորոշեն ազատվել դոտացիոն ռեգիոններից, որոնք դաշնության 70%-ն են կազմում: Հողերը տան, հանգիստ ապրեն... մեր պես:
Ես հիշում եմ՝ ոնց էր այն ժամանակ Ելցինը պնդում, որ բոլորը կարող են վերցնել այնքան սուվերենություն, որքան կարող են մարսել, վստահ լինելով, որ մեկ ա բոլորը ստիպված են լինելու Մոսկվայի ձեռքին նայել, Մոսկվան էլ կպահի բոլորին իր օրբիտայում, բայց շատ ավելի էժան գնով, քան Սովետի օրոք: Նույն կերպ Նիկոլին էին փրկում, վերալեգիտիմացնում, ու հարմար ընդդիմությամբ սնուցում այն հույսով և նույնիսկ վստահությամբ, որ մեկ ա Նիկոլը իրենցից կախված է մնալու, բայց արդեն շատ ավելի էժան գնով: Ո՞ւր հասան... առասպելական միջուկային կնոպկի՞ն: Մի հատ Ալիևի հարց չեն կարում լուծեն, բայց «Օրեշնիկով» Լոնդոն են խփելո՞ւ... եսիմ...
Հ.Գ. ինչ վերաբերվում է փլուզման պահին Սովետի տնտեսության թվացյալ հզորությանը, ընդամենը մի պատմական օրինակ բերեմ: Երբ 1772 թվականին Լոնդոնի բորսայում ճգնաժամ սկսվեց, դա բոլորի համար մեծ անակնկալ էր: Ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ Բրիտանական կայսրությունն իր տնտեսական գագաթնակետում կարող է վճարունակության խնդիր ունենալ, որ մեծն Իսահակ Նյուտոնի ստեղծած ֆինանսական համակարգը կարող է տապալվել: Այս ֆինանսական ճգնաժամի արդյունքում ստեղծվեց ԱՄՆ-ն, իսկ Ֆրանսիայում սկսվեց այդ երկիրը կործանած հեղափոխությունը: Հետագա 170 տարիների ընթացքում աշխարհի բոլոր խոշոր պատերազմներն այս ճգնաժամի հետևանքով առաջացած տրանսֆորմացիաների արդյունք էին: Ոմանք արագ տրանսֆորմացվեցին ու շահեցին, իսկ մնացածը հետ մնացին... Նենց որ մեղավորը Շուշկևիչը չէր, ոչ էլ Գորբաչովը, ոչ էլ նույնիսկ Բրեժնևն ու Խրուշչովը... համակարգն էր տապալվել, սիստեմը կենսունակ չէր»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան