Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ոչ պակաս բարդ շրջափուլի մեկնարկ՝ նոր խաղի կանոններով»․ Արմեն Պետրոսյան

«Ոչ պակաս բարդ շրջափուլի մեկնարկ՝ նոր խաղի կանոններով»․ Արմեն Պետրոսյան
90
Այսօր, 16:30

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգտոնը ոչ միայն ամփոփում էր, այլև ոչ պակաս բարդ շրջափուլի մեկնարկ՝ նոր խաղի կանոններով
Շատ լավ հասկանալով և գնահատելով Վաշինգտոնյան գործընթացի քարոզչական և բովանդակային շերտերը (գործընթացի մասնակից երեք դերակատարների դեպքում էլ)՝ այնուամենայնիվ, պետք է ամրագրել․ տեղ գտած պայմանավորվածություններն Ադրբեջան-Հայաստան գործընթացում որքան որևէ շրջափուլի ամփոփում են, միաժամանակ շատ ավելի՝ գործընթացի շարունակություն որակապես նոր՝ արդեն քաղաքական հարթությունում՝ առանց ուժի սպառնալիքի կիրառման ադրբեջանական հայտնի գործիքի առժամանակ կիրառման հնարավորության և խաղի նոր կանոնների հիման վրա։
Ըստ այդմ․
1.Վաշինգտոնյան փաստաթղթերը բովանդակային, իրավական, քաղաքական, տնտեսական առումներով փոխարինում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրան համակցված եռակողմ ձևաչափին՝ կողմերի համար ֆիքսված հնարավորություններով և հետևանքներով հանդերձ։ Ի դեպ, Իլհամ Ալիևը, իրեն բնորոշ արևելյան առևտրականի շողոքորթությամբ, մինչև անցած տարեվերջ նույնպիսի շռայլախոսություն էր դրսևորում նաև Ռուսաստանի նախագահի հասցեին․․․
2.Հայկական կողմը պետք է կրկնապատկի ջանքերը խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ․ փաստաթղթի նախաստորագրումը ենթադրում է ընդամենն ամիսներ առաջ փոխհամաձայնեցված տեքստի հաստատում, առանց կողմերի համար իրավական հետևանքների ամրագրման։
3. Ապաշրջափակման հարցում պետք է հետևողականորեն առաջ մղել փոխադարձության սկզբունքը։
4. Խաղաղության ամրապնդման ճանապարհին պետք է անընդհատ օրակարգում պահել հումանիտար խնդիրների լուծումը՝ Ադրբեջանում պահվող/ազատազրկված հայ գերիների, անձանց վերադարձի հարցը։
5. Որևէ կերպ չպետք է հետաձգել սահմանազատման՝ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման հարցը։
6. Գործընթացի համար հավելյալ խնդիրներ չստեղծելու համար փոխադարձաբար պետք է հրաժարվել պաշտոնական և քարոզչական մակարդակում թշնամական հռետորաբանությունից։
7. Հայկական կողմը, Վաշինգտոնյան գործընթացի հիմքով, պետք է հետևողական լինի Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում առնվազն 2022թ․-ից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
8. Պետք է ակտիվ և շարունակական դիվանագիտական երկխոսություն ապահովել Հարավային Կովկասում տարաբնույթ շահեր ունեցող դերակատարների հետ(Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, ԵՄ/Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան և այլն)՝ գործընթացի վրա կանխատեսելի արտաքին ազդեցությունները հնարավորինս կառավարելու համար․․․
Եվ առհասարակ, թյուրքական երկու պետությունների հետ հարևանությունը ենթադրում է Հայաստանի կողմից հարաբերությունների հնարավորինս կառավարում։ Շարունակելի․․․
Հ․Գ․ Վաշինգտոնյան հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության տարածումից անմիջապես հետո հնչեցրածս գնահատականներում հիմնականում չէի սխալվել կողմերի ակնկալիքների մասով։ Մեկնաբանությունների հատվածում կտեղադրեմ նաև այդ հատվածը»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան