Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Սահմանադրական փոփոխությյամբ ՀՀ-ն կզրկվի իր պատմական տարածքների նկատմամբ հավակնությունից»․ Սարգիս Տեր-Եսայան

«Սահմանադրական փոփոխությյամբ ՀՀ-ն կզրկվի իր պատմական տարածքների նկատմամբ հավակնությունից»․ Սարգիս Տեր-Եսայան
106
Այսօր, 02:06

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Երբ «խաղաղության» գինը դառնում է հայրենիքը»
Մենք վաղուց գիտենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է դարձել մեր երկրի Սահմանադրության փոփոխությունը, և, որ այդ փոփոխությունը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով։ Հանրաքվեի անցկացումը, ըստ էության, արդեն որոշված է։ Չնայած այս պահին հստակ չէ՝ արդյոք այն կանցկացվի արտահերթ ԱԺ ընտրությունների հետ միաժամանակ, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ ղզլբաշները սեղմում են օղակը և պահանջում Սահմանադրության շուտափույթ փոփոխություն՝ դրանով իսկ մեր պետական համակարգը ենթարկելով արտաքին ճնշման։ Երբ որևէ թշնամական պետություն պայման է դնում, որ մենք պետք է փոխենք մեր Սահմանադրությունը, սա նշանակում է ոչ թե բանակցություն, այլ մեր ներքին գործերին ուղղակի և կոպիտ միջամտություն։ Դա ինքնիշխանության ոչնչացում է, պետական կամքի կաշկանդում, և ամենավտանգավորն այն է, որ դա կարող է օրինականացվել մեր իսկ ժողովրդի ձեռքով։
Հանրաքվեի անցկացումը այս պարագայում կստանա կրկնակի նշանակություն։ Այն այլևս չի լինի պարզապես խաղաղության իրավական ընթացակարգ Սահմանադրությունը փոփոխելու համար։ Այն կդառնա քաղաքական հանրաքվե խաղաղության պայմանագրի շուրջ։ Ժողովրդի «այո» կամ «ոչ» պատասխանը ոչ միայն որոշելու է, թե ինչպիսի Սահմանադրություն կունենանք վաղը, այլև՝ արդարացնելու է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս իշխանությունների կողմից կատարված յուրաքանչյուր ապազգային հայտարարություն և միջազգային փաստաթղթերի ստորագում, ինչպես նաև սահմանելու է մեր երկրի սահմաններն ու մեր ապագայի քաղաքական «մանկուրտաբարո» ուղղվածությունը։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալու գործող իշխանություններին ասել․ «Որոշումը կայացրել ենք ոչ թե մենք, այլ ժողովուրդը»։ Այսպիսով, պատասխանատվությունը իշխանությունը փոխանցելու է Հայ ազգին և խուսափել է իր վրա վերցնելուց այն հետևանքների բեռը, որոնք կարող են լինել անդառնալի։
Եթե հանրաքվեն ընդունվի, ապա Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները կարող են ունենալ երկարաժամկետ և անդառնալի հետևանքներ։ Դրանք կարող են բացել դռները տարածքային զիջումների, ազգային ինքնության թուլացման և պետականության հիմքերի քայքայման համար։ Մենք կարող ենք արթնանալ մի իրականության մեջ, որտեղ սեփական ձեռքով հրաժարվել ենք մեր պատմական հայրենիքի մասից, հրաժարվել ենք Արցախի նկատմամբ մեր իրավունքից, հրաժարվել ենք մեր ազգային շահերից և հազարամյա նպատակներից ու խրարուսել կոլաբորանտների յուրաքանչյուր հակապետական և ապազգային գործողություն: Սա չի լինի պարզապես քաղաքական փաստաթուղթ։ Դա կլինի մեր պատմության մեջ դավաճանության և հպատակության ակտ, որը կդակվի ոչ թե միայն թղթի վրա, այլ մեր հոգևոր և ազգային հիշողության մեջ։
Սահմանադրական փոփոխությունը կարող է դառնալ այն իրավական հիմքը, որով Հայաստանը կզրկվի իր պատմական տարածքների նկատմամբ որևէ հավակնությունից։
Զիջումների պայմաններում սահմանները կարող են դառնալ առավել խոցելի, իսկ արտաքին սպառնալիքները՝ ավելի իրատեսական։ Միջազգային հարթակներում մեր դեմ կօգտագործեն այն փաստարկը, որ «Հայ ժողովուրդն ինքն է համաձայնել»։ Հանրաքվեն կարող է խորացնել հասարակական բևեռացումը՝ հնձելով ազգային միասնության վերջին պաշարները և մենք կթողնենք մի ժառանգություն, որտեղ հաջորդ սերունդները կապրեն ոչ թե ազատ և ինքնիշխան հայրենիքում, այլ արտաքին կամքով գծված սահմանների ներսում։
Այս ամենը ոչ միայն իրավական գործընթաց է, այլ ազգային գոյության հարց։ Եթե այսօր այս հանրաքվեն անցնի, վաղը կարող է ուշ լինել հետ կանգնելու համար։ Պատմությունը չի ների այն սերնդին, որը սեփական ձեռքով կկնքի իր հայրենիքի կորուստը»: