Շաբաթ, 25 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական»․ Սուրեն Սուրենյանց

«Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
49
Այսօր, 23:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։
Զրույցի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Այս հաղորդագրության ամենաուշագրավ կողմը, սակայն, ոչ թե բուն զրույցն է, այլ այն, որ սա նույն առիթով Մակրոնի արդեն երրորդ շնորհավորանքն է։ Միջազգային քաղաքականության մեջ նման կրկնվող շեշտադրումները քաղաքական ուղերձներ են, ոչ թե սովորական դիվանագիտական քաղաքավարության դրսևորումներ։
Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահն այսպիսի հետևողականությամբ վերադառնում նույն շնորհավորանքին։
Առաջին վարկածն այն է, որ Փարիզը փորձում է արտաքին լեգիտիմության լրացուցիչ հենարան ապահովել գործող իշխանության համար։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վստահության լուրջ ճգնաժամ են հարուցել: Այս պայմաններում հերթական շնորհավորանքը կարող է ընկալվել որպես արտաքին աջակցության միջոցով ներքին լեգիտիմության ամրապնդման փորձ։
Երկրորդ վարկածն այն է, որ Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի ներքաղաքական գնահատականներից անկախ՝ իր ռազմավարական խաղադրույքը շարունակում է կատարել բացառապես գործող իշխանության վրա։ Կա, սակայն, նաև երրորդ՝ ավելի քաղաքական և հեգնական մեկնաբանություն։ Վերջին շրջանում գրեթե ամեն անգամ, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հերթական սահմանափակող քայլ է ձեռնարկում, Փարիզից հնչում են ինքնիշխանության մասին հայտարարություններ կամ Փաշինյանին ուղղված նոր շնորհավորանքներ։ Հուլիսի 24-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նոր սահմանափակումների մասին, որոնք ուժի մեջ են մտնում հուլիսի 27-ից։ Սա ռուսական տնտեսական ճնշումների շարունակությունն է, որն արդեն ներառել է մրգեր, բանջարեղեն, ձկնամթերք և այլ ապրանքներ։ Այս ֆոնին ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք Մակրոնը շարունակում է շնորհավորել ընտրական հաղթանակի համար, թե՞ ամեն անգամ «շնորհավորում» է Հայաստանի «ինքնիշխանության» հերթական «նվաճումը»՝ ռուսական նոր սահմանափակումների ֆոնին։
Մինչդեռ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց բիզնեսը տուժում է այդ սահմանափակումներից, շատ կոնկրետ աջակցության կարիք ունեն, քան հերթական «քաջալերական» տեքստերի։
Արտաքին լեգիտիմությունը չի լուծում ներքին տնտեսական և սոցիալական խնդիրները։ Ֆրանսիայի հետևողական աջակցությունն իրական աշխարհաքաղաքական մրցակցության արտահայտություն է՝ ուղղված Մոսկվայի ազդեցության նվազեցմանը։ Սակայն այդ «աջակցության» բացառապես հռետորաբանական բնույթը և կրկնվող շնորհավորանքները հնչում են անհամարժեք այն գնի նկատմամբ, որ վճարում է Հայաստանի հասարակությունը՝ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով:
Ի վերջո, սա պարզապես հերթական շնորհավորա՞նք է, գործող իշխանության լեգիտիմացման փո՞րձ, թե՞ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցության հերթական դրսևորում։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է ունենալ իր պատասխանը»։