«Եթե Կուտականի և Տրետուքի դպրոցները փակվեն, այդ գյուղերում մարդիկ այլևս ապրելու իմաստ չեն տեսնի». Նաիրի Հոխիկյան
56
Այսօր, 19:00
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղարքունիքի մարզպետը գլուխ է գովում, թե Կախակն գյուղում 144 տեղանոց կրթահամալիր են կառուցում, որը կսպասարկի երեք գյուղերի՝ Կախակնի, Կուտականի և Տրետուքի երեխաներին։ Իրականում դրական թվացող այսպիսի ծրագրերը խորքում առերևույթ կոռուպցիոն նպատակ ունեն և միաժամանակ ամբողջովին հայաթափելու են սահմանամերձ բանկավայրերը։ Հասարակ փաստ՝ Կուտականից ու Տրետուքից մինչև Կախակն առնվազն 16-17 կմ է, որը դպրոցականները պիտի անցնեն ավտոբուսով։ Հատկապես հեռավոր գյուղերում ապրողների համար ամեն օր այդքան ճանապարհ երկու անգամ գնալը ոչ միայն մեծ դժվարություն է, այլև հաճախ անլուծելի խնդիր։ Եթե նույնիսկ կառավարությունը ավտոբուս տրամադրի, պատկերացնում ե՞ք մանկահասակ՝ 6-7 տարեկան երեխաներին ամեն օր, հատկապես ձմռանը ծնողները միայնակ նստեցնեն ավտոբուս և ուղարկեն 16կմ հեռու գյուղ։ Այդ տարիքի երեխաներին 1-ին, 2-րդ դասարաններում ծնողներն են դպրոց տանում, բերում։ Ստացվում է, ծնողները երեխաների հետ պիտի գնան այլ գյուղի դպրոց, սպասեն մի քանի ժամ, որ հետո միասին վերադառնան։ Մարզպետարանը գուցե արդարանա, թե Կուտականից դեպի Կախակն այլ, կարճ ճանապարհ կա։ Բայց կանխեմ նման արդարացումը՝ նշելով, որ այդ հնարավոր ճանապարհը, որը հողային ու կիսաքանդ վիճակում է, լավագույն դեպքում կարող է ռազմական մեքենաների համար ծառայել, անցնում է թշնամու ուղիղ նշանառության տակով, քանի որ 2022-ին իշխանության թեթև ձեռքով Կուտականի հարակից բարձունքների մի մասը հանձնվեց թշնամուն։ Ասեմ ավելին, եթե Կուտականի և Տրետուքի դպրոցները փակվեն, այդ երկու գյուղերում մարդիկ այլևս ապրելու իմաստ չեն տեսնի, մի քանի ամսվա ընթացքում գյուղերը կդատարկվեն։ Ի՞նչ իմաստ կա ապրելու մի բնակավայրում, որտեղ աշխատանք չկա, եղած արոտավայրերը տվել են թշնամուն կամ թշնամու կրակի տակ են, գյուղը մշտապես թշնամու նշանառության տակ է, երեխաների կյանքը վտանգված է, գումարած գյուղի դպրոցն էլ փակում են։ Ո՞վ կապրի այդպիսի գյուղում։ Կգնան, ասենք, Աբովյանի կամ Հրազդանի գյուղերում կապրեն, իրենց երեխաները ապահով կլինեն, դպրոցն էլ՝ կողքին։ Ու ոչ ոքի չես կարող մեղադրել, երբ հեռանում են։ Կառավարությունը պիտի ստեղծի նպաստավոր պայմաններ, որ մարդիկ ցանկանան ու կարողանան ապրել սահմանամերձ ու սահմանապահ գյուղերում, ոչ թե փակի դպրոցներն ու աշխատատեղերը՝ խրախուսելով արտագաղթը։ Հարևան ու թշնամի Ադրբեջանում եթե սահմանամերձ գյուղում 10 երեխա էլ կա, անպայման դպրոց են կառուցում, ժամանցի ու մշակույթի կենտրոններ են հիմնում, աշխատատեղեր ստեղծում, որ մարդիկ ցանկանան ապրել այնտեղ, ուժեղացնեն սահմանամերձ բնակավայրերը, քանի որ միայն այդպես է սահմանը ուժեղ։ Հայաստանում հակառակ պատկերն է։ Կառավարությունը հետևողականորեն քանդում է սահմանամերձ բնակավայրերը՝ փակելով դպրոցներն ու աշխատատեղերը, դժվարացնելով մարդկանց կյանքի պայմանները, իսկ տուն կառուցելու համար տրվող այսպես կոչված արտոնյալ վարկերը իսկական պատուհաս են դարձնում մարդկանց համար։ Հետևաբար, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին խորհուրդ կտամ քիչ գլուխ գովել 1 դպրոց կառուցելու և 2 դպրոց քանդելու աշխատանքով։ Միևնույն է, 2026-ի հունիսի 7-ից հետո չեղարկվելու են բոլոր այդ դավաճանական ծրագրերը, և Կուտականում ու Տրետուքում կշարունակեն գործել դպրոցները»։