«ԵԱՀԿ Մինսկի խմբի մերժումն ուղերձ է, որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը»․ ՀՅԴ
![]() 100 Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ., 17:00 ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման վերաբերյալ․ «Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։ Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որը վերջնական տեսքի էր բերվել 2025թ․ մարտին և հրապարակվել օգոստոսի 11-ին, սակայն մինչ այժմ չի ստորագրվել Ադրբեջանի՝ մշտապես աճող պահանջների պատճառով, ներառյալ՝ Հայաստանին Սահմանադրությունը փոխելու հարկադրանքը։ Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետևանքով այն, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է անվավեր։ Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանին անընդհատ զիջելու քաղաքականությունը՝ պայմանավորված իշխանությունը պահպանելու ցանկությամբ, չի ծառայում հայոց պետության և ազգային շահերին և լուրջ հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ 2021թ․ իշխանության գալով՝ այս կառավարությունը խոստացել էր տարբեր ուղի, Ազգային ժողովին ներկայացնելով մի ծրագիր, որն այժմ իրականացվողի ճիշտ հակառակն էր։ Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումը» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրեց Արցախի էթնիկ զտում՝ 120,000 հայերի վտարելով իրենց հայրենի հողերից՝ շրջափակման, պաշարման և խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման միջոցով։ Այս գործողությունները, որոնք լայնորեն փաստագրված և հաստատված են, համաձայն միջազգային իրավունքի, համարվում են հանցագործություններ։ 1992թ․ ԵԱՀ(Խ)Կ Մինսկի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը՝ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, մինչ օրս մնում է չլուծված։ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների պատերազմներն ու շարունակվող ցեղասպանական քայլերը ստիպեցին ավելի քան 150,000 հայերի լքել իրենց բնակավայրերը, բայց չվերացրին խնդիրը։ Ընդհակառակը, Արցախի ժողովուրդը շարունակում է զրկված մնալ իր ամենտարրական իրավունքներից։ ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքն է, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Ոչ պակաս հրատապ է նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործում, այն մարմնավորած սկզբունքը՝ իսկական բազմակողմանիություն և միջազգային միջնորդություն, մնում է անփոխարինելի։ Այժմ դրա մերժումը վտանգավոր ուղերձ է՝ որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը։ Նման նախադեպը միայն կխթանի բռնության նոր հոլովույթներ և կխարխլի խաղաղության ու անվտանգության հիմքերը։ «Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել էր Վաշինգթոնի օգոստոսի 8-ի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Այն պահանջում է ճշմարտություն, արդարություն և հաշտեցում։ Զոհերը պետք է լսվեն, տառապանքը պետք է ճանաչվի, իսկ արդարությունը պետք է ապահովվի։ Ուստի մենք ԵԱՀԿ-ին և միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում շարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրական առաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։ Միայն հետևողական, անաչառ և սկզբունքային ներգրավվածությամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը և հնարավոր դարձնել իրական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում»։ Աղբյուրը` ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ |

«Անկլավների փոխանակությունը հավելյալ բարդություններ է ստեղծելու». Թաթուլ Հակոբյան
15721:18
«Սպասենք, թե երբ իշխանություններն «OC Media» ցանցին կանվանեն КГБ-ի գործակալներ». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
13819:54
Նոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում
20319:10
«ՀՀ հակառուս և իշխանամետ շրջանակների համար կարևոր է Բայրամովի թեզերը «ջնջել հակառուսական» քարոզչությամբ». Արա Պողոսյան
16719:00
Փարիզի դատարանը բավարարել է Սարկոզիին բանտից ազատելու միջնորդությունը
25817:25
«Ո՞ւր է իրականում առաջարկում վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը». Մարիա Կարապետյան
29917:24
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 22 հարց
12217:12
«Ուզում ա Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհաքաղաքական շահերի փեչերում». Արման Եղոյան
22117:00
