«Անցումային անհատական լիցենզիան տեղին, բայց թերի կարգավորում է»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին փոփոխություններով առողջապահության ոլորտում նախատեսվում է հնարավորություն տալ կլինիկական օրդինատորներին ստանալու անհատական անցումային լիցենզիա, որի հիման վրա նրանք կարող են իրականացնել սահմանափակ բժշկական գործունեություն։ Այս նախաձեռնությունը որոշ առումով ուշացած է, քանի որ տևական ժամանակ է կլինիկական օրդինատորների աշխատանքային գործունեությունը բժշկական կենտրոններում, շտապ օգնության ծառայության միջակայքում կանոնակարգված չէ: Որևէ մեկի համար գաղտնիք կամ նորություն չէ, որ կապված կադրային պակասի հետ կլինիկական օրդինատորները ներկայում հերթապահում են, բժշկական խորհրդատվություն, միջամտություններ են իրականացնում, չնայած չունեն դրա իրավունքը:
Անհատական անցումային լիցենզիայի ներդրումը նպատակ ունի ստեղծել իրավական և գործնական հնարավորություն՝ երիտասարդ մասնագետներին աստիճանաբար ներգրավելու բժշկական պրակտիկայում՝ առանց լիարժեք լիցենզիայի։
Սույն կարգավորումը արձագանք է մասնագիտական կադրերի պակասին և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը՝ հատկապես շուրջօրյա հերթապահությունների մասով, մյուս կողմից՝ փորձ է ապահովելու կրթական գործընթացի և իրական աշխատանքի միջև անցումային փուլ։
Կարգավորման դրական կողմերը
Նոր մոտեցումը կարելի է համարել ժամանակին և նպատակային՝ մի քանի պատճառներով.
• այն նպաստում է երիտասարդ բժիշկների մասնագիտական ինքնուրույնության ձևավորմանը,
• թույլ է տալիս օրդինատորներին աշխատել իրական կլինիկական միջավայրում և ձեռք բերել գործնական հմտություններ,
• թեթևացնում է բժշկական հաստատությունների կադրային բեռը, հատկապես շտապ օգնության ծառայության մեջ, մարզերում։
• կարող է նպաստել բժշկական կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով ուսուցման և պրակտիկայի շարունակական կապը:
Այս առումով անհատական լիցենզիան համարում եմ որպես կրթական և պրակտիկ կամուրջ՝ ուսանողության և մասնագիտական աշխատանքի միջև։
Թերություններն ու ռիսկերը
Չնայած դրական նպատակներին՝ կարգավորումը ներկայումս ունի մի շարք բացեր.
• Դեռևս հստակ չեն ձևակերպվել մենթորական և վերահսկողական մեխանիզմները,
• Բացակայում է հստակեցում, թե ով է կրելու մասնագիտական և իրավական պատասխանատվությունը,
• Առկա է հիվանդների անվտանգության և բժշկական սխալների կառավարման ռիսկ, եթե վերահսկողությունը լինի թույլ կամ ձևական։
Այս ռիսկերը վկայում են, որ կարգավորումը պետք է դիտվի որպես փորձնական և խիստ վերահսկվող մեխանիզմ։
Կլինիկական օրդինատորի իրավական կարգավիճակը ՀՀ օրենսդրությամբ
ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, ինչպես նաև կառավարության որոշումներով սահմանվում են բուժաշխատողների երեք հիմնական խմբեր՝ ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ։
Ավագ բուժաշխատողներ՝ ունեն բարձրագույն բժշկական կրթություն և պետական լիցենզիա։
Միջին բուժաշխատողներ՝ բժշկական քոլեջների շրջանավարտներ՝ բուժքույրեր, լաբորանտներ, ֆելդշերներ և այլն։
Կրտսեր բուժաշխատողներ՝ օժանդակ անձնակազմ՝ սանիտարներ, կարգավորիչներ և այլ աջակցող աշխատակիցներ։
Կլինիկական օրդինատորը ներկայումս որևէ խմբում ուղղակիորեն ներառված չէ․ նա գտնվում է բժիշկ-մասնագետի ձևավորման փուլում, ունի բարձրագույն բժշկական կրթություն, սակայն դեռևս չունի հետբուհական մասնագիտական կրթություն, ՇՄԶ հավաստագիր և գտնվում է այսպես ասած մասնագիտական վերապատրաստման փուլում։
Նոր կարգավորման համաձայն՝ կլինիկական օրդինատորին կարող է տրամադրվել անհատական անցումային լիցենզիա, որը նրան հնարավորություն է տալիս սահմանափակ ինքնուրույնությամբ իրականացնել բժշկական գործունեություն՝ միայն լիցենզավորված բժշկական կազմակերպության կազմում և վերահսկողության ներքո։
Այսպիսով՝ անհատական լիցենզիայի ստացումից հետո կլինիկական օրդինատորը իրավաբանորեն անցում է կատարում «ավագ բուժաշխատողի» կարգավիճակին, սակայն՝ սահմանափակ լիազորություններով, վերահսկվող գործունեությամբ և հստակ սահմանված պատասխանատվության շրջանակով։
ՀՀ առողջապահության նախարարություն , առաջարկում եմ օրենքի մակարդակում ամրագրել կլինկիական օրդինատորի իրավական կարգավիճակը՝ վերոնշյալ բուժաշխատողների 3կարգավիճակին ավելացնելով 4-րդը :
Անցումային լիցենզիայի առկայության դեպքում կլինիկական օրդինատորը դառնում է բժիշկ՝ անցումային իրավական կարգավիճակով, մինչև լիարժեք մասնագիտական լիցենզիայի ստացումը։
Քննադատական դիտարկումներ
Կարգավորումը կարող է աշխատել արդյունավետ միայն այն դեպքում, եթե ապահովվեն հետևյալ պայմանները.
• Հաստատվի հստակ սուպերվիզիայի և մենթորության համակարգ,
• Օրդինատորի պատասխանատվությունը և իրավասությունները սահմանվեն իրավական ակտով՝ յուրաքանչյուր հիմնական բժշկական մասնագիտության մասուվ ,
• Գործի դրվի կլինիկական աուդիտի մեխանիզմ,
• Անցումային լիցենզիան գործի հստակ չափանիշներով։
Առաջարկություններ
Կարգավորման կատարելագործման համար նպատակահարմար է՝
1. Սահմանել վերահսկողության և պատասխանատվության հստակ շղթա,
2. Ներդնել կլինիկական սուպերվիզիայի համակարգ,
3. Ապահովել հիվանդների անվտանգության երաշխիքներ,
4. Գործընթացը դարձնել թափանցիկ և հաշվետու՝ կրթական հաստատությունների և մասնագիտական ասոցիացիաների մասնակցությամբ։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , ՀՀ կառավարություն Կլինիկական օրդինատորների անհատական անցումային լիցենզավորման նախաձեռնությունը կարելի է գնահատել որպես ժամանակին և անհրաժեշտ քայլ՝ առողջապահական համակարգի կայունացման և մասնագետների պատրաստման գործընթացում։ Սակայն դրա արդյունավետությունն ու վստահելիությունը կախված են բացառապես այն բանից, թե ինչպես կկազմակերպվի վերահսկողությունը, իրավական հստակությունը և հիվանդների անվտանգության ապահովումը։
Այս մոտեցումը կարող է դառնալ առողջապահության համակարգի զարգացման նոր փուլ՝ եթե չդառնա ձևական լուծում, այլ՝ հստակ կառուցված և վերահսկվող պրոֆեսիոնալ մոդել։
Հ.Գ. Հարգելի ԵՊԲՀԸ-ի ուսանողներ, իրարկե, համարձակ քայլերը խրախուսելի են, եթե բոլար մնացած ճանապարհները սպառված են: Այս դեպքում ավելի արդյունավետ կլինի կառուցողական տիրույթում ներկայացնել ձեր մտահոգությունները, դատարան գնալ միշտ էլ կհասցնեք:
Հ.Գ. Հ.Գ.Ըստ իրավական կարգավորումների անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է հանձնել կենտրոնացված քննություն երկու փուլով՝ թեստավորման (թեստային փուլ) և գործնական հմտությունների (կարողությունների) սիմուլիացիոն պայմաններում գնահատման (գործնական փուլ): Քննությունները կազմակերպվելու են ըստ հիմնական մասնագիտությունների: Ինչ վերաբերվում է առաջին բուժօգնության և էթիկայի հարցաշարերի ոչ տեղին լինելուն, ապա աներկբա է, որ ցանկացած բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձ այն պետք է տիրապետի»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100207.09.2026, 09:24