«Խաղաղությունը վերածել է ընտրական գործիքի»․ Սուրեն Սուրենյանց
161
Այսօր, 13:12
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի ընտրական շանտաժը Հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում բյուջետային քննարկումների մեկնարկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ…»: Առերևույթ՝ սա խաղաղության կոչ է։ Իրականում՝ մաքուր քաղաքական մանիպուլյացիա և ընտրական շանտաժ։ Փաշինյանը հասարակությանը փորձում է համոզել, թե խաղաղությունն ընտրությամբ ձեռք բերվող արժեք է։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է․ ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չկա, ․Հայաստանի շրջափակումը շարունակվում է, ․ ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվում, ․ TRIPP-ի և սահմանազատման հարցերում կողմերի դիրքորոշումները մնում են արմատապես տարբեր։ Այս պայմաններում խոսել խաղաղության մասին՝ որպես արդեն ձեռք բերված արդյունք, պարզապես ինքնախաբեություն է, իսկ քաղաքական առումով՝ ընտրական շանտաժ․ «եթե մեզ չընտրեք՝ կգլորվենք դեպի պատերազմ»։ Եթե Փաշինյանի վստահության աղբյուրը Թրամփի «վկա» լինելն է, ապա այդ հույսը ոչ միայն ռիսկային է, այլև՝ խոցելի։ Թրամփի հիմնական ուշադրությունն այժմ ուղղված է Մերձավոր Արևելք, որտեղ նրա խաղադրույքներն անհամեմատ մեծ են, քան Կովկասում։ Ավելին, նույնիսկ հենց Մերձավոր Արևելքում Թրամփի խաղաղության պլանը վտանգված է՝ Իսրայելի կոշտ դիրքորոշման պատճառով։ Այս պայմաններում ակնկալել, թե «վկա» Թրամփը կարող է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը, պարզապես քաղաքական միամտություն է։ Ավելին, Վաշինգտոնի առաջնահերթ գործընկերը Կովկասում հենց Ադրբեջանն է, և այդ հանգամանքը Փաշինյանի «թրամփյան խաղաղության» ցանկացած հույս դարձնում է պատրանքային։ Եվ վերջապես՝ չմոռանանք Փաշինյանի զինակից, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերջին «խոստովանությունը»: Սասուն Միքայելյանի խոստովանությունը («մարդ ա, պահի տակ ասել ա») փաստացի ընդունում է, որ իշխանությունը գործում է ոչ թե ռազմավարությամբ, այլ՝ իրավիճակային ռեակցիաներով։ Նման առաջնորդությունը չի կարող բերել կայունություն, որովհետև խաղաղությունն առաջին հերթին կանխատեսելիության և ինստիտուցիոնալ կայունության արդյունք է, ոչ թե հուզական որոշումների։ Ըստ այդմ, ամփոփենք Փաշինյանի վերջին հայտարարությունը խաղաղության մասին ոչ թե հույս է ներշնչում, այլ՝ վախի մեջ է պահում հասարակությանը։ Նա խաղաղությունը վերածել է ընտրական գործիքի՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։ Սակայն իրական խաղաղությունը չի կարող պատկանել մեկ կուսակցության կամ մեկ մարդու։ Այն պատկանում է ժողովրդին՝ որպես պետականության, ինքնիշխանության հիմք։ Խաղաղությանը տեր կանգնել նշանակում է՝ ․ տեր կանգնել ինստիտուցիոնալ պետությանը, ․ օրենքի գերակայությանը, ․ իսկապես անկախ արտաքին քաղաքականությանը։ Այս բոլոր առաքելությունները Փաշինյանը տապալել է: Խաղաղությունը կառուցվում է՝ պատասխանատվությամբ, ոչ թե վախով»։