«Փաշինյանն առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթաց․ հանցակից մի՛ դարձեք նրան»․ Արա Զոհրաբյան
191
Երեկ, 21:06
Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է քաղաքացիներին՝ կից գրառմամբ․ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․ 3. կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․ 4. հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև: Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի: Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է: Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին: Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը: Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ինչ է նշանակում, եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդիր չի՞: Այս ինչ երկակի ստանդարտ է: ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ: Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ են, բայց երկուսը ցույց կտամ՝ 1. նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․ 2. նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ: Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին: Կատարեք ձեր ընտրությունը»: