«Թալան, բռնաբարում, վարկաբեկում. թող ներկայացնի գոնե մեկ ապացույց»․ Սամվել Բաբայան
136
Այսօր, 10:30
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենաանկեղծը Միքայել Մինասյանի գրառումն էր, որով նա գերճիշտ «ախտորոշեց» Ռուբեն Վարդանյանի կյանքն ու գործը։ Հանրությունը Ռուբեն Վարդանյանին սկսեց ակտիվորեն քննարկել այն պահից, երբ նա տեղափոխվեց Արցախ։ Նրա անվան շուրջ հերթական աղմուկը բարձրացավ ադրբեջանական մեդիայում վերջերս հայտնված տեսանյութից հետո։ Այս աղմուկի մեջ, սակայն, ամենաանկեղծը Միքայել Մինասյանի գրառումն էր, որով նա գերճիշտ «ախտորոշեց» Ռուբեն Վարդանյանի կյանքն ու գործը․ Ռ․ Վարդանյանի շարժիչ ուժը երբեք պետությունը չի եղել՝ ո՛չ անվտանգությունը, ո՛չ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, ո՛չ ազգային ռազմավարությունը։ Նրան առաջնորդել է պատմության մեջ մնալու մոլուցքն ու ժողովրդի սիրո փնտրտուքը։ Ռ․ Վարդանյանն, այոˊ, պատմության մեջ մտնելու խնդիր ուներ, ոչ թե պատմություն կերտելու։ Բայց Արցախն այն վայրը չէր, որտեղ կարելի էր սեփական կենսագրությունը փրկագնել հանրային զգացմունքներով։ Արցախում արդեն կար պատմություն՝ արյամբ գրված և կյանքերով պաշտպանված։ Եվ այնտեղ սեր չէին փնտրում։ Այնտեղ գոյության համար էին կռվում։ Երբ խնդիրը մի ամբողջ ժողովրդի, երկրի ու պետականության լինել-չլինելն է, վերջին բանը, որ կարող է հետաքրքրել առաջնորդին, սերն է։ 90-ականներին հաղթանակը և պետականությունը նվաճվել է ոչ թե սիրո հաշվարկով, այլ սառնասրտորեն։ Որովհետև միակ հաշվարկը պատմությունն էր, ոչ թե այնտեղ տեղ գտնելը։ Այս պարզ ճշմարտությունները բարձրաձայնելը Մ․ Մինասյանը փորձում է ներկայացնել որպես հալածանք Ռ․ Վարդանյանի հանդեպ։ Սակայն եթե ուշադիր ուսումնասիրեք իմ հրապարակային մեկնաբանությունները, կտեսնեք պարզ մի բան․ ես նրան չեմ վիրավորել, ընդհակառակը՝ փորձել եմ պաշտպանել այն չափազանցված, գրեթե մեսիական սպասումներից, որոնք ձևավորվել էին նրա շուրջը։ Ես ընդամենն ասում եմ, որ նա քաղաքական պրոցեսների մարդ չէ։ Նա պետք է աներ այն, ինչն իր մոտ լավ էր ստացվում՝ բիզնես։ Նա այդ գործում իսկապես հմուտ էր։ Այնքան հմուտ, որ կարողանում էր դրամահավաքը ներկայացնել որպես բարեգործություն։ Ասում են՝ մեծ բարերար է։ Խոսենք փաստերով։ Ցույց տվեք մեկ դպրոց, մեկ մանկապարտեզ, մեկ հիվանդանոց կամ մեկ ենթակառուցվածք, որ կառուցվել է ոչ թե Ռ․ Վարդանյանի կազմակերպած դրամահավաքի, այլ հենց նրա սեփական միջոցներով։ Չկա՞։ Ուրեմն՝ դադարեք փուչիկ փչել։ Իսկ նախաձեռնությունները, որ վերագրվում են նրան, բիզնես-պրոյեկտներ են և ընդամենը շահույթ են հետապնդում։ Այո՛, նա միջազգային լրատվամիջոցներով բարձրաձայնեց Արցախի ծանր իրավիճակը։ Բայց քաղաքականությունը մեդիաակտիվությամբ չի չափվում։ Այլ՝ արդյունքով։ Իսկ ի՞նչ ստացավ Արցախը դրա արդյունքում։ Պատասխանը հայտնի է բոլորիս․․․ Եվ պատահական չէ, որ հենց այս փուլում Մ․ Մինասյանը փորձում է Ռ․ Վարդանյանին դարձնել «նախավկա»։ Սա հուզական ժեստ չէ։ Սա սառը հաշվարկով իրականացվող քաղաքական տեխնոլոգիա է։ Եվ եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ինքն իրեն Քրիստոսի հետ համեմատել։ Մ․ Մինասյանը տարիներ շարունակ քաղաքական դաշտում վերադասավորում է դերերը, ֆինանսավորում մեդիան, որոշում՝ ում վարկաբեկել և ում սրբացնել։ Նրա քարոզչական մեքենայի շնորհիվ քաղաքական ուժերը մեկ գիշերում ռուսամետից դառնում են արևմտամետ, և՝ հակառակը։ Քաղաքական դաշտը վերահսկողության տակ պահելով՝ նա, գիտակցաբար կամ ոչ, ապահովագրում է Ն. Փաշինյանի իշխանության վերարտադրությունը նույն կերպ, ինչպես ժամանակին ֆինանսավորում էր խմբագիր Ն. Փաշինյանի գործունեությունը։ Ի վերջո, քաղաքական գործիչ Ն. Փաշինյանն էլ նույն ճանապարհով է գնում՝ պատմության ու ժողովրդի սիրո որոնմամբ, նույն նարատիվով, նույն պոպուլիզմով։ Սցենարը նույնն է, դերակատարները՝ տարբեր։ Եվ վերջում՝ եթե Մ. Մինասյանն իրեն իսկապես համարում է ինտելեկտուալ էլիտա, ապա այլևս ժամանակն է խոսքերից անցնել փաստերի։ Թալան։ Բռնաբարում։ Վարկաբեկում։ Թող ներկայացնի գոնե մեկ ապացույց։ Ո՛չ մեկնաբանություն, ո՛չ ենթադրություն, այլ՝ փաստ։ Քաղաքականության մեջ լեգենդները աշխատում են մինչև այն պահը, երբ պետք է փաստեր ներկայացնել»։