Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան

«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան
114
Այսօր, 14:00

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ.
Նոր տարին, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց ՀՀ վարչապետի կողմից հակաեկեղեցական հռետորաբանության նոր «եռանդով»։ Ըստ գործող իշխանության հղած ուղերձների՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ոչ թե սոցիալական հրատապ հարցերի լուծումն է, տնտեսական կյանքի վերականգնումը կամ պաշտպանունակության ամրապնդումը, այլ Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգումը»։
Այս ծաղրի նմանվող գործընթացն իրականում երկարաժամկետ և խորքային բացասական հետևանքներ է թողնելու՝ թե՛ հասարակության ներսում նոր բաժանարար գծերի ձևավորման, թե՛ պետություն-եկեղեցի հարաբերությունների խաթարման առումով։ Սակայն դա, կարծես, օրվա իշխանությանը չի հետաքրքրում։ Նրանք շարունակաբար պտտվում են Մայր Աթոռի շուրջ՝ բարձր աղմուկ բարձրացնելով և հարմար պահ որոնելով՝ հերթական հարվածը հասցնելու համար։ Համեմատությունը գուցե կոշտ է, սակայն իշխանության ընտրած քաղաքական վարքագիծն ինքնին է նման ասոցիացիա առաջ բերում։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հարևան Իրանում իրավիճակը կրկին մտնում է վտանգավոր փուլ, Հայաստանում աղքատության ցուցանիշները շարունակում են աճել, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու նպատակով։
Արդյո՞ք սա անմեղսունակություն է։ Այլ ողջամիտ բացատրություն դժվար է գտնել։ Հատկապես եթե հիշենք, որ նույն այս իշխանության օրոք, երբ հասարակության մտահոգ հատվածները բարձրաձայնում էին Արցախի շուրջ զարգացող վտանգների մասին, իշխանության առաջին դեմքը զբաղված էր այդ ահազանգերը հերքելով, դրանց հեղինակներին մեղադրելով, լեռներ մագլցելով ու այնտեղից ԱՄՆ-ին ու Իրանին խաղաղության կոչեր հղելով, կամ անիմաստ հանրահավաքներ կազմակերպելով։ Այդ քաղաքական թեթևամտության կործանարար հետևանքներն այսօր արդեն բոլորին են հայտնի։
Եվ այժմ մենք կրկին նույն փակ շրջապտույտի ականատեսն ենք։ Երբ կառուցել չի ստացվում, ամբողջ թիմով անցնում են քանդելուն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն եկեղեցուն։ Օրինակ՝ իշխող կուսակցության պաշտոնական սոցիալական էջերում արհեստական բանականությամբ պատրաստված ծաղրական տեսանյութեր են տարածվում քաղաքական մրցակիցների հասցեին։ Տրամաբանական է չէ՞, թե ով է նաև դրա պատվիրատուն։ Սա խոսում է ոչ միայն պետական կամ հանրային միջոցների վատնման, այլև տարրական բարոյականության լիակատար բացակայության մասին։
Հատկանշական է նաև Սամվել Կարապետյանի օրինակը․ երբ հարաբերությունները իշխանության հետ լավ էին, նա ներկայացվում էր որպես «ազգային բարերար»։ Այսօր նա արդեն «ռուսաստանցի գործարար» է՝ հատուկ ընդգծված, բացասական երանգով արտասանվող ձևակերպմամբ։ Արժեհամակարգային նման արագ փոխակերպումները հստակ ցույց են տալիս՝ խոսքը սկզբունքների մասին չէ։ Խոսքը կամքի բացակայության, դիմագծի իսպառ կորստի մասին է, երբ հանուն անձնական շահի պատրաստ են ուրանալ ամեն ինչ՝ ձեզ, մեզ, հայրենիքը։ Եվ դա, ցավոք, արդեն մեկ անգամ արել են։
Հետևաբար, օրակարգը չի փոխվել։ Փոխվել է միայն տարին։ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրականում արժանի չեն նման ղեկավարության և նման վերաբերմունքի։ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդություն և արժանապատիվ իշխանություն։ 2026 թվականը պետք է դառնա այդ փոփոխության շրջադարձային տարին։ Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և ժողովուրդը կթելադրի իր կամքը»։

Աղբյուրը`   Տիգրան Դումիկյան