«Անհնար է այսքան բան անել ու ներվել»․ Սևակ Հակոբյան
98
Այսօր, 00:54
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նիկոլի ավելացրած սգո օրերը․ «Կարճ ասած» Տարին սկսում է հիշատակի օրով․ 2023 թվականի հունվարի19-ին 15 զինվոր զոհվեց, ինչը խաղաղ պայմաններում մեր բանակի ամենաողբերգական օրն էր․ դա էլ էր իշխանության մեղքով․ մեր զորանոցները հանձնել էր թշնամուն, պատշաճ զորանոցներ չէր կառուցել, ու զինվորը քնում էր խրճիթում։ Պաշտպանության նախարարն իր համար մեկից ավելի տուն էր գնել, բայց զինվորը մնալու տեղ չուներ։ Նիկոլն առաջին օրը հենց նշանակեց հիմնական վարկածը, մեղադրեց բենզինով վառարանը վառելու համար, այլ վարկած չքննեցին, ու 3 տարի գործը դոփում է տեղում։ Գլխավոր հարցի պատասխանը չկա՝ ինչո՞ւ է հայ զինվորը պահվել նման պայմաններում։ Հունվարի 27-ը կարող էր սահմանվել հիշատակի օր․ բայց 2023թ․ այդ օրը անգամ սուգ չհայտարարվեց։ Հիշատակի օր կարող էր սահմանվել մայիսի 12-ը, երբ թշնամին ներխուժեց Հայաստան ու տիրացավ ավելի քան 40 քառակուսի կիլոմետրի, այդ թվում՝ Սև լճին, Վարդենիսի ոսկու հանքի մի մասին։ Հիշատակի օր կարելի էր սամանել սեպտեմբերի 12-ը, երբ թշնամին ներխուժեց Ջերմուկի հատվածից, ունեցանք տարածքային հսկայական կորուստներ, 224 զոհ։ Հիշատակի օր կարելի էր հայտարարել սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ ամեն օր, որովհետև ամեն օր սրանք ասել են հաղթում ենք ու կոտորածի են տարել։ Հիշատակի օր կարելի էր սահմանել նոյեմբերի 9-ը՝ հայտնի փաստաթղթի օրը։ Կարելի էր հոկտեմբերի 9-ը ևս սամանել հիշատակի օր․ այդ օրը Փաշինյանը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու առաջարկից, ու այդ օրից ի վեր ունեցանք հազարավոր զոհեր։ Հիշատակի օր կարելի էր սահմանել հոկտեմբերի 6-ը, երբ Նիկոլը Պրահայում ստորագրեց Արցախը հանձնելու թղթի տակ։ Ինչպես որ ունենք Շուշիի ազատագրման օր, այնպես էլ պետք էր հիշատակի օր սահմանել Շուշիի անկման օրը։ Հիշատակի օր կարելի է ընդունել օգոստոսի 25-ը, երբ Փաշինյանը հանձնեց Բերձորն ու Աղավնոն։ Հիշատակի օր կարելի էր սահմանել դեկտեմբերի 18-ը, երբ հայկական զորքը դուրս բերվեց Սյունիքում դիրքերից, և թշնամին ունեցավ առաջխաղացում։ Հիշատակի օր կարելի էր սահմանել սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա հարձակվեց Ադրբեջանը, սկսվեց էթնիկ զտումը։ Երկիրը, որտեղ 5 հազար տարի հայ էր ապրել, մեկ շաբաթում դատարկվեց, և ուրեմն այդ մեկ շաբաթվա յուրաքանչյուր օր կարելի էր սահմանել սգո օր։ Եթե ուզում եք իմանալ, սգո օր պետք է հայտարարել մայիսի 8-ը․ դա այն օրն է, երբ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ։ Հիշատակի օր կարելի է սահմանել նաև հունիսի 20-ը․ դա այն օրն է, երբ նա վերընտրվեց, ապա ունեցանք ավելի շատ կորուստներ, քան մինչ այդ էր։ Այս բոլոր օրերը Նիկոլը թողեց մի կողմ և զոհվածների հիշատակլի օր սահմանեց հունվարի 27-ը, այն բացառիկ օրերից է, որ Նիկոլի օրոք կորուստ չենք ունեցել․ դա էլ դարձավ հիշատակի օր։ Բայց արձանագրենք, որ սրանք պատճառով մեզ համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք օրերի իմաստն է կորել։ Վաղը հունվարի 28-ն է, բանակի օրը․ առաջ գնում էինք Եռաբլուր, հարգելու էն բոլորին, ովքեր նահատակվեցին և նրանց սխրանքներով հետ բերեցինք Արցախը։ Հիմա գնում ենք գլուխներս կախ, որովհետև սա ջուրը նետեց նաև առաջին պատերազմում զոհերի սխրանքը, իսկ Եռաբլուրը եռապատկեց զուտ նրա համար, որ իրեն չասեն դավաճան։ Առաջ Եռաբլուրից հետո գնում էինք շքերթի, միջոցառումների, հետո պարգևատրում էր։ Հիմա գնում ես Եռաբլուր, ու ուրիշ տեղ չկա գնալու։ Մայիսի 9-ը հաղթանակի օր էր, Նիկոլը նսեմացրեց այդ օրը։ Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, սրանք նսեմացնում են՝ բազմիցս խախտելով, իսկ վերջում էլ՝ Ալիևի հրամանով փոխելով Սահմանադրությունը․ սեպտեմբերի 21-ը կորցնում է իր խորհուրդը, քանի որ Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից սրանք վաղուց ոչինչ չեն թողել։ Իսկ մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության հռչակման օրը, սպառնում են չեզոքացնել թուրքերի հետ բարեկամական հուշարձաններով։ Սա, բնականաբար, չի մոռացվելու ու չի ներվելու․ անհնար է այսքան բան անել ու ներվել։ Հիմա ուղղակի ժամանակավոր սառեցվել է ու հետաձգվել պատիժը»։