«Մեր պայքարը չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա»․ Բագրատ Սրբազան
95
Այսօր, 10:24
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․ «ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ Սիրելինե՛ր, Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին՝ զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել: Այսօրվա լեզվով, փաստորեն, Ղևոնդյանք «քաղաքականությամբ են զբաղվել»: Այո՛, այս հիշատակությունը բանտարկված, աքսորված և նահատակված հոգևորականության մասին է, ովքեր չդավաճանեցին ո՛չ իրենց հավատքը, ո՛չ կենսագրությունը և ո՛չ էլ համակերպվեցին Հայրենիքի և Հավատքի կորստի հետ և չասացին. «մենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք»: Այս օրը փաստացի 21-րդ դարում Հայաստանում հալածվող եկեղեցու տոնն է և «բանտարկված հոգևորականության» տոնը՝ նույն Ղևոնդյանց օրինակով: Շնորհավորում եմ նաև Մուշե, Արշեն, Քաջաջ, Աբրահամ, Խորեն, Ղևոնդ, Հովսեփ, Սահակ, Խաչիկ, Սամուել անուններով անձանց: Թող Աստված օրհնի բոլորիդ: Այսօր Վարդանանց Սուրբ նահատակների, մեր ներշնչումների, ոգևորության պատգամի, նվիրումի և հավատարմության հիշեցումն է և մեր մեծ հերոս սուրբերի բարեխոսությունը հայցելու հնարավորությունն ու առիթը՝ իրենց հետ նույնանալու միջոցը: Իրականում ի՞նչն էր իրականությունը. թշնամին պահանջում էր՝ Ա. Եկեղեցու ազատությունը ճնշել՝ հարված ինքնությանը Բ. Վանքերը, որտեղ կրթություն, գիտություն, մշակույթ էր զարգանում՝ փակել: Փաստացի՝ կրթական համակարգը ձևախեղել Գ. Հարկերը ծանրացնել Դ. Նախարարներին կաշառել և թշնամացնել Ե. Հազարապետը փոխարինել թշնամու դրածոյով, գլխավոր դատավորն էլ՝ մոգպետով: Այսինքն՝ ենթարկեցնել դատական համակարգը, ժողովրդին ծանրաբեռնել հարկերով, խեղաթյուրել կրթական համակարգը, հարված հասցնել ինքնությանը և ատելության ու թշնամանքի սերմանումով գրավել քաղաքական համակարգը՝ սեփական դրածոյի ներդրմամբ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր կյանքում՝ հալածվող եկեղեցի, ստրկացած դատական համակարգ, տնտեսական բեռի և պարտքի տակ կքած ժողովուրդ, խեղված կրթամշակութային համակարգ, թշնամուց գրավված քաղաքական համակարգ՝ զուգորդված հասարակական լայն թշնամանքով, ատելությամբ և պառակտումով: Այդ պատճառով էլ Վարդանանք այսօր փորձվում են ներկայացվել որպես «ռոմանտիկ ահաբեկիչներ», իսկ Վասակ Սյունին՝ որպես մեծ դիվանագետ: Ինչպես ասվում է՝ նմանը նմանին և գտնում... Փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, Վասակի դավաճանությունը ներկայացնել որպես «մեծագույն դիվանագիտություն», ով պատրաստ էր ամեն ինչ զիջել՝ ինքնություն, տարածքներ, գիտակցություն և այլն: Փաստորեն «իրական Հայաստան»... Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը՝ ծաղրանք: Իրականում Վարդանանց պայքարը չավարտվեց Ավարայրի հերոսապատումով, այլ սկսեց: Այն 33 տարվա պայքարից հետո ավարտվեց Հաղթանակով (կնքվեց Նվարսակի պայմանագիրը)... Մեր պայքարն էլ չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա: Եվ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետև ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց և այնպես էլ մեր պարագային, մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խորը գիտակցությամբ, «Ավետյաց Երկրի» և Հոգևոր Հայաստանի տեսիլքով, որում մեզ չի ընկճի ո՛չ շղթան, ո՛չ կապանքներ, ո՛չ զնդան և ոչ այլ ինչ հարվածք... Եվ այո՛, Հաղթանակն այլընտրանք չունի... «Վասն Հավատքի և վասն Հայրենյաց»»։