Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ստեղծագործության անունը ոչ մի պատճառաբանությամբ չի՛ կարելի կտրել ստեղծագործությունից». Հրաչ Մարտիրոսյան

«Ստեղծագործության անունը ոչ մի պատճառաբանությամբ չի՛ կարելի կտրել ստեղծագործությունից». Հրաչ Մարտիրոսյան
84
Այսօր, 19:48

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «•Արա Գևորգյանի էդ «հըրա՛շալի» երաժշտությունն անուն ունի՝ «Արցախ»։
• «Արցա՛խ» ա էդ անունը. նախ՝ «Ա», հետո՝ «ր», ապա՝ «ց», դրանից հետո՝ մի հատ էլ «ա», և վերջում՝ «խ»։
• Մի հատ էլ ասեք՝ «Արցա՛խ». հետո էլի՛ կրկնեք՝ «Արցա՛խ»։
Հիշո՞ւմ եք Հերոստրատ անվամբ չարագործին։ Որ հանուն փառքի կործանեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Ու չնայած օրենքով արգելվեց հիշել չարագործի անունը (damnatio memoriae), էդ անունը չմոռացվեց, մնաց ու դարեդար հասավ մեզ։
Ուրեմն՝ եթե նույնիսկ մի հրեշավոր չարագործի անունը չի ջնջվում, ո՞նց եք մոռացության տալու մեր հայրենիքի անքակտելի մասի՝ Արցախի անունը։ Մի ամբողջ երկրի, որտեղ մեր հայրենակիցները հազարամյակներով ապրել են, հող են մշակել, հաց են թխել, օրորոցայիններ, հորովել, հարսանեկան երգեր ու ողբեր են երգել ու պարել են, թշնամիների հետ են կռվել, Վարդավառ են արել, խնջլոզ են բերել ձորերից, թութ են թափ տվել, վանքեր, մատուռներ, բերդեր ու կամուրջներ են սարքել ու դրանց վրա դրոշմել են մեր հավիտենական լեզվի ու քաղաքակրթության դրոշմը... Հիմա՝ էդ ամենը չի եղե՞լ, միրա՞ժ էր, որ ցնդեց, գնաց...
Ու առհասարակ, ստեղծագործության անունը ոչ մի պատճառաբանությամբ չի՛ կարելի կտրել ստեղծագործությունից։ Հնչում ա էդ երաժշտությունը, ուրեմն պիտի անունն էլ տրվի՝ «Արցախ»։ Դա լռության մատնելն անթույլատրելի ա ու սրիկայություն ա։ Առավել ևս հրեշավոր ա, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում ա կործանված հայրենիքի գոնե անվան հիշողության տարրական իրավունքին։
Անբարոյականությունը ներառում ա նախ և հիմնականում միջազգային կազմակերպիչների՝ օլիմպիական կոմիտեի որոշումը՝ մեր երդվյալ թշնամու անտրամաբանական ու ղախպական բողոքին տեղի տալը։
Արցախը հայերիս հայրենիքի անքակտելի մասն ա, անկախ նրանից, թե ո՛ր շրջանում ո՛ր թշնամու տիրապետություն ա համարվել։ Նրա անունը իրավունք չունի իջնելու միջազգային քաղաքական, դիվանագիտական, գիտական ասպարեզներից ու առավել ևս ջնջվելու մեր սրտի «դավթըր»-ներից։ Ու մեր արցախցի հայրենակիցների հայրենամորթության ցավը պետք ա ամեն կերպ ամոքենք՝ Հայաստանում նրանց ու նրանց մշակույթը հարազատ հոգածությամբ շրջապատելով ու նրանց՝ հայրենիքում ապրելու զգացողություն ներշնչելով։ Մեր բոլորի հայրենիքը հավիտենական Հայաստանն ա»:

Աղբյուրը`   Հրաչ Մարտիրոսյան