Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ». Սուրեն Սուրենյանց

«Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ». Սուրեն Սուրենյանց
63
Երեկ, 23:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնության շուրջ, առավելապես ներքին քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում են՝ իրական պատասխանատվությունը քողարկելու և ռազմավարական ձախողումները այլ ուղղությամբ տեղափոխելու նպատակով։
Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով (Նախիջևանից հետո), չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Մինչդեռ TRIPP-ի քաղաքական ճարտարապետությունը ի սկզբանե չի ենթադրել Հայաստանի ներգրավում (Նախիջևանից հետո)։ Եթե Թուրքիան կառուցում է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին՝ բացահայտորեն շրջանցելով Հայաստանը, ապա ակնհայտ է, որ ռազմավարական որոշումը կայացվել է Վաշինգտոն- Անկարա-Բաքու առանցքում, ոչ թե Մոսկվայում։
Այս համատեքստում Ռուսաստանը վերածվում է հարմար արտաքին գործոնի, որի վրա հնարավոր է բարդել սեփական բանակցային անարդյունավետության պատասխանատվությունը։ Իրականում TRIPP-ը իր ներկայիս ձևաչափով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում, և սա Հայաստանի իշխանության քաղաքական ու դիվանագիտական ձախողման հետևանք է։
Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ռուսական կողմը իրականացնում է միայն հավատարմագրային՝ կոնցեսիոն կառավարում, որը որևէ կերպ համարժեք չի սուվերեն վերահսկման։ Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, երբ խոշոր ենթակառուցվածքային կամ տրանսպորտային նախագիծը մերժվի բացառապես այն պատճառով, որ տվյալ ենթակառուցվածքը կառավարվում է երրորդ երկրի ընկերության կողմից։ Եթե այդ գործոնը իսկապես վճռորոշ լիներ, ապա աշխարհում տասնյակ միջպետական երթուղիներ պարզապես չէին գործի։
Հետևաբար, ռուսական կառավարման հանգամանքը չի կարող դիտարկվել որպես իրական «ծանրակշիռ» պատճառ։ Այն առավելագույնը հետադարձ արդարացում է՝ արդեն իսկ ընդունված քաղաքական որոշման համար։
Փաշինյանի այն առաջարկը, ըստ որի «մի բարեկամ երկիր կարող է Ռուսաստանից գնել երկաթուղու կառավարման իրավունքը», քաղաքական ազդակ է՝ ուղղված թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին դերակատարներին։ Այդ ձևակերպմամբ փորձ է արվում Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը ներկայացնել որպես տնտեսական անհրաժեշտություն՝ խուսափելով դրա քաղաքական բաղադրիչի քննարկումից։
Իրականում խոսքը վերաբերում է ոչ թե երկաթուղուն, այլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը։ Եվ այս համատեքստում շատ ավելի ազնիվ ու քաղաքականապես հասուն կլիներ, եթե իշխանությունը ուղիղ հայտարարեր, որ նպատակ ունի երկիրը դուրս բերել ռուսական ուղեծրից՝ ընդունելով այդ որոշման բոլոր ռիսկերը, հետևանքները և պատասխանատվությունը։
TRIPP-ի շուրջ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չեն առաջարկում Հայաստանի ապաշրջափակման իրատեսական մոդել և չեն ձևավորում ենթակառուցվածքային երկարաժամկետ ռազմավարություն։ Դրանք առավելապես ծառայում են ներքին քաղաքական նպատակների՝ դիվանագիտական ձախողումները արտաքին գործոնների վրա բարդելու և ռազմավարական շրջադարձը ներկայացնելու որպես տեխնիկական գործընթաց։ Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային նախագծերի օբյեկտ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտ»: