ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասկանալու համար, թե ինչպես է իշխանությունը չարաշահում վարչական ռեսուրսը և բյուջեի միջոցներն ընտրակաշառք բաժանելու համար, կարևոր է հասկանալ 1 ժամանակը, 2. թիրախավորման խմբերը, 3. դրա օգտագործումը նախընտրական քարոզչական նպատակով: Իշխանությունն իր քարոզարշավը մեկնարկել է ընտրություններից արդեն երեք-չորս ամիս առաջ, այս ընթացքում թիրախավորել է իր համար ընտրազանգված համարվող առնվազն երեք խոշոր խումբ՝ 1. թոշակառուներին՝ բարձրացնելով թոշակները, 2. գյուղացիներին՝ խոստանալով 0% տոկոս տոկոսադրույքով վարկեր, 3. գործարարներին՝ մեղմացնելով հարկերից խուսափելու համար բիզնեսների դեմ քրեական գործեր հարուցելու մոտեցումը և տրամադրելով հարկային արտոնություններ: Այս բոլոր միջոցառումները իշխանությունը դարձրել է ակտիվ քարոզչական միջոց՝ առավոտից երեկո մտցնելով մարդկանց աչքը: Միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և IFES միջազգային հիմնադրամը իրենց փաստաթղթերում հստակ նշում են, որ՝ պետական ռեսուրսների օգտագործումը ընտրություններին ազդեցություն ունենալու համար դիտարկվում է որպես ընտրակաշառք և բյուջետային ծախսերի՝ ընտրական նպատակներով օգտագործում: Ըստ այդմ իշխանության կողմից հայտարարված սոցիալական քաղաքականությունը գնահատվում է որպես քողարկված ընտրակաշառք: Եվ Հայաստանի իշխանության դեպքում ակնհայտ է, որ այդ բարեփոխումները արվում են ձայնի դիմաց, որովհետև մինչև այդ չէին պատրաստվում բարձրացնել թոշակները, գյուղացիները ճռում էին վարկային բեռի տակ, իսկ գործարարների նկատմամբ իրականացվում էր հարկային և պետական ռեկետ: Ավելացնեմ նաև, որ վերջին մեկ տարին ՔՊ նախընտրական թեզերի քարոզչական համակարգված աշխատանքով զբաղվել է նաև վարչապետի նախկին տիկին «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» շարժումը, որին մասնակցում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով խոսքս ուղղված է իշխանությանը. Ընդդիմության կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հիստերիկ հայտարարություններ անելուց առաջ հիշեք, որ դուք էլ եք զբաղված դրանով՝ չարաշահելով վարչական ռեսուրսը: Դիմում եմ ընդդիմությանը. Մի սպասեք, որ իշխանությունը և «քպացված» ՀԿ-երը փաստեր կփաստաթղթավորեն հետագայում ձեզ ընտրապայքարում վարկաբեկելու, ընտրապայքարից դուրս թողնելու կամ իշխանության համար անցանկալի ընտրական ելքերի դեպքում ընտրության արդյունքները վիճարկելու համար: Դուք էլ գրագետ փաստաթղթավորվեք»: