Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Բարձրացվելու է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը». Արա Զոհրաբյան

«Բարձրացվելու է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը». Արա Զոհրաբյան
106
Այսօր, 13:54

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացվելու է:
Այս դատավորներն իմ կարծիքով ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածում նշված արարքն են կատարել: Ըստ այդ հոդվածի շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը՝ պատժվում է նաև ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:
Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների: Ըստ այդ նորմերի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, ինչպես նաև պետությունը՝ չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին:
Պետությունը, ոչ իր գործադիր և ոչ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:
Դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը Հոգևոր Հովվի պաշտոնում:
Եկեղեցական կանոնների համաձայն կարգալույծ եղած հոգևորականի հետ աղոթակից լինելը հոգևորականի համար կարգալույծ լինելու հիմք է:
Այս դատավորների իրավական պատասխանատվության հարցը պարզ է, բայց արդյոք այս անձինք չեն վախենում հոգևոր պատասխանատվությունից:
Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնո՞ւմ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու: Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության:
Դատավորներն իրենց չվերաբերող ոլորտի վերաբերյալ կայացրել են այնպիսի որոշումներ որոնք անհնարին է կատարել: Եթե դատավորները որոշեն, որ այսուհետ արևը պետք է արևմուտքից ծագի, ապա այդ որոշումն անհնարին է լինելու կատարել»:

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան