Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«28 միլիոն դրամի «գողություն»՝ Երևանի մանկապարտեզներում․ տնօրենը, հաշվապահը, պահակը՝ մեղադրյալի աթոռին»․ Լիա Սարգսյան

«28 միլիոն դրամի «գողություն»՝ Երևանի մանկապարտեզներում․ տնօրենը, հաշվապահը, պահակը՝ մեղադրյալի աթոռին»․ Լիա Սարգսյան
113
Այսօր, 21:48

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շուրջ 28 միլիոն դրամի «գողություն»՝ Երևանի մանկապարտեզներում․ տնօրենը, հաշվապահը, պահակը՝ մեղադրյալի աթոռին
Որեւէ մեկը գեթ մեկ օր կալանավայրում չի անցկացրել»։

««Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները, այդ թվում՝ տնօրենը, հաշվապահը, պահակը մեղադրվում են պետական հաստատություններից միլիոնավոր դրամների յուրացման մեջ, սակայն որեւէ մեկը գեթ մեկ օր կալանավայրում չի անցկացրել։ Քրեական վարույթի շրջանակում առանցքային դերակատարում ունի Երևանի հ. 141 մսուր-մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանն, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացրելու մեջ։ Ըստ վարույթի՝ նա ձևականորեն աշխատանքի է ընդունել իր դստերը և մի շարք այլ անձանց, որոնք փաստացի չեն աշխատել կամ չեն կատարել իրենց հաստիքային պարտականությունները, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ է կատարել՝ ցույց տալով, թե նրանք ամբողջությամբ աշխատել են, ինչի հիման վրա հաշվարկվել և փոխանցվել են աշխատավարձեր, արձակուրդային և այլ վճարներ։ Լուսինե Մատինյանի անվան հետ է կապվում նաեւ «Երևանի թիվ 72 մանկապարտեզ»-ում «պայթած» կոռուպցիոն սկանդալը։

«Երևանի թիվ 72 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվապահ Նաիրա Հարությունյանը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ ՀՀ տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 11 միլիոն դրամ գումար։ «Իշխանության» տեղեկություններով՝ քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև նույն մանկապարտեզի պահակի՝ Միքաել Զաքարյանի նկատմամբ։ Վերջինիս օժանդակել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի հ. 141 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Մատինյանին՝ համայնքային միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 9 միլիոն դրամ յուրացնելու և շուրջ 400 հազար դրամ վատնելու հարցում։

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նարեկ Զաքարյանին, ով օժանդակել է նույն մանկապարտեզի տնօրենին՝ տեղեկատվություն և միջոց տրամադրելու եղանակով, խոշոր չափերով՝ շուրջ 800 հազար դրամ յուրացնելու գործընթացում։ Նախաքննությունը շարունակվում է։

Հենց այսպիսի տեսք ունի ընտրովի արդարադատությունը՝ պետական աշխատողները տասնյակ միլիոնավոր դրամների յուրացման մեջ են մեղադրվում, սակայն ազատության մեջ են, մինչդեռ ՔՊ-ականներին մի թթու խոսք ասած անձինք ամիսներով անցկացնում են կալանավայրերում»,- գրել է Սարգսյանը։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան