«Դեռ ուժի մեջ է 229 դպրոցների փակման գործընթացը»․ Ազգային կրթության խորհուրդ
114
Այսօր, 20:00
Ազգային կրթության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամփոփելով «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» աշխատաժողովի արդյունքները՝ արձանագրում ենք․ 1․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից «Հայաստանի Հանրապետության կրթության որակյալ ծառայությունների ապահովման ծրագրի» քողի տակ նախատեսվող թվով 229 հանրակրթական դպրոցների փակման գործընթացի հետևանքներն ուղղակի սպառնալիք են պետության անվտանգությանը, քանի որ այն հանգեցնելու է․ Ա․ Կրթության ոլորտում՝ հանրապետական ցանցի համակարգային քանդման, Բ․ Ժողովրդագրական ոլորտում՝ գյուղերի դատարկման և «մահվան», Գ․ Տարաբնակեցման ոլորտում՝ համակարգի կենսունակության փլուզման, Դ․ Սոցիալ-տնտեսական ոլորտում՝ տեղական տնտեսությունների ոչնչացման, Ե․Անվտանգության ոլորտում՝ սահմանների խոցելիության և ֆիզիկական անվտանգության բարձրացման, և այս ամենով հանդերձ պետականության գոյատևման սպառնալիքի։ 2․ Անհրաժեշտ է ձևավորել դիմադրության հանրային լայն ճակատ, որպեսզի չեղարկվի պետականակործան այս ծրագիրը, որի համար անհրաժեշտ է․ Ա․ Ծրագրի կործանարար հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել մարզերում՝ հանրային քննարկումների միջոցով․ Բ․ Փակվող դպրոցների աշխատակազմի, ծնողների և գյուղաբնակների ինքնակազմակերպմամբ ձևավորել սեփական շահերի պաշտպանության տեղական կենտրոններ, Գ․ Հասարակական ազգային կառույցների ներկայացուցիչներից ձևավորել մասնագիտական հանձնաժողով՝ գործընթացի հետևանքների առավել մանրակրկիտ ուսումնասիրության և հանրությանը ներկայացնելու համար, Դ․ ՀՀ օրենքի սահմաններում իրականացնել հանրային լայն ճնշում, Ե․ Համապատասխան որոշումները չեղարկելու համար ապահովել դատաիրավական գործընթացի մեկնարկ։ 3․ Կոնկրետ աշխատաժողովին ՀՀ ԿԳՄՍՆ-ի անսպասելի արագ արձագանքի վերաբերյալ․ Ա․ Շղարշող եզրույթներն ու բառախաղերը չեն փոխում իրականությունը։ Ինչպես էլ ձևակերպվի երևույթը, «Ազգային կրթության խորհրդը» վերահաստատում է, որ այս պահին դեռ ուժի մեջ է հանրապետության թվով 229 հանրակրթական դպրոցներում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացի դադարեցման որոշումը, այսինքն՝ դպրոցների փակման գործընթացը։ Ավելին, այն ապահովելու քայլերն արդեն իրականացվում են, և թիրախ խմբերը՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ ու գյուղաբնակներ, արդեն ներգրավված են գործընթացում։ Բ․ Ցավով ենք արձանագրում, որ նույնիսկ ԿԳՄՍՆ-ում չեն կարող ընկալել և տարբերակել իրականությունը բառախաղային ձևակերպումներից։ Իսկ, եթե ընկալում և տարբերակում են, ապա նրանց գործունեությունը կարելի է բնութագրել հասարակությանը մոլորեցնելու դիտավորյալ քայլ։ Գ. «Ազգային կրթության խորհուրդը» պատրաստ է ԿԳՄՍՆ ցանկացած պատասխանատուի հետ, ցանկացած ձևաչափով և հարթակով, ցանկացած տիպի՝ գիտական, մասնագիտական ու հանրային բաց բանավեճի։ «Ազգային կրթության խորհուրդ» 21․02․2026»։