«Այս իշխանությունն ինչ հանցանք էլ անի, իրավապահ համակարգն անտարբեր է»․ Սևակ Հակոբյան
85
Այսօր, 11:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մի քանի քաղաքացի, ում մեքենաները Երևանի քաղաքապետի բոյի փոսերում ջարդվել են, դժգոհում էին, որ ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում։ Նրանց բոլորին կապեցի իրար, տվեցի փաստաբանի համար ու կոչ արեցի խմբային հայցով մտնել դատարան, քաղաքապետարանից պահանջել փոխհատուցում։ Ի վերջո, քաղաքապետարանը պետք է կրի այս անպատասխանատու կառավարման ամբողջ հետևանքները։ Փաշինյանը կառավարության նիստերում կարդում է այն փողոցների անունները, որտեղ ասֆալտ են փռել․ հիմա առաջարկում եմ կառավարության նիստում հերթով կարդալ էն բոլոր ճանապարհների անունները, որոնք քանդվել են ընդամենը 6 ամիս կամ մի տարի դիմանալով․ դա էլ ժամեր կտևի։ Երբեմն տեսնում ենք, որ քաղաքապետարանի պաշտոնյաները տուգանում են, խլում են փողոցում կանաչի վաճառող տատիների ապրանք․ 20 կապ կանաչի է ծախում, որ 500 դրամ աշխատի մեջը, որովհետև թոշակը չի հերիքում․ այ դա խլում են․ բայց մի քանի միլիոն դոլարանոց ասֆալտի պրավալի դեպքում վերահսկողություն չկա։ Ավինյանն ասում է՝ Երևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք։ Լավ եք անում, բայց էդ 200 հազար քառակուսի մետր փոսը ինչի՞ է առաջացել, 6 ամիս դիմացող, 1 տարի դիմացող, անգամ 2 տարի ընդամենը դիմացող ասֆալտի մեջ կոռուպցիա կա՞, թե չկա։ Էն որ ԱԱԾ-ն ու քննչականը դիմակներով մտնում են օֆիս խուզարկելու, թե բա՝ կասկածում ենք, կարող ա հարկերն եք թաքցրել 12 մլն դրամ, բա 200 հազար քառակուսի մետր փոսալցում անելու համար մի երկու միլիոն դոլարից ավելի փող է պետք, բա քննչականը, դատախազությունը, ԱԱԾ-ն չե՞ն ուզում լցվել քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչու է էդքան անորակ ասֆալտ արվում։ Չի կարող ամբողջ քաղաքի փողոցները քանդվեն, ու դատախազությունը հիմք համարի Ավինյանի ասածը, թե՝ աղ ու ավազից է։ Դատախազն ասում է՝ սուտ են ասում, թե ես 9 մլն դրամ պարգևավճար եմ ստացել, ես ընդամենը 2 մլն դրամ եմ ստացել․ իբր քիչ է․ բա դա՞ ինչի ես ստացել, որ միլիարդ ծախսեն, անորակ ասֆալտ անեն, հետո ասեն մեղավորը աղն է՝ հավատա՞ս։ Բանն այն է, ժողովուրդ ջան, որ այս իշխանությունը ու նրա առանձին անդամներ ինչ հանցանք էլ անեն, մեկ է՝ անտարբեր է քննչական, իրավապահ համակարգը։ Այ սա հենց զանգովի արդարադատության, ամեն ինչ մեկ անձի ու ամեն ինչ իշխանության ձեռքին կենտրոնացնելու արդյունքն է։ Օրինակ ընդամենը մի քանի օր առաջ գնդերեցներից մեկը պատմում էր, որ ՊՆ-ում՝ նախարարի մակարդակով, իրենց ճնշել են, որ կաթողիկոսի դեմ գործեն։ Կոնկրետ մեղադրանք է եղել, անուններով․ ի՞նչ է արել դատախազությունը։ Հլը թող որևէ մեկ հիմնարկից ասեին մեզ ճնշել են, որ Նիկոլին դեմ լինենք, ինչ կաներ նույն դատախազությունը։ Ում ճնշեն, ում կծեծեն, ում կսպանեն, ինչ պրավալ կտան, ոչ մի բանի ուշադիր չեն, անցնում-գնում է։ Ոչ մեկը պատասխան չի տալիս ոչ մի ձախողման համար։ Ով ինչ ձախողեց՝ շարունակում ա հանգիստ պաշտոնավարել, կարծես էդպես պետք է լիներ։ Ասֆալտը սրանց իբր բարեփոխումներից մեկն էր, պրավալ են տվել՝ անհետևանք։ Բայց բազմաթիվ են էդպիսի այսպես կոչված «բարեփոխումները»։ 4 տարի է՝ այս իշխանությունը զինվորի նոր համազգեստ է կարում․ մի քանի անգամ ժամկետ է փոխել, գումարներ են ծախսել, տենդերներ են հայտարարել ու պրավալ տվել, մի հատ քրեական գործ կա՞ թե ինչու դա չի ստացվում։ Խոստումը հնչել է, փողերը ծախսել են բյուջեից, ո՞ւր է դատախզությունը։ Բոլորս ծաղրում ենք այսպես կոչված տոպրակների բարեփոխումը․ մեր երկրում օրենքով, պաշտոնապես 2022 թվականի հունվարի 1-ից արգելված են տոպրակները։ Փողեր են ծախսել, օրենք են պատրաստել, բյուջե են մսխել դրա համար, ու չի աշխատել․ ո՞ւր է դատախազությունը։ Արդյունքը եղել է այն, որ անվճար տոպրակները դարձան վճարովի։ Որևէ վերահսկողական մարմին, քննչական մարմին, դատախազությունը գնա՞ց հետևներից՝ հասկանալու, թե ինչու են պրավալ տվել։ Սիգարետի բարեփոխում էին անում, ընկան մարդկանց, բիզնեսի հետևից, տուգանում էին տարբեր վայրերում, չաշխատեց էդ օրենքը, կիսատ-պպռատ վիճակում է, քննչական մարմինները գնացի՞ն հետևներից՝ հասկանալու, թե ինչու էդ բարեփոխումն էլ պրավալ տվեցին։ Էնպես չէ, որ հայտարարես բարեփոխում, հետո ասես՝ վայ, չստացվեց, կրկին կփորձեմ․ բա պետական ռեսուրս եք ծախսել, բյուջեի փող եք ծախսել, այսինքն՝ փոշիացրել։ 8 տարի է՝ մետրո են սարքում, միլիոններ են ծախսել, բայց հլը բան չեն սարքել․ դատախազությունը, հակակոռուպցիոնը հետաքրքրվելու բան չունի՞։ Խոստանում էին տնկել 10 մլն ծառ, նախապատրաստում էին։ 10 մլն ամենաէժան ու անորակ ծառերը տընկելու համար՝ մոտ 10 մլն դոլար է պետք․ ենթադրում եմ՝ անորակ բան չէին տնկի․ հիմա սրանք խոստացել են, նախապատրաստվել են, եկել հասել է ժամանակը՝ չեն տնկել, դատախազությունը գնացե՞լ է հետևներից, տեսնենք՝ դա նորմալ է, թե չէ, փողերը կերել են, թե չեն էլ ծախսել։ Սրանք իբր պայքարում էին կազինոների դեմ, բայց այս պահին արդեն կազինոների խաղադրույքները ՀՀ պետական բյուջեից մի քանի անգամ մեծ է, քննչականները, հակակոռուպցիոնը անելիք չունե՞ն, տեսնեն բա էդ ինչ խողովակով է, էդ ոնց է լինում, որ 300 մլրդ դրամից դառնում է 7 տրիլիոն։ Կոռուպցիա կա՞ էդ ամենում, թե չկա։ Չէ՞ որ դրա դեմ պայքարում են, ու աճում է։ Երբ սրանք իբր ջրամբարներ են խոստանում սարքել 15 հատ, հետո կեսից դադարեցնում են, դատախազությունը կամ քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն անելիք ունե՞ն, թե չունեն։ Երբ պետական պարտքը սրանք 7,5 մլրդ դոլարով ավելացնում են, ու մենք չեք տեսնում արդյունք, բա մի հատ չիմանա՞նք ինչ եղավ․ ո՞նց կարող է պարտքը կրկնապատկվել, միլիարդավոր դոլարներով ավելանալ, արդյունք չտեսնենք ու նաև քրգործերի մասին չլսենք։ Միլիոնավոր դոլարներ են ծախսել պետական հատվածի բարեփոխման համար․ էստեղ բարեփոխված պետական ապարատ չկա․ և ուրեմն ուր են գնացել էդ միլիոնավոր դոլարները։ Կարճ ասած՝ այս իշխանության այսպես կոչված բարեփոխումների, բոլոր այն քայլերի հետևից, որտեղ անգամ 1000 դրամ է ծախսվել, կարծում եմ, պետք է քննչական, հակակոռուպցիոն մարմինները գնան։ Մի կողմից էլ, կասեք, սրանք պատերազմ ձախողեցին ու պատասխան չտվեցին, ասֆալտի կամ տոպրակի համար հաստատ պատասխան չեն տա։ Այսինքն՝ կտան, բայց հիմա չէ։ Հենց սա է պատճառը, որ իրենց արած ոչ մի բարեփոխում չի ընկալում հանրությունը։ Էլի եմ ասել, էլի կասեմ․ աշխարհի ամենահեշտ, ամենապարզ, ամենալավ բանն էլ բերեն, սրանք չեն կարողանալու անել․ ո՛չ էդ ուժը ունեն, ո՛չ էդ հնարավորությունը, ո՛չ էդ խելքը, ոչ էլ լեգիտիմությունը։ Ինչ ասել են՝ սուտ է դուրս եկել․ իսկ սուտ խոսողները, վստահաբար, պետք է վռնդվեն պետական կառավարման համակարգից․ այ դա կլինի իսկական բարեփոխում»։