Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումը «հանգուցային» է»․ Հակոբ Բադալյան

«Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումը «հանգուցային» է»․ Հակոբ Բադալյան
53
Այսօր, 17:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հնդկաստանի վարչապետի Իսրայել կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելությունն ու գրկախառնությունները իհարկե ուղեկցվել են տարբեր ոլորտներում գործակցությունը խորացնելու պայմանավորվածություններով: Հատկապես ուշադրության է արժանի, որ Հնդկաստանն ու Իսրայելը ձեռք են բերել պաշտպանական բնույթի նոր համաձայնություններ, կապված այդ թվում նաև արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ: Խոսք կարող է լինել Հնդկաստանում դրանց արտադրության մասին:

Սրանք, իհարկե, ռեգիոնալ լայն նշանակության հարցեր են, որոնք կարող են փոխել միջավայր: Միջավայր, որն իր անմիջական ազդեցությունն ունի իհարկե նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա:

Իհարկե, Հնդկաստանն ու Իսրայելը ջերմ բարեկամություն ու դաշնակցություն են հաստատում յուրաքանչյուրն ունենալով իր հետաքրքրությունն ու շահը: Իսրայելի համար Հնդկաստանն, իհարկե, կարևոր է այսպես ասած իսլամական գործոնի զսպման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Իսրայելին բնականաբար անհանգստացնում է ռեգիոնում Չինաստանի ազդեցության աճը, իսկ Հնդկաստանն այդ տեսանկյունից դիտվում է շահընկեր:

Հնդկաստանի համար Իսրայելը տեխնոլոգիական «աղբյուր» է, մյուս կողմից նաև ռեգիոնալ լայն խաղի հնարավորություն՝ թե քաղաքական, թե տնտեսական իմաստով: Ընդ որում, այստեղ անմիջական կապ Կովկասի հետ կարծես թե չկա, սակայն Հնդկաստանն Իսրայելի հետ գործակցության հարցում թերևս իր հաշվարկներում տեղավորում է նաև Կովկասը, մասնավորապես Ադրբեջանի հանգամանքը՝ հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերությունը:

Միաժամանակ, Հնդկաստան-Իսրայել սերտ գործակցությունը, բնականաբար, շատ զգայուն ընկալում է ունենալու Իրանում, որի հետ Հնդկաստանն ունի տնտեսական հետաքրքրություններ ու պայմանավորվածություններ: Այստեղ հարցը ուշադրության արժանի է դառնում նաև Հայաստան-Հնդկաստան գործակցության առկա իրողությունների ու հեռանկարների համատեքստում:

Իհարկե, Նյու Դելին էլ անհանգստացած է Իրանի շուրջ լարվածությամբ և բնականաբար Իսրայելի հետ իր աշխատանքը կարող է դիտարկել նաև ռիսկերը կառավարելու, լարվածությունը զսպելու միջոց:

Միովն բանիվ՝ Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումն ու ընդհուպ որոշակի դաշնակցային երևէջները իսկապես «հանգուցային» են ռեգիոնալ բազմակողմ շերտերի տեսանկյունից»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան