Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժողովուրդ»

ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժողովուրդ»
120
Այսօր, 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։
Թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն առավել հետաքրքրական է այս պատմության ենթատեքստը։
«Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավագանու անդամ՝ լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Այսօր, սակայն, նույն գործարարը գործում է բոլորովին այլ իրողությունների պայմաններում․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նրա բիզնեսը ոչ միայն զգալիորեն ընդլայնվել է՝ հեռախոսների ներմուծման և պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնություն արտահանման ոլորտում, այլև ընկերությունը դարձել է երկրի խոշորագույն հարկատուներից մեկը։

Եվ ահա՝ որպես թերևս «շնորհակալական ժեստ», 10 միլիոն դրամի նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26 հազար ԱՄՆ դոլարի։

Շռայլությունն ինքնին գուցե զարմանալի չէ բիզնեսի այս ծավալների ֆոնին, սակայն հարցականներ է առաջացնում այն համատեքստը, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչը այսօր ոչ միայն տնտեսական առաջատար դիրքերում է, այլև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գործող իշխանության հետ ասոցացվող կառույցին։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարո՞ղ է հիշել նաև այլ հիմնադրամների, որոնց ևս նման շռայլ նվիրատվություն արել է։ «Դե անում ենք, որ դիմում են։ Բարեգործական քայլ էր, արել ենք, ինչ խնդիր կա»,- տարակուսեց Արթուր Պետրոսյանը»։