«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան
107
Այսօր, 01:06
Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու է «աղմկում» Ռուսաստանը. այս պարտիայում Մոսկվային են բաժին հասել ամենալավ խաղաքարտերը. Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ կրեմլյան հանդիպման հրապարակային հատվածի տարածմամբ ռուսական կողմի՝ առայժմ դեռևս քաղաքական և քարոզչական մակարդակներում նկատելի բազմակողմանի ակտիվացումը վաղուց կանխատեսելի էի, իսկ ներկայում մի քանի իրավիճակային հիմնավորում ունի։ Հայաստանում ծավալվող նախընտրական բավականաչափ ակտիվ և թեժ քաղաքական մրցակցության շրջափուլը։ Դրա համատեքստում որոշ հայաստանյան դերակատարների մոտեցումներն առնվազն շահեկան են Ռուսաստանի տեսանկյունից։ Հետևաբար, իր գործողություններով Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա՝ իհարկե, ոչ միանշանակ արդյունքներով։ Տարածաշրջանային պատերազմը։ Զարգացումների այսպիսի սցենարը հատկապես Հայաստանի համար նման առանցքային կարևորության ժամանակահատվածում էականորեն սահմանափակում են Երևանի արտաքին մանևրի հնարավորությունները։ Առնվազն վերջին 4 տարիներին Հայաստանի անվտանգության և կենսական շահերի ապահովման հարցում էական ազդեցություն ունեցած երկու գործընկերները՝ ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անզիջում հակամարտության մեջ են իրար դեմ։ Խորքային հակասությունները կարծրանում են նաև արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև։ Իսկ Մոսկվան, ընդունելով Թեհրանի փոխանցումը, ստանձնում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական դիրքավորումը խափանելու գործընթացի առաջնամարտիկի դերը։ Ադրբեջանի և Թուրքիայի վարքի կառավարելիությունը։ Հայաստանի տեսանկյունից բավականաչափ կարևոր իրողություն է Ադրբեջանի, դրանով պայմանավորված՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կառավարելիության հանգամանքը՝ չհաշված տեղեկատվական և հոգեբանական հարթություններում պարբերական գործողությունների շարունակականությունը։ Ուշագրավ է, որ Մոսկվայի կողմից Երևանի դեմ ակտիվացած արշավն Ադրբեջանում և Թուրքիայում գնահատվում է՝ որպես ամբողջ Հարավային Կովկասում ազդեցությունը վերականգնելու Ռուսաստանի ձգտում։ Ադրբեջանում ակտիվացած հակառուսական քաղաքական, քարոզչական գործողությունները, Թուրքիա-Ռուսաստան զորավարժությունները ևս այդ համատեքստում են։ Ի՞նչ պետք է անել. հարցն էական է առանց բացառության հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր դերակատարների համար՝ անկախ Ռուսաստանից կախվածության մակարդակի (Կրեմլին պարտք մնալու գինը միանշանակ, ծանր է լինելու առաջնահերթ Հայաստանի համար)։ Որքան էլ իրավիճակն առաջին հայացքից խիստ բարենպաստ է Ռուսաստանի համար, այնուամենայնիվ Մոսկվայի գործողությունների շրջանակը սահմանափակ է։ Հայաստանի համար նման զգայուն շրջափուլում Ռուսաստանի տնօրինման ներքո գտնվող գործիքներից որևէ մեկի կիրառումը ոչ թե Հայաստանի իշխանությունների դեմ է գնահատվելու, այլ՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Դա էլ իր հերթին ունենալու է բացասական ազդեցություն առանց այն էլ զգալիորեն անկում ապրած Ռուսաստանի հեղինակության և նրա շահակից քաղաքական ուժերի դերակատարման վրա։ Ինչ խոսք, բարդագույն և բազմաշերտ նյարդերի խաղ է ընթանում, որը, սակայն, լիարժեք կառավարելի է։ Պարզապես պետք է չտրվել սադրանքների, զգոն, հանգիստ, անվրդով, բայց արագ արձագանքել տարաբնույթ հարձակումներին, չկորցնել ինքնատիրապետումը և գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին՝ ընտրություններին»։