Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հաջողությունների արժեզրկումն իշխանության համար ռազմավարական խնդիր է»․ Հակոբ Բադալյան

«Հաջողությունների արժեզրկումն իշխանության համար ռազմավարական խնդիր է»․ Հակոբ Բադալյան
155
Այսօր, 02:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրմյան գրառումը. «Կառավարող ուժը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կառուցված քարոզչական արշավ է սկսել՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի, որի առանցքում դրել է նրա՝ «գրագետ» չլինելու հանգամանքը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզապես քաղաքական մրցակցի հանդեպ նախընտրական «օրինաչափ» հակաքարոզչություն է: Գործնականում, սակայն, այստեղ կա առավել խորը համատեքստ:

Մարդիկ, որոնց կենսագրությունը չունի ոչ մի նշանակալի դրվագ ոչ միայն պարզապես հայաստանյան, այլև նույնիսկ համայնքային կամ բակային մասշտաբում, «անգրագետ» են որակում մարդու, որը ահռելի հաջողություն ու ձեռքբերում է արձանագրել գործարար կյանքում, այն էլ միջազգային մասշտաբով, և այն էլ՝ ըստ էության, կառուցելով այդ հաջողությունը զրոյից:

Ի՞նչն է այստեղ առավել խորը համատեքստը: Իրական և մասշտաբային հաջողության արժեզրկում ու ոտնահարում ոչ միայն կոնկրետ անձի, այլ ընդհուպ ինքնին գաղափարի ու արժեքի մակարդակում: Այն է, հանրության գիտակցության և մտահորիզոնի շրջանակում արժեզրկել մասշտաբային հաջողություն կառուցելու ճանապարհը, իբրև երեւույթ, իբրև կենսագործունեության բանաձև:

Այս համատեքստի մյուս կարևոր շեշտը և հանրային գիտակցոության մեջ մյուս էական ու վտանգավոր թիրախը այն է, որ խնդիրը ներառում է թե՛ Սամվել Կարապետյանին, թե նաև համարժեք հաջողության հասած մյուս հայերին, որոնք գործունեություն են ծավալել Հայաստաննից դուրս և հասել նշանակալի հաջողությունների ոչ միայն պարզապես իրենց գործունեության ոլորտներում, այլ այդ հաջողությունների մասշտաբի բերումով նաև դարձել գործնականում միջազգային որոշակի ավելի լայն, «ունիվերսալ» ազդեցություն ներկայացնող դերակատարներ:

Կարապետյանից բացի՝ այդ մարդկանցից են նաև Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վաչե Մանուկյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Իսրայելյանը, Վաչե Պարսամյանը, և շատ այլ՝ թե՛ գործարար, թե՛ այլ ոլորտներում հեղինակավոր կենսագրություն կառուցած հայեր, որոնց մի մասն, օրինակ, շաբաթներ առաջ հատուկ հայտարարությամբ աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն, կոչ արել Փաշինյանին՝ դադարեցնել Եկեղեցին քանդելուն միտված արշավը:

Հաջողության՝ միջազգային մասշտաբով հաջողության այդ պատմությունները էքզիստենցիալ մարտահրավեր են կյանքում անգամ բակային մակարդակի հաջողություն չունեցած և հանգամանքների բերումով իշխանության ղեկին հայտնված մարդկանց համար: Հետևաբար, հանրային գիտակցության մեջ այդ հաջողությունների արժեզրկումը նրանց համար ռազմավարական, այլ ոչ միայն նախընտրական խնդիր է: Դե, իսկ ցանկացած հանրության առողջության ու իրապես կայուն և ուժեղ ապագայի համար՝ ռազմավարական մարտահրավեր»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան