Երեքշաբթի, 12 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հարատևման հիմնական գրավականը Հաղթանակած խաղաղությունն է». Բագրատ Սրբազան

«Հարատևման հիմնական գրավականը Հաղթանակած խաղաղությունն է». Բագրատ Սրբազան
80
Երեկ, 23:48

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.

«Գ. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ Արդար խաղաղություն

Սուրբգրային մտածողությամբ խաղաղության հարատևման հիմնական գրավականը Հաղթանակած խաղաղությունն է, որի առանցքը արդարությունը, ճշմարտությունը և իրավունքն են: Պարզապես խաղաղություն որպես այդպիսին գոյություն չունի առանց արդարության, ճշմարտության, իրավունքի և երաշխիքի, որը երբեք էլ չի հարատևի, և դեռ ավելին, սերունդներին կփոխանցվի մի բեռ, որը մշտապես կդառնա ոչ թե խաղաղության և հաշտության միջոց, այլ տևական պատերազմի սպառնալիք և թշնամության պատճառ: Առանց արդարության սկզբունքի, նույնիսկ զանազան երաշխիքներով ստորագրված փաստաթուղթ հակամարտող պետությունների միջև, ինչպես մեր դեպքում է, պատրանք է և ենթակա քայքայման. «…որպեսզի արդար պայմաններով հաշտություն կնքվի» (Բ Մակ. 11:13) և «Օրը յոթ անգամ պիտի օրհնեմ Քո արդարության և իրավունքի համար: Խաղաղությունը մեծ է նրանց համար, ովքեր սիրում են օրենքները» (Սաղմ. 118:164-165):

Դժբախտաբար, աշխարհում քաղաքական շահերը, երկակի չափանիշները, հարաբերական բարոյականությունը ավելի «ծանր են կշռում», քան ճշմարտությունն ու արդարությունը և սովորաբար որոշվում է, թե որ ժողովուրդները իրավունք ունեն իրավունք ունենալու և որ ժողովուրդներից որոշակիորեն այն պիտի վերցվի: Այսուհանդերձ, հակառակ այսօրվա աշխարհի վարքաբանության և մտայնության, խաղաղության հարատևության և մնայուն լինելու հիմքը և գրավականը արդարության և ճշմարտության սկզբունքն է. «Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն, ճշմարտությունը երկրից բուսեց, արդարությունը երկնքից երևաց… մեր երկիրը իր պտուղը պիտի տա, արդարությունը պիտի ընթանա նրա առջևից» (Սաղմ. 84:11-14): Հետևաբար, խաղաղությունը արդարության ու ճշմարտության արդյունքը և հետևանքն է: Դեռ ավելին, արդարությունն ու ճշմարտությունը ավելի գերադասելի են և գերակշիռ նշանակություն ունեն, քան խաղաղությունը, որոնց առկայությունն է ծնում խաղաղությունը. «Բացեք ձեր դռները, թող մտնի քո ժողովուրդը, որ պահպանում է արդարությունը, պայպանում է ճշմարտությունը, որ հոգում է ճշմարտության համար և ապահովում խաղաղությունը…» (Ես. 26:2-3): Խաղաղությունը պայմանավորված է հասարակական ներքին հաշտությամբ, արդարադատության անաչառությամբ, արտաքին անվտանգությամբ, գիտության զարգացմամբ, կրթության մրցունակությամբ, առողջապահության գերազանցությամբ, աշխատանքի սրբազնությամբ, էկոլոգիայի բարելավմամբ, ջրային ռեսուրսների և ընդերքի ճիշտ կառավարմամբ և այլն: Այս իմաստով ոչ թե խաղաղությունն է վերոնշյալների երաշխիքը, այլ վերոնշյալ եզրաշերտերն են խաղաղության երաշխիքը: Այո’, խաղաղությունը, լայն իմաստով, ընթացք է ոչ ճահճացած կամ գերեզմանային, այլ անընդհատ զարգացող և անընդհատ զորացող, որը, դարձյալ կրկնեմ, ինքնին չի կարող տեղի ունենալ, այլ միայն հասարակական բոլոր շերտերի համապարփակ և համաժամանակյա զարգացմամբ. «Արդարությամբ պիտի գոտևորի իր մեջքը և ճշմարտությամբ կապի իր կողերը» (Ես. 11:5-6), որի արդյունքում «քո խաղաղությունը գետի նման կլինի և քո արդարությունը ծովի ալիքների նման» (Ես. 48:18) և «Քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն և արդարությամբ պիտի շենանաս» (Ես. 54:13) և «կոչվեն ազգ արդարության» (Ես. 61:3): Մեր այսօրվա կյանքում ներկայացված վնասակար և վտանգավոր խաղաղության առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է, քանի որ այն մեղքի բերած մեղքի խաղաղություն է և մեղքի հետևանքով ստեղծված կեղծ քարոզչություն է: Այս առումով, մեր կյանք ներմուծված «իրական Հայաստանի» դատարկաբանությունը մեղքի «խաղաղության» ստի, կեղծիքի, անարդարության, գերության, ստրկամտության, որովայնապաշտության գաղափար-չգաղափար է. «Դրա համար իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն, մինչդեռ խաղաղություն չկար»» (Երեմ. 8:11): Իսկ ինչո՞ւ չկար, որովհետև «ամոթ ու ամաչել չիմացան, մտքներում պատկառանք չզգացին… չարությունից չարության գնացին, խաբելով խաբեցին, ընթանում են նենգությամբ, ճշմարտություն չեն խոսում, լեզուն սովորեց սուտ խոսել, զրկեցին, բայց չհանգստացան, վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն նենգության վրա» (Երեմ. 8:12-9:6): Կարծում եմ՝ ծանոթ պատկեր է: Այս պատճառով «քայլերս պիտի մոլորվեին: Նախանձեցի անօրենների հետ մեղավորների խաղաղությունը» (Սաղմ. 72:3): Հենց այս մասին է Հիսուս հայտարարում, թե Իմ խաղաղությունն եմ տալիս՝ Հաղթանակած, արդար և ճշմարիտ և ոչ թե աշխարհի՝ մեղքի խաղաղությունը: Դեռ ավելին, Հիսուս ուղղակի հռչակում է. «Չկարծեք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ՝ սուր» (Մտթ. 10:34): Հարցս ներկա «խաղաղարարներին», հատկապես «սաղմոսասաց խաղաղարարներին»՝ այս հայտարարությամբ Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր: Իմիջիայլոց, Հիսուս հայտարարում է, որ Ինքն է՝ «ԵՍ ԵՄ» Լույսը, Կյանքի Հացը, Կյանքը, Ճանապարհը, Ճշմատությունը, Դուռը, Հարությունը և երբեք չի հայտարարում, թե «Ես եմ խաղաղությունը», ի տարբերություն այսօրվա ՀՀ կառավարչի: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Լեռան քարոզի Մատթեոս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» արտահայտությանը նախորդում և հաջորդում են արդարության և նրա համար հալածանքի պատրաստ լինելու հայտարարությունները: Իսկ Ղուկաս Ավետարանչի տարբերակում «Երանի խաղաղարարներին» հայտարարություն ընդհանրապես գոյություն չունի»: Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 11.05.2026