Ուրբաթ, 15 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչպես է եվրոպական թեմատիկան մատուցվում Հայաստանում». Հակոբ Բադալյան

«Ինչպես է եվրոպական թեմատիկան մատուցվում Հայաստանում». Հակոբ Բադալյան
87
Այսօր, 04:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի քանի օր առաջ Պուտինը կարծիք էր հայտնել, որ ուկրաինական թեմայով ՌԴ-ի հետ բանակցության հարցում Եվրոպայի համար արդյունավետ ներկայացուցիչ կարող է լինել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
Հետաքրքիր արձագանք էր տվել Եվրոհանձնակատար Կալլասը, ասելով, թե չի կարելի թույլ տալ, որ Պուտինը նշանակի եվրոբանակցողին: Սա իսկապես հետաքրքիր արձագանք է: Առաջին հայացքից միանգամայն տրամաբանական բան է ասում Կալլասը: Իհարկե, Պուտինը չէ, որ պետք է նշանակի ՌԴ հետ եվրոբանակցողին: Բայց, ասել դա նույնն է, ինչ մոտավորապես ասել, որ մարդը չի կարող չշնչել կամ մարդը պետք է շնչի: Եթե բանը հասնում է այնտեղ, որ Եվրոհանձնակատարը հարկ է համարում ասել, թե չի կարելի թույլ տալ, որ Պուտինը նշանակի եվրոբանակցողին, ապա դա նշանակում է, որ այդուհանդերձ Պուտինի գաղափարը Եվրոպայում քննարկվում է:
Այլ կերպ ասած, Կալլասի արձագանքը ոչ թե Պուտինին էր, այլ հենց այդ քննարկումներին: Եվ ահա այսօր գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Շպիգելը գրում է, հղում անելով Գերմանիայի կառավարության անանուն աղբյուրների, որ կառավարությունում քննարկում են, թե՝ Շրյոդերի բանակցային դիրքերն ավելի ամուր կլինեն, եթե նրան այսպես ասած ուղեկցի նաև Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, որը եղել է արտգործնախարար՝ Մերկելի կառավարությունում:
Ավելորդ չէ նկատել, որ՝ թե Շտայնմայերը, թե Շրյոդերը՝ սոցիալ-դեմոկրատներ են, որոնք այսօր Գերմանիայի կառավարող ուժը չեն, բայց առանց նրանց Գերմանիայում քրիստոնեադեմոկրատները չեն կարող ձեւավորել կառավարություն:
Սոցիալ-դեմոկրատների այդ դիրքորոշումը իսկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք եւ այն, որ 2025 թվականին պաշտոնաթող լինելուց առաջ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատ կանցլեր Շոլցը տարիների դադարից հետո հեռախոսաազրույց էր ունեցել Պուտինի հետ:
Այս իրադարձությունները մեզ համար դիտարկման արժանի են այն ֆոնին, թե ինչպես է եվրոպական թեմատիկան մատուցվում Հայաստանում՝ գերազանցապես Ռուսաստանի հետ դիմակայության կամ հակառուսականոթյան համատեքստում, «եվրոմոլեռանդների» կամ «արեւմտամոլների» ջանքով ակնհայտորեն տանելով Հայաստանը դեպի այդ դիմակայության «էպիկենտրոնային» տրամաբանություն, դարձնելով Հայաստանն այդ դիմակայության ընթացքում «նետվող քար»: Այն դեպքում, երբ հետնաբեմում բոլորովին ոչ միարժեք պրոցեսներ են այդ դիմակայության տարբեր կողմերի միջեւ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան