Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ընտրություններին ընդառաջ ֆինանսական ամենամեծ շարժն արձանագրվել է ՔՊ կուսակցության մոտ. «Ժողովուրդ»

Ընտրություններին ընդառաջ ֆինանսական ամենամեծ շարժն արձանագրվել է ՔՊ կուսակցության մոտ. «Ժողովուրդ»
86
Այսօր, 08:54

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժերի վերաբերյալ տեղեկանքը՝ 20/05/2026–22/05/2026 ժամանակահատվածի համար։ Տվյալները ներառում են կուսակցությունների մուտքերը, ելքերը, նվիրատվությունները, վարձակալական ծախսերը, հարկերը և հաշվային մնացորդները։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենախոշոր ֆինանսական շարժը արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ։ Կուսակցությունը ստացել է 85,476,600 դրամ նվիրատվություն՝ 191 անձից, ինչպես նաև 144,300 դրամ անդամավճար և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 120,337,160 դրամ, որի հիմնական մասը՝ 120 մլն դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ (70 մլն՝ 2026 թվականի մայիսի 21-ին և 50 մլն՝ մայիսի 22-ին), ինչպես նաև ներառել է 5,586,000 դրամ հարկային վճարներ։ Կուսակցության բանկային մնացորդը կազմել է 78,336,889 դրամ։
Երկրորդ խոշոր ֆինանսական շրջանառություն ունեցող ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 168,870,000 դրամ նվիրատվություն՝ 43 անձից։ Այլ ելքերը կազմել են 223,934,026 դրամ, որոնց թվում են ծառայությունների վճարներ, կրեդիտորական պարտքեր, հաշիվ-ապրանքագրերով վճարումներ, Facebook-ի գովազդ, ապահովագրավճար և 160 մլն դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։ Դաշինքի բանկային մնացորդը կազմել է 89,583,741 դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 18,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 20,285,000 դրամ, որոնցից 18 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 2,285,000 դրամը ծախսվել է տպագրության վրա։ Կուսակցության հաշվին արձանագրվել է նաև 390,000 դրամ վարձակալական վճար։ Բանկային մնացորդը կազմել է 18,880,896 դրամ։
«Լուսավոր Հայաստան»-ը ստացել է 3,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից, իսկ ընդհանուր ելքերը կազմել են 11,008,934 դրամ, ներառյալ Google-ի և Facebook-ի գովազդային ծախսերը և 7,500,000 դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։ Բանկային մնացորդը կազմել է 7,953,687 դրամ։
Միջին ֆինանսական ակտիվությամբ առանձնանում են նաև մի շարք այլ քաղաքական ուժեր։ «Միասնության թևեր» դաշինքը ստացել է 4,500,000 դրամ նվիրատվություն և կատարել 4,703,500 դրամի ելքեր, որոնց մեծ մասը՝ 4,700,000 դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Բանկային մնացորդը կազմել է 297,006 դրամ։
«Նոր ուժ ռեֆորմիստական»-ը ստացել է 1,700,000 դրամ, կատարել 2,941,520 դրամի ելքեր՝ ներառյալ TikTok-ի և Facebook-ի գովազդը, մնացորդը կազմել է 1,162,533 դրամ։
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ստացել է 1,850,000 դրամ և կատարել 1,301,504 դրամի ելքեր, այդ թվում՝ Facebook-ի գովազդ, մնացորդը կազմել է 1,279,396 դրամ։
«Ժողովրդավարական համախմբում»-ը ստացել է 600,000 դրամ և կատարել 32,752 դրամի ելքեր՝ Facebook-ի գովազդի համար, մնացորդը կազմել է 663,248 դրամ։
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ստացել է 4,000,000 դրամ նվիրատվություն և ունեցել 107,467 դրամ այլ ելքեր, ինչպես նաև վարձակալական ծախսեր՝ 280,000 դրամ։ Բանկային մնացորդը կազմել է 3,227,627 դրամ։
«Առաջ աջակենտրոն»-ը ստացել է 5,000,000 դրամ նվիրատվություն, կատարել 12,775,000 դրամ վարձակալական ծախս և 2,675,936 դրամ այլ ելքեր, մնացորդը կազմել է 12,553,628 դրամ։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»-ը ստացել է 10,000 դրամ անանուն նվիրատվություն, որը վերադարձվել է, կատարել 331,000 դրամի ելքեր, որոնցից 320,000 դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 258,100 դրամ։
«Հայ ազգային կոնգրես»-ը ստացել է 200,000 դրամ, կատարել 900,000 դրամի ելքեր, այդ թվում՝ 55,000 դրամ վարձակալական վճար։ Մնացորդը կազմել է 283,197 դրամ։
Առանձին դեպքերով նշվում է, որ մի շարք կուսակցություններ գրեթե չեն ունեցել ֆինանսական շարժ։ «Միավորված հայեր»-ը տվյալ ժամանակահատվածում բանկային հաշիվ չի ունեցել, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի մոտ շարժ չի արձանագրվել, իսկ «Քրիստոնեա-ժողովրդավարական»-ը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական»-ը և մի շարք այլ ուժեր ունեցել են նվազ բանկային մնացորդներ:
Ընդհանուր առմամբ, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ ֆինանսական ամենամեծ հոսքերը կենտրոնացած են եղել երեք հիմնական քաղաքական ուժերի շուրջ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և մասամբ «Բարգավաճ Հայաստան», մինչդեռ մյուս կուսակցությունների մեծ մասի մոտ արձանագրվել է սահմանափակ կամ միջին ֆինանսական ակտիվություն»։