Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

«Ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
101
Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ., 21:54

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։ Սրբազանի աշխատությունը խաղաղության, պատերազմի և նահատակության մասին է.

«Դ. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ընդունենք կամ ոչ, պատերազմը արվեստ և գիտություն է՝ խորապես շաղկապված ոգեկանության և ներընդունակության հետ, որը որակական բարձր արժեքներով և արժանիքներով օժտված առաջնորդ-զորագլխի կարիք ունի:

Այս առումով, պատերազմից առավել կործանարար է այն վարողի կարողության և ունակության, վերոնշյալ համակարգերի բացակայությունը:
Ըստ էության, պատերազմի ելքը հիմնական առումով պայմանավորված է հենց այս հանգամանքով, որովհետև «Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին» (Սիրաք 10:3) և «Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով» (Առակ. 24:5-6), ինչպես և «ձեռքերս վարժեցրիր պատերազմի… պատերազմելու զորություն տվեցիր, վրաս հարձակվողներին ոտքերիս տակ գցեցիր» (Սաղմ. 17:35-40):

Այսինքն՝ միանշանակորեն մարդկային գործոնը՝ առաջնորդությունը, ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը և ոչ միայն զենքերն ու զինատեսակները և կամ դրանց տիրապետելու կամ չտիրապետելու կարողությունը, որոնք անքննարկելիորեն կարևոր են, բայց ոչ վճռորոշ. «Օրհնյալ է Տերը՝ իմ Աստվածը, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս ճակատամարտի» (Սաղմ. 143:1) և մինչդեռ «Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են, բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները» (Սաղմ. 77:9):

Համաշխարհային պատմության մեջ մինչև մեր օրեր վերոնշյալի օրինակները բազմաթիվ են, որոնց այստեղ և այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ:

Ինչպես առաջնորդության հանգամանքը վճռորոշ էր ժողովրդի ազատության դժվարին ու ծանր ճանապարհին. «Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը նրանց առջև չլիներ… անարգեցին ցանկալի երկիրը…» (Սաղմ. 105:23-24) և «բոլոր ազգերն ինձ շրջապատեցին, և Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց, շուրջս շրջեցին և միասին ինձ պաշարեցին, և Տիրոջ անվամբ վանեցի նրանց» (Սաղմ. 117:10-11):

Այսինքն՝ այդպիսի առաջնորդությունն է հանգուցալուծումը և հաղթանակի գրավականը. «Դիմեց Տիրոջը, որ հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ իր կամքի՝ այն մարդկանց, որ արժանի են դրան» (Բ Մակ. 15:21):

Ի վերջո, չհանձնվողին ոչ ոք չի կարող ծառայեցնել կամ ստրկացնել: Թերևս կարողանան մահվան մատնել, բայց ոչ երբեք՝ պարտության:

Միանշանակորեն, պետության առաջնային և կարևորագույն պատասխանատվությունը մանրակրկիտ մշակված ծրագրով պատրաստ լինելն է կանխատեսվող և անկանխատեսելի պատերազմին և ժողովրդին սպառնացող վտանգներին և ոչ թե երկրի ղեկավարի մակարդակով երևակայական կամ իրական պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին և նույնիսկ ավելին՝ դառնալ սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ:

Հետևաբար, երկրի և ժողովրդի համար ոչ թե պատերազմն է սպառնալիք կամ սարսափելի, այլ այդպիսի մտածողությամբ ղեկավարի առաջնորդությամբ ծագած պատերազմի հավանականությունը. «Այն թագավորը, որ իրեն աթոռակից չունի իմաստությունը, չի կարող իրեն վստահված ժողովրդի համար վայելուչ լինել» (Եղիշե, էջ 14-15):

Այս առումով, մեր ժողովուրդն, ըստ էության, որքան էլ հոգեբանական ահաբեկության ենթարկված լինի, ոչ թե վախենում է պատերազմից, այլ ենթագիտակցորեն և գիտակցորեն վախենում է ներկա իշխանության և նրա ղեկավարի օրոք պատերազմից: Եվ սա հասկանալի է և արդարացված, քանի որ մեր վերջին Հայրենական պատերազմում (44-օրյա) պարտության պատճառը հենց այս հանգամանքն էր. կռվեց բանակը, կռվեց ժողովուրդը, բայց ձախողեց կառավարությունը՝ իր ղեկավարով, երբ չգործեց պետական ողջ համակարգը և ճիշտ ու կազմակերպված համակարգային կերպով չարձագանքեց սպառնալիքին և չկառավարեց պատերազմը, որը և շարունակվեց հետպատերազմյան դառն հետևանքներով մինչև այսօր:

Արձանագրենք և հաստատենք, որ թե՛ պատերազմից վախը, և թե՛ պատերազմ հրահրելու խելացնորությունը անառողջ առաջնորդության պատճառով է. «Թագավորը ոչ միայն պատասխանատու է իր համար, այլև նրանց համար, որոնց կորստյան պատճառ եղավ» (Եղիշե, էջ 15):

Պատերազմ վարելու և այն հաղթելու բացառիկ, կատարյալ և ամբողջական օրինակ է Հիսուս Քրիստոսի՝ Զորագլուխ-Առաջնորդի և առաջնորդության օրինակը:

Ինչպես՝

• Անապատում փորձությունը – հոգևոր իմաստով և խորքով՝ ամբողջությամբ պատերազմին պատրաստություն,

• Աշակերտների կոչում – հրավերը առաքելության – ղեկավարության և բանակի պատրաստությունը,

• Քարոզչությունը – հոգևոր, բարոյական գիտակցության հաստատումը, կրթադաստիարակչական քարոզչությունը, հոգեբանական պատրաստությունը, վախի մերժումը և պատրաստությունը դիմագրավելու կյանքի պատերազմը՝ արժեքների համար

• Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը

• Խաչելությունը – ճակատամարտից կամ պատերազմից ոչ թե խուսափելը կամ վախենալը, այլ այն ընդունելը և ընդառաջ գնալը և պատերազմ մղելը

• Սուրբ Հարությունը – թշնամուն պարտության մատնելը, ամրությունները քանդելւ, նրանց տիրելը և Հաղթանակը,

որի համապարփակ և ամբողջական սահմանումը տալիս է առաքյալը. «Համբերությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացվում է մեր առաջ, նայեք Հիսուսին՝ հավատքի զորագլխին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը… ուրեմն մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:1-5):

Այսպիսի (Մովսեսի և Քրիստոսի) առաջնորդությունն է գովերգում Սբ. Գրիգոր Նարեկացին.

«… Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,

Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,

Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,

Աւրինակ առեալ զՄովսէս,

ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ»:

(ԲԱՆ Ա,Բ)

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

Աղբյուրը`   Բագրատ Սրբազան