Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան

«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան
41
Այսօր, 12:36

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մանդատ վերցնել-չվերցնելու շուրջ քննարկումներն այս փուլում ոչ միայն երկրորդական, այլև քաղաքականապես սխալ օրակարգ են թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ նրանց ձայն տված քաղաքացիների համար։
Քանի դեռ ընդդիմադիր շրջանակներում «մանդատների» հարցն է օրակարգային (առվազն այդպես է երևում), Նիկոլ Փաշինյանը հստակ քայլերով գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում։ Իշխանությունը պատրաստվում է փոխել պետության համար հիմնարար նշանակություն ունեցող օրենքներ։ Շրջանառության մեջ է դրվել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը, առաջին հայացքից, տեխնիկական է թվում, սակայն իրականում ունի խորը քաղաքական, սահմանադրաիրավական և գոյաբանական նշանակություն։
Գործող կարգավորումներով սահմանադրական հանրաքվեի ընդունման համար նախատեսված են բարձր լեգիտիմության շեմեր՝ առնվազն 50% մասնակցություն և այդ մասնակցածների կեսից ավելիի կողմ քվեարկություն։
Սակայն առաջարկվող փոփոխություններով իշխանությունը փորձում է վերանայել հանրաքվեին մասնակցելու իրավունքի շրջանակը՝ այն կապելով Հայաստանում մշտապես բնակվելու չափանիշի հետ, ինչի արդյունքում էապես կիջեցվի հանրաքվեի միջոցով որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ ընտրական շեմը։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ նախկինում պահանջում էր ավելի լայն հանրային մասնակցություն և համազգային համաձայնություն, այժմ հնարավոր կլինի անցկացնել զգալիորեն ավելի փոքր ընտրազանգվածի աջակցությամբ։
Քաղաքական տեսանկյունից ժամանակագրությունը նույնպես պատահական չէ։ Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն՝ փորձելով այնտեղից հեռացնել իր համար անընդունելի, իսկ Հայաստանի համար՝ առանցքային և գոյաբանական նշանակություն ունեցող ձևակերպումները։
Եթե նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե Սահմանադրությունը «կարված է մեկ մարդու հագով», ապա այսօր նա Սահմանադրությունը կարում է Ալիևի հագով։
Ուստի այսօր գլխավոր հարցը մանդատ վերցնել-չվերցնելը չէ։ Իմ կոչը լայն ընդդիմադիր քաղաքական դաշտին հետևյալն է՝ դուրս բերել սեփական էլեկտորատին արհեստական և անէական օրակարգերից, չմտածել, թե ով ինչ էմոցիոնալ գնահատական կտա, քանի որ դրանք թիթեռի կյանք ունեն, և ստանձնել քաղաքական պատասխանատվություն՝ թույլ չտալու համար, որ Ալիևի պահանջով փոխվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Այս պահին բոլոր ջանքերը պետք է ուղղվեն Ալիևի պահանջով իրականացվող սահմանադրական փոփոխությունների դեմ քաղաքական և հանրային տապալող հակահարվածի կազմակերպմանը»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան