«Եթե դու պայմանավորվում ես Թալիբանի հետ, թքում ես քո արժեքների երեսին». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ԹԱԼԻԲԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Հին հունական ողբերգություն։ Կերպարը լսում կամ կանխագուշակում է գալիք չարիքը, որը պիտի պատահի իր հետ։ Սարսափում է և սկսում է քայլեր անել՝ այդ չարիքից խուսափելու համար։ Բայց տարօրինակ ձևով հենց այդ քայլերն էլ նրան տանում են դեպի չարագուշակ ավարտը։
Սյուժետային այս միստիկ պարույրը գեղեցիկ է ու սարսափելի։ Եվ ամենաապշեցնողն այն է, որ նման սյուժեն հաճախ կրկնվում է նաև իրականության մեջ։ Վերջում արդեն դժվար է ասել՝ դա անխուսափելի՞ էր, թե՞ հենց խուսափելուն ուղղված քայլերն ի վերջո բերեցին վատ ավարտին։
Եվրոպան այսօր կարծես այդ հունական ողբերգության հերոսը լինի։
Տարիներ շարունակ միգրանտների հարցը բավականին նյարդային է եղել այս աշխարհամասում։ Նորեկներին ամենուր էլ հեշտ չեն ընդունում։ Անգամ միգրանտների երկրում՝ Ամերիկայում։ Որքան էլ խոսենք ինտեգրացիայից և ձուլումից, բավական է հետևել ԱՄՆ-ի պատմությանը՝ հասկանալու համար, որ միգրացիայի յուրաքանչյուր ալիք իր հետ բերել է սոցիալ-քաղաքական փոփոխություններ։ Ի դեպ, ես վատ փոփոխությունների մասին չեմ խոսում։ Տարբեր փոփոխությունների։
Առանձին հարց է առաջացնում միգրացիան լիովին այլ միջավայրից, այլ քանակով, ինչպես նաև այլ սեռատարիքային համամասնությամբ։ Երբ դեռ քսան տարի առաջ խոսվում էր եվրոպական երկրներում մուսուլման միգրանտների ինտեգրացիայի մասին, ես գիտեի, որ դա հեշտ չի ստացվելու։ Գիտեի մի պարզ պատճառով՝ ես հայ եմ։
Եթե դու հայ ես, դու առնվազն քո խմբի պատմության ներսում կրում ես այն հայկական համայնքների փորձը, որոնք ապրել և արարել են օտար կրոնական միջավայրում։ Խոսքը, օրինակ, Մերձավոր Արևելքի հայ համայնքների մասին է։ Օտար միջավայրում քո համայնքը կարող է լինել օրինապաշտ, խաղաղ և լռակյաց, բայց միևնույն է՝ հաճախ մնում է ուրիշը յուրայինների մեջ։ Եվ նույնիսկ ձգտում է պահպանել այդ տարբերությունը։ Համայնքը, սիրելով իրեն ընդունած երկիրը, շարունակում է սահման դնել իր ինքնության և տվյալ երկրի մյուս խմբերի միջև, իրեն լիովին չի զգում այդ երկրի արժեքների կրող, իսկ կրոնական մակարդակում կարող է խոր հակադրության մեջ լինել։ Եվ սա դեռ հայկական համեմատաբար փոքր համայնքների փորձն է, որտեղ կին/տղամարդ, ծեր/երիտասարդ համամասնությունը քիչ թե շատ բնական է եղել։
Իսկ հիմա պատկերացրեք օտար կրոնական համայնք, որը ոչ միայն կրոնադավանական և արժեհամակարգային խոր տարբերություններ ունի իրեն ընդունած երկրի հետ, այլ նաև ունի երիտասարդ տղամարդկանց բարձր տոկոս։ Երիտասարդ, աղքատ տղամարդկանց։ Բացի այդ, համայնքը շատ մեծ է։ Խոսքը տասնյակ հազարների մասին չէ, այլ միլիոնների։ Սա արդեն թույլ է տալիս ապրել համայնքի ներսում և գրեթե առնչություն չունենալ արտաքին աշխարհի հետ։ Միայն ծայրահեղ դեպքերում։ Արդյո՞ք այս համայնքը կինտեգրվի։ Բնականաբար՝ մի մասը այո։ Ամբողջը՝ երբեք։
Այս երիտասարդ, աղքատ տղամարդիկ հայտնվում են բավականին զարգացած, բայց անդեմ բյուրոկրատական համակարգում, ծերերի ոչ նորմալ բարձր տոկոս ունեցող հասարակության մեջ, որի արժեքները նրանք հաճախ չեն կիսում, երբեմն էլ՝ բացահայտ հակադրվում են դրանց։ Սա դեռ քիչ էր, մի բան էլ սոցիալական ցանցերի և արդի մեդիայի շնորհիվ տարբեր խմբավորումներ, բիզնես խմբեր ու պետություններ, որոնք գտնվում են բոլորովին այլ երկրներում, օգտվելով նրանց աղքատությունից և ֆրուստրացիայից, քարոզչական տարբեր գործիքներով օգտագործում են այս մարդկանց։
Իր հերթին, հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետո, Եվրոպան որդեգրել է իր համար բացառիկ նշանակություն ունեցող սկզբունքներ, որոնք, եկեք անկեղծ լինենք, գրվելիս հաշվի չէին առնում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից նման թափով միգրացիայի հնարավորությունը։
Ինչևէ, տարիներ շարունակ Եվրոպան անհանգստանում էր։ Մտածում էր՝ ինչպես պայքարել խնդրի դեմ, որպեսզի միգրացիոն հոսքի արդյունքում իր ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ անվտանգ մնան։ Եվ ահա… կարդում ենք նորությունը։
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների պատվիրակությունն առաջին անգամ ժամանել է Բրյուսել՝ Եվրոհանձնաժողովի հետ ուղիղ բանակցությունների համար։ Այցի գլխավոր նպատակը միգրացիոն ճգնաժամի և այն աֆղան քաղաքացիների արտաքսման հարցի քննարկումն է, որոնց ապաստանի դիմումները ԵՄ երկրներում մերժվել են։
Հին հունական ողբերգության հերոսի նման՝ փորձելով պայքարել իր դեմ եկող արհավիրքի դեմ, Եվրոպան ինքը մոտեցնում է այն։ Քանի որ եթե դու պայմանավորվում ես Թալիբանի հետ, դա արդեն իսկ քո արժեքների երեսին թքել է նշանակում։ Դու չես կարող հանուն քո արժեքների պահպանման ոտնահարել քո արժեքները։ Այդուհանդերձ, փաստացի այսօր Բրյուսելը հենց դա է անում։
Ես նորից ստիպված եմ արձանագրել, որ «պուտինիզմը» հաղթում է։ Անգամ Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում։ «Ուժեղի իրավունքը» հաղթում է «իրավունքի ուժին» ամենաֆունդամենտալ, գաղափարական մակարդակով։ Հիմա մեկը կգա ու կասի՝ միշտ էլ այդպես է եղել։ Ոչ, միշտ էլ այդպես չի եղել։
Մեծ տարբերություն կա։ Դու ունես գողության դեմ օրենք, դեմ ես գողությանը և ջանում ես բոլոր գողերին բռնել։ Սա մի իրականություն է։ Եվ դու ասում ես՝ ով գողացավ ու չբռնվեց, իրեն հալալ է, իսկ որոշ դեպքերում գողությունը նույնիսկ լավ է։ Սա լրիվ այլ իրականություն է։ Երկու դեպքում էլ դու ունենում ես գողության դեպքեր, բայց այս երկու նարատիվներով շարժվող հասարակությունները ֆունդամենտալ տարբերվում են իրարից։ Եվ սա անհնար է հերքել։
Մենք ապրում ենք լուրջ փոփոխությունների դարաշրջանում։ Դրանց մի մասը օբյեկտիվ է, մյուս մասը՝ որոշ «ուժեղ տղերքի» կողմից հրահրված։
Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Կասկա հագեք։ Անձամբ ես չեմ ուզում ինտեգրվել մի կառույցի, որը, իր իսկ արժեքները ոտնահարելով, Թալիբանի կնատյացների, տգիտության ջատագովների ու մանկապիղծներին է ընդունում ամենաբարձր մակարդակով, «պետքի համար»:
#տռաձիցիոննիյե_ցեննոսծի»:

«Արման Ծառուկյանի միսը հերիք է ծամեք, նա վաղուց ասել ա՝ իրեն ռուս մարզիկ է համարում». Սամվել Աշոտյան
2923:00
«Եկեղեցու սալը՝ Ծար գյուղի ադրբեջանական դպրոցի պատում. մոռանա՞նք». Համլետ Պետրոսյան
2922:54
«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում». Մերց
3322:48
«Եթե դու պայմանավորվում ես Թալիբանի հետ, թքում ես քո արժեքների երեսին». Լիաննա Խաչատրյան
4822:24
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
4820:24
«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7220:06
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
6019:54
«Գործը կրկին պիտի գնա առաջին ատյան, բայց կրկնում եմ՝ այդ հանցանքը չեմ գործել». Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)
6619:18