«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանին.
Հարգելի՛ տիկին Գալյան, սույն բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել արդարադատության նախարարության կողմից արցախահայության նկատմամբ կիրառվող այն մոտեցումների վրա, որոնք, իմ համոզմամբ, ոչ միայն անարդար և ոչ տրամաբանական են, այլև հակասում են սոցիալական արդարության և մարդասիրության սկզբունքներին։
Այսօր հազարավոր արցախցիներ, կորցնելով իրենց տունը, ունեցվածքը և բնականոն կյանքը, ստիպված են նոր կյանք սկսել Հայաստանի Հանրապետությունում։ Նման պայմաններում պետության և պետական մարմինների առաջնային պարտականությունը պետք է լինի աջակցել, այլ ոչ թե լրացուցիչ ֆինանսական բեռ դնել առանց այն էլ ծանր վիճակում հայտնված մարդկանց ուսերին։
Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով, արցախցի ընտանիքները ստիպված են յուրաքանչյուր երեխայի համար վճարել 5000 դրամ՝ փաստաթղթային կարգով հաստատելու, որ տվյալ երեխան հանդիսանում է իր ծնողների՝ հայրիկի և մայրիկի զավակը։ Կարծում եմ՝ սա պարզապես աբսուրդային իրավիճակ է, երբ պատերազմ և բռնի տեղահանում վերապրած մարդիկ ստիպված են գումար վճարել սեփական երեխաների ծնողական կապը պետական մակարդակով հաստատելու համար։
Այսպիսի մոտեցումը, մեղմ ասած, անընդունելի է և ստեղծում է այն տպավորությունը, որ փախստականի կարգավիճակում գտնվող արցախցիների խնդիրները վերածվել են պետական մարմինների համար եկամտի աղբյուրի։ Առավել ցավալի է, երբ հենց արդարադատության ոլորտը, որը կոչված է պաշտպանելու արդարությունն ու մարդու իրավունքները, առաջնորդվում է նման սկզբունքներով։
Բացի այդ, առկա են դեպքեր, երբ փաստաթղթային անճշտությունների հետևանքով արցախցիները ներկայացվում են որպես այլ անձանց ամուսին կամ կին, և այդ սխալները շտկելու համար քաղաքացիներից պահանջվում է վճարել 6000 դրամ պետական տուրք։ Անթույլատրելի է, որ պետական մարմինների կամ ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած սխալների բեռը դրվի հենց քաղաքացիների վրա և նրանցից պահանջվի լրացուցիչ վճար՝ սեփական իրավական կարգավիճակը վերականգնելու համար։
Այս ամենը հասարակության մեջ առաջացնում է արդարացի դժգոհություն և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Հույս ունեմ, որ Դուք նախկինում լիարժեք տեղեկացված չէիք այս խնդիրների և դրանց հետևանքների մասին, և վստահ եմ, որ արդարության և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ կարձագանքեք բարձրացված հարցերին։
Պահանջում եմ վերանայել արցախցիների նկատմամբ կիրառվող այս անարդար, սոցիալապես անընդունելի և, քաղաքացիների ընկալմամբ, թալանչիական մոտեցումները, վերացնել անհիմն վճարները և ապահովել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն պետության սոցիալական և բարոյական պարտավորություններին Արցախի բռնի տեղահանված բնակիչների նկատմամբ»:

«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան
4214:48
«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան
5414:42
«Իշխանությունը մի ձեռքով օրենք է ընդունում, մյուսով՝ ինքն առաջինը խախտում այն»․ Արմեն Հովասափյան
4314:12
«Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը». Արա Զոհրաբյան
6311:00
«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7609:42
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7407:36
«Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել». Կարինե Հարությունյան
11401:06
«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)
9300:30