Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան

«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան
37
Այսօր, 03:06

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «Փակուղի․
Հայաստանի վիճակը կարելի է նկարագրել մեկ բառով:
Ուրսուլա ֆոն Դերլայենի այցը կրկին ցույց տվեց, որ մեզ խաբում են առնվազն 2013 թվականից: Այն ժամանակ ասում էին, որ Ղարաբաղն է դեպի ԵՄ Հայաստանի գնալու գլխավոր խոչընդոտը: Սերժ Սարգսյանի երկմտանքը, ԵԱՏՄ ի ու եվրոասոցացման միջև այդ մասին էր:
Ղարաբաղը հանձնեցինք, ոչինչ չփոխվեց:
Ղարաբաղից հետո, Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի: Այսինքն, Ադրբեջանին ոչ ոք դեպի Եվրոպա չի էլ հրավիրում, ոչ էլ Ադրբեջանն է ձգտում դեպի ԵՄ, գոնե մեզ պես, ձևական: Բայց ջախջախված Հայաստանը այդքանից հետո, այժմ էլ վերածվել է Ադրբեջանի անվտանգության գարանտի, բուֆերային գոտու:
Ինչպես ասում են, մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ հետևից է տանում: Այդ ցախավելը Ադրբեջանն է, որը կապել են Հայաստանի պոչից:
Ուրսուլան Երևանից առաջ նախ այցելեց Բաքու: Ալիևը ուկրաինական պատերազմից հետո դարձել է ռուսական նավթ ու գազը ԵՄ մատակարարող խոշոր դիլեր, Էրդողանի միջոցով: Ուրսուլան թքած ունի հայկական դեմոկրատիայի ու ալիևյան դիկտատուրայի վրա:
Հարց է ծագում, ի՞նչ կապ ունի Հայաստանը այս կեղտոտ խաղում, կամ ինչո՞ւ Ուրսուլան չի գնում Թբիլիսի: Վրաստանը ԵՄ-ի հետ ունի ավելի սերտ հարաբերություններ, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Վրաստանի քաղաքացիները վաղուց առանց վիզաների մուտք են գործում ԵՄ, այդպիսով այդ երկիրը բավականին հեռացել է Ռուսաստանից: Ավելին, ռուսական նավթն ու գազը Ադրբեջանից դեպի ԵՄ տեղափոխվում է հենց Վրաստանի տարածքով, սակայն վրացիները նման իրավիճակում դուրս չեն գալիս Ռուսաստանի դեմ, խելք ունեն:
Ղարաբաղը հանձնելուց հետո, Հայաստանին դեռ խոստանում են վիզաների ազատականացում, այդ խոստումը Սերժ Սարգսյանին տրվել էր դեռևս 2013 թվականին: Այժմ խոսում են 2029 թվականից:))
Այդ ինչպե՞ս Մերձդնեստրի հարց ունեցող Մոլդովան ստացավ այդ վիզաների ազատականացումը, կամ Աբխազիաայի ու Հարավային Օսեթիայի հարցեր ունեցող Վրաստանը, կամ Ղրիմի հարց ունեցող Ուկրաինան...
Հայաստանին Ղարաբաղն էր խանգարում, այն չկա, բայց իրավիճակը նույնն է:
Հայաստանը օգտագործվում է ամենաամոթալի ու անմարդկային ձևով, մեզ բացի խոստումներից՝ ոչինչ չեն տալիս: Դիկտատոր, Եվրոպայի ու եվրոպական կառույցների հասցեին փիս խոսքեր հնչեցնող Ալիևը Ուրսուլայի սրտի լիդերներից է:
Բաքվից հետո գալիս է Երևան ու ասում, որ մենք մենակ չենք: Խոստանում է անհապաղ 20 միլիոն եվրո, հետո ինչ-որ 480 միլիոն եվրոյի '«օգնություն», եթե Հայաստանը կարողանա դեպի ԵՄ գյուղմթերք արտահանել:)
Այս չարչարված ծիրանի ու լոլիկի թեման պայթեցնելու համար, պետք է մեկ հարցի պատասխանենք: Լավ, եթե Վրաստանը տասը տարուց ավել հնարավորություն ունի ԵՄի հետ ազատ առևտուր անելու, ինչո՞ւ ճարպիկ վրացիները հայկական գյուղմթերքը էժանով չեն գնում ու չեն հասցնում ԵՄ, բայց առնում ու տանում էին Ռուսաստան: Կամ, ինչո՞ւ վրացիները իրենց իսկ արտադրանքը չեն տանում ԵՄ, բայց տանում են դեպի Ռուսաստան, որի հետ իբր վատ հարաբերությունների մեջ են: Ո՞վ կարող է այս հարցին պատասխանել...
Պատասխանը շատ պարզ է, ո՛չ վրացական, ո՛չ հայկական գյուղմթերքը եվրոպական շուկայում մրցունակ չէ, այդ գյուղմթերքի կարիքը պարզապես ՉԿԱ:
Այո, մենք փակուղում ենք, որովհետև չունենք ապագա ո՛չ ռուսական ԵԱՏՄ ում, ո՛չ էլ Ուրսուլայի խոստումներն են մեր երկրի համար իրենցից արժեք ներկայացնում:
Վերին Լարսի փակուղին նոր չէ, 2018 ից հետո Հայաստանը ավելի խորը մտավ Լարսի փակուղի: Մեր երկրում, պետության գումարների հաշվին խրախուսվեցին այնպիսի անհեռանկար ոլորտներ, որոնք մեզ ոչինչ չէին տալու: Լոլիկ, ծիրան, հանքային ջուր, աճեցրած ձուկ, ամեն ամենը, ինչ արտահանվել է ռուսական շուկա, մեր երկրի տնտեսական զարգացման, տնտեսական սուվերենության հարցում ոչինչ են:
Դա ինքնախաբեյություն է, հայկական չնչին ծավալի գյուղմթերքի կարիքը ռուսական շուկայում նույնպես չկա, պարզապես այդ կերպ Հայաստանը պահվում էր կախվածության մեջ...
Ռուսական շուկան ներմուծվող գյուղմթերքի առումով գոյություն ունի բացառապես պուտինյան ապաշնորհ տնտեսական քաղաքականության հետևանքով: Այդ երկիրը կարող է գյուղմթերքով ապահովել ոչ միայն իրեն, այլ բոլոր հարևաններին: Պարզապես պուտինյան աննորմալ տնտեսական մոդելը աշխատում է հենց Ռուսաստանի դեմ և այդ իրավիճակը ժամանակավոր է: Բացի դա, ռուսական շուկան կարող է շուտով առհասարակ գնողունակ չլինել, այդ երկրի սպառողը օր օրի աղքատանում է:
Այսինքն, ծիրանի, լոլիկի, ծաղիկի ու ձկան արտահանման շուրջ ծագած խնդիրը մենք ունենք բացառապես սեփական իշխանությունների անհեռանկար տնտեսական քաղաքականության շնորհիվ: Այդ ոլորտների զարգացման վրա ոչ մի կոպեկ ծախսել չէր կարելի: Փոխարենը պետք է խրախուսվեին այլ ոլորտներ: Չնայած ի՞նչ տնտեսական քաղաքականության մասին է խոսքը, երբ բերքը ծառի վրա, նոր-նոր մտածում են արտահանման դիվերսիֆիկացիայի մասին:) Չկա, չունենք և չենք ունեցել ոչ մի քաղաքականություն: Բոլոր իշխանությունները մտածել են միայն ժամանակ մեռցնելու մասին, այլապես Լարսի փակուղու մասին ավելի շուտ կմտածեին: Լարսը ռուսական թակարդի մուտքն է...
Մի խոսքով, Հայաստանը պետք չէ թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրոմիությանը: Պարադոքսալ է, բայց մենք այդ երկու ուժերի համար, զուտ գործիք ենք, մեր իսկ թշնամի Ադրբեջանի վրա ազդեցություն ապահովելու, Ալիևի հետ բազառ անելու համար: Բավական չէ, պատերազմում են գործել Ադրբեջանի օգտին, այդ երկրի միջոցով մեզ պահում են շրջափակման մեջ, նաև Թուրքիայի ուղղությամբ, դեռ մի բան էլ մենք մեր տկլոր հալով Ադրբեջանի անվտանգության գարանտ ենք դարձել: Սա է վիճակը:
Սա էլ քիչ է, մյուս կողմից Հայաստանն ու Սփյուռքն է անջատվում, բոլոր ուղղություններով: Որպեսզի հեշտությամբ լուծվի, թե Հայաստանի, թե հայկական մեծ Սփյուռքի հարցը: Մեր տգետ օխլոսը դա չի հասկանում, սփյուռքահայերին կոչ են անում չխառնվել Հայաստանի գործերին:)
Դա էլ քիչ էր, այժմ Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին են զրկում ընտրելու իրավունքից, օխլոսի ցնծության ներքո:
Մեր թշնամիները ի տարբերության մեր էլիտաների ու օխլոսի, լավ են պատկերացնում, թե ինչ ահռելի ներուժ ունի հավաքական հայ ժողովուրդը և ինչ ուժեղ պետություն կարող է դառնալ Հայաստանը, առանց որևէ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի: Տարածաշրջանի բանալին Հայաստանում է, բայց մեր գիքորները այն վերածել են մի քանի ֆուռ ծիրանի ու ծաղիկի արտահանման հարցի: Ընդերքն ու էներգետիկ ոլորտը պետականացնելու փոխարեն, Գագիկ Ծառուկյանի տունն են պետականցնում: Սա է իրական դավաճանությունը, որին մասնակից է դարձել մեր հասարակության զգալի մասը:
Աստված Լարսը միշտ փակ պահի, գուցե խելքի գանք:
Չնայած, ռուսամետություն ու արևմտամետություն խաղացող մանուկներին ու գռդոնչիներին դա էլ չի օգնի...»:

Աղբյուրը`   Արա Արայան