Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան

«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
53
Այսօր, 10:36

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտեմբերի մեկին, կարծես, հանդիպելու են վարչապետ Փաշինյանն ու նախագահ Պուտինը: Ռուսական իշխանությունները փնովում, հեգնում ու սպառնում են Փաշինյանին: Ադրբեջանի իշխանությունները առիթը չեն կորցնում պարբերաբար փնովել, հեգնել ու սպառնալ ռուսական իշխանություններին: Սակայն ռուսները Բաքվին վերաբերվում խիստ հարգալից, չեն սպառնում ու հայհոյում և լիահույս են, որ երկկողմ հարաբերություններում առկա կամ գոյացող կնճիռները հնարավոր կլինի հարթել բարյացկամ քաղաքական երկխոսության շրջանակներում: Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ռուսներին այլևս չեն համարում ռազմավարական դաշնակից: Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը Բիշկեկում: Նախ, իհարկե, անկախ ամեն ինչից, Փաշինյանի՝ իր պաշտոնում վերահաստատվելուն այդքան «նպաստած» ՌԴ նախագահի հետ հանդիպումը դառնալու է Կրեմլի կողմից ՀՀ վարչապետի լիազորությունների ճանաչման ակտ: Այդ ճանաչմանը զուգահեռ երևակվելու է Պուտինի վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարին: Կազդարարվի ժամանակավոր դադար ու կողմերն այդ հարաբերությունները շտկելուն ուղղված քայլեր կձեռնարկե՞ն, թե՞ հակասությունները կխորանան ու նոր առարկայական դրսևորումներ կունենան: Կարծում եմ, որ ռուսական դիրքերը Հարավային Կովկասում շարունակելու են թուլանալ այստեղ ԱՄՆ/Իսրայել ազդեցության հնարավոր աճի և/կամ էլ Թուրքիա-Պակիստան-Սաուդյան Արաբիա ռազմա-քաղաքական դաշինքի առարկայական գործունեության ծավալմանը զուգահեռ: Սա էլ ռուսների համար ի վերջո պետք է հանգեցնի Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեության նպատակահարմարությունը վերանայելու անհրաժեշտությանը: Կարելի է ենթադրել, որ Երևանի՝ ԵՄ-ին միանալու մտադրությունը կարող է դառնալ այն պատրվակը, որը Մոսկվային հնարավորություն կտա բացատրել, թե ինչու իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում այլևս նպատակահարմար չէ: Եվ սա, կարծես, կանխորոշված է եղել վաղօրոք: Հակառակ դեպքում, առնվազն, Հայաստանում իշխանության համար վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ծավալված պայքարն այլ ելք կարող էր ունենալ»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան