Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

« Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի, որ ներքին մթնոլորտը պատրաստ է ավտորիտար շրջադարձի». Լիաննա Խաչատրյան

« Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի, որ ներքին մթնոլորտը պատրաստ է ավտորիտար շրջադարձի». Լիաննա Խաչատրյան
47
Այսօր, 18:42

Լրագրող Լիաննա Խաչատրյանի հոդվածը «ՄեդիաԼաբ»-ում. «Նախընտրական վերջին օրեր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ հանրահավաքը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոստանում է այս անգամ իրոք և վերջնական պատժել նախկիններին: Շատերը մտածում են, որ սա հերթական ժապավենով մուրճն է, ստերի տոպրակը, որով նա սնում է իր ընտրազանգվածին։ Հետևաբար՝ սպասել որևէ լուրջ փոփոխության, բացի ինչ-որ ցուցադրական կարգուկանոնից, չարժի։

Այդուհանդերձ, իմ մեջ կասկած կար։ Մի տեսակ ինչ-որ բան հուշում էր, որ գուցե այս անգամ նա լուրջ է տրամադրված…

Հեղափոխության երկրորդ ալիք

Երբ այս հարցը քննարկում էի քաղաքագետ ընկերներիս հետ, նրանցից մեկն ինձ հուշեց և հիշեցրեց «հեղափոխության երկրորդ ալիք» հասկացության մասին։

Եթե կարճ՝ տեղի է ունենում հեղափոխություն, իշխանության են գալիս նոր էլիտաներ, բայց սկզբում նրանց է բաժին հասնում գործի ֆորմալ կողմը։ Նրանք ստանում են պաշտոններ, դիրք և որոշակի թղթաբանություն։ Անցնում է ժամանակ, ձևավորվում է նոր իշխանության կուռ բուրգ, և այն պահին, երբ բյուրոկրատական ու պետական ապարատները պատրաստ են լինում, սկսվում է հեղափոխության երկրորդ ալիքը։

Կոպիտ ասած՝ սկսվում է նախկին քաղաքական և բիզնես էլիտաների ջարդը, կապիտալի վերաբաշխում և իշխանության լիակատար հանձնում հեղափոխականներին։

Այս ընթացքում նաև տեղի է ունենում այն, ինչ անվանում են՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։ Գուցե Ալեն Սիմոնյանի դեպքը հենց սա՞ էր։ Չգիտեմ։

Այսօր թվում է, թե բյուրոկրատական և իշխանական համակարգերը բավականին կուռ և համակարգված են աշխատում։ Որոշակի շեղումները ավելի շատ բացառություն են թվում, քան օրինաչափություն։ Առնվազն կողքից նման պատկեր է նշմարվում։

Այդուհանդերձ միանշանակ պնդել, որ մենք արդեն անցնում ենք հեղափոխության երկրորդ ալիքի միջով, ես չեմ կարող, քանի որ չեմ տիրապետում ներքին որևէ ինֆորմացիայի։

Ավտորիտար շրջադարձ

Բայց կա մի գործընթաց, որը ես վաղուց եմ նկատել, և բազմաթիվ անգամներ թե իմ հոդվածներում, թե հրապարակային գրառումներում այդ մասին խոսել եմ։

Խոսքը ավտորիտար շրջադարձի մասին է։

Ավտորիտար շրջադարձ են անվանում այն գործընթացը, որի ժամանակ դեմոկրատական կամ քիչ թե շատ դեմոկրատական կառավարությունն ավելի ու ավելի է սկսում նմանվել ավտորիտար ռեժիմի։

Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները, իսկ որոշ դեպքերում գուցե նաև ստիպված են անցնելու ավտորիտար գործելաոճի։

Ես արդեն նշել եմ, որ ներկա իշխանություններին նախկին իշխանություններից որպես ժառանգություն է հասել բավականին ոչ դեմոկրատական Սահմանադրություն։ Ժառանգություն են հասել բավականին ոչ դեմոկրատական ինստիտուտներ։ Ժառանգություն է հասել նաև հարևանությամբ այնպիսի միջավայր, այնպիսի երկրներով տարածաշրջան, որտեղ գրեթե ոչ ոք աչքի չի ընկնում դեմոկրատական վարքով։ Այսօր անգամ Վրաստանն է հեռու դեմոկրատիայից։

Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե փոքր երկիրը շրջապատված է ավտորիտար մեծ տերություններով, հավանականությունը, որ կդառնա ավտորիտար փոքր երկիր, շատ ավելի մեծ է, քան եթե նրա հարևանությամբ լինեին դեմոկրատական տերություններ։

Ինչևէ, այսօր Նիկոլ Փաշինյանն ունի նաև Եվրոմիության կամ, այսպես ասած, դեմոկրատական Արևմուտքի լռելյայն համաձայնությունը։ Աշխարհը փոխվում է, և Արևմուտքը գաղափարական կռիվների ժամանակ չունի։ Նա պետք է հստակ հասկանա՝ ով է իր կողմնակիցը և ով՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանն ունի բյուրոկրատական ապարատի հավատարմությունը։ Ունի որոշակի լեգիտիմություն՝ թե ներքին, թե արտաքին։ Մնում էր միայն հասկանալ երկու բան։ Առաջինը՝ հասարակությունն ի՞նչ է մտածում ավտորիտար շրջադարձի մասին:

Եվ երկրորդը՝ այն, ինչը մեծ հաշվով պահել է նաև նախկին իշխանություններին ավելորդ քայլերից… Խոսքը տարբեր միջին, խոշոր բիզնես և օլիգարխիկ խմբերի մասին է, որոնք, ելնելով Հայաստանի տնտեսության ձևից, իրար մեջ մրցակցելով, կարողանում էին որոշակի, թվում է՝ պառակտվածություն, բայց իրականում այլընտրանքայնություն ստեղծել հայկական քաղաքական համակարգի համար։

Այսինքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, եթե ուզում է լիովին անցնել ավտորիտար համակարգի, առաջինը պետք է բիզնես-էլիտար միջավայրում քաղաքական այլընտրանքայնության հնարավորությունը չեզոքացնի, և երկրորդը՝ հասկանա, թե ինչպես համոզել հասարակությանը, որպեսզի վերջինս ընդունի ավտորիտար համակարգը։

Ուժեղ բռունցք, առգրավված առյուծներ

Անցած ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ստացավ մոտ 700 հազար ձայն, իսկ գլխավոր ընդդիմադիրները՝ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները միասին հավաքեցին մոտ 500 հազար ձայն։ Եվ այստեղ ես ուզում եմ նշել, որ ընդդիմությունն իր ձայները հավաքեց «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» կարգախոսով և Ռոբերտ Քոչարյանի՝ որպես կուռ առաջնորդի կերպարն առաջ տանելով:

Ընդդիմությունն իր ամբողջ քարոզչությունը կառուցեց ոչ դեմոկրատական խոսույթների վրա։ Մենք կգանք, կգա ուժեղ ձեռք, կբերի ձեզ աշխատատեղ, կբերի միասնականություն, կբերի կայունություն։ Մեզ պետք է ուժեղ առաջնորդ, որը կկարողանա խոսել այլ ուժեղ առաջնորդի հետ, նա իր ծանոթություններով և իր փողով բոլոր հարցերը կլուծի։ Կրկնում եմ՝ այս քարոզչությամբ ընդդիմությունը ստացավ մոտ 500 հազար ձայն։ Հետևաբար՝ սպիտակ սկուտեղի վրա Նիկոլ Փաշինյանին մատուցեց սոցիալական հետազոտություն։ Միանգամայն հստակ ցուցիչով՝ Հայաստանի Հանրապետության թե իշխանական, թե ընդդիմադիր հատվածը կողմ է ուժեղ իշխանությանը, որոշակի ավտորիտարիզմի, և մեծ հաշվով առանձնապես ուշադրություն չի դարձնում դեմոկրատիայի լինել-չլինելուն:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի, որ ներքին մթնոլորտը պատրաստ է ավտորիտար շրջադարձի։ Մնում է, թերևս, լուծել խոշոր բիզնեսմեն/քաղաքական ուժերի հարցը: Եվ հենց այստեղ է, որ առաջ է գալիս Գագիկ Ծառուկյանի կերպարը։

Գագիկ Ծառուկյանը շատ հետաքրքիր կերպար է, որովհետև նա ոչ միայն օլիգարխ է, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, այլ որովհետև նա նաև պսպղուն խորհրդանշան է այն ուժի, որը կանգնած է սովորական օրենսդրական կարգից վեր։

Մենք գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը մարդ է, ով կարող է իրեն թույլ տալ անել շատ բաներ, և ոչ ոք չէր հանդգնի նրան պատժել: Գագիկ Ծառուկյանն իր ամբողջ ցուցադրական հարուստությամբ, ցուցադրական նախագծերով նաև սիմվոլն էր այն համակարգի, որտեղ կար հասարակ ժողովուրդը, և կային որոշակի բիզնես-էլիտաներ, որոնց համար գործում էին լրիվ այլ կանոններ, լրիվ այլ օրենքներ, և հասարակ արդարադատությունը նրանց համար չէր աշխատում։ Նրանք նաև իրենք էին հանդիսանում տեղական կառավարման մարդ-համակարգեր: Ուժեղ կենտրոն, որի շուրջը ձևավորվում էր տեղական քաղաքական ու սոցիալական մի ամբողջ էկոհամակարգ:

Եվ, բնականաբար, այս ամբողջի վերջնական սիմվոլիկան հենց առյուծներն էին, որոնցով Գագիկ Ծառուկյանն այդքան հիանում էր։ Առյուծը նրա խորհրդանիշն էր, նրա բիզնեսների լոգոն, նրա տեղական ուժի և ազդեցության վառ պահապանը։

Եվ հենց սա էր պատճառը, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելիս նախ ցույց տվեցին այդ ոչ այնքան օրինական կադրերը, երբ տասը հոգով հարձակվեցին ընդհանրապես դիմադրություն ցույց չտվող մարդու վրա և տապալեցին նրան գետնին։ Հետո մտան նրա գեղեցիկ առանձնատունը՝ ցույց տալով, որ նոր իշխանությունների համար չի կարող ոչ մի դարպաս, ոչ մի ոսկեգույն դուռ փակ լինել: Եվ հենց սա էր պատճառը, որ հատուկ առգրավեցին առյուծներին։

Սա հետաքրքիր սիմվոլիկ նշանակություն է իր մեջ կրում։ Այն նախ ցույց է տալիս հարևան երկրներին, որ այստեղ գլխավոր ու միակ մարդը, որի հետ դուք պետք է խոսեք, Նիկոլ Փաշինյանն է, և ցույց է տալիս ժողովրդին, որ այսօր, այո՛, սկսվել է մի ժամանակաշրջան, որտեղ տեղական միջին և խոշոր ուժերը, առանց կենտրոնի թույլտվության, ոչինչ չեն կարող անել:

Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը նախկին բարքերի, նախկին էլիտայի համար շատ ծանր ցուցադրական հարված է։ Այն անհնար է չնկատել։ Ասես մարդու դիմացի ատամը ջարդես։ Իմ կարծիքով՝ սա ավտորիտար շրջադարձի գլխավոր խորհրդանշանն է: Եվ պատահական, թե ոչ, բայց շատ սիմվոլիկ եկավ նաև առյուծի անկումը:

Որպես վերջաբան

Եվս մեկ փոքրիկ նշան ի նպաստ ավտորիտար շրջադարձի՝ իշխող կուսակցության կողմից շատ արագ օրենք առաջ քաշելու և այն ընդունելու արդեն ձևավորված սովորությունն է։ Մենք գիտենք, որ իշխող կուսակցությունները ավտորիտար երկրներում օրենքները երկար-բարակ չեն քննարկում: Օրենքը որոշվում է, ընդունվում է, և հասարակությունը պարզապես կանգնում է փաստի առաջ։ Քաղաքացիների և ոչ ռեզիդենտների քվեարկության մասին օրենքը հենց նման մի քայլ էր։

Այսպիսով, իմ կարծիքով, այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները փոխելու ռեժիմի ձևն ու բովանդակությունը։ Նա ունի թե ներքին մթնոլորտի պատրաստվածություն, թե հարևանների կողմից որոշակի պահանջարկ, թե արտաքին խոշոր խաղացողների աջակցություն և դեմոկրատական հասարակության լռելյայն համաձայնությունը կամ առնվազն առարկության բացակայությունը։

Այս առիթով թերևս կարող եմ միայն շնորհավորել բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ մեր երկրին պետք են ուժեղ ձեռք, ուժեղ առաջնորդ, ուժեղ մեկը, ով կհավաքի ամբողջ հասարակությունը մի բռի մեջ։

Ես շնորհավորում եմ ձեզ, տիկնայք և պարոնայք։

Այս խոսույթները տարածելով և ոգևորելով՝ մենք հասանք կամ կարծես թե հասնում ենք այն հանգրվանին, որտեղ կունենանք… մեկ ազգ, մեկ Հայաստան և մեկ վարչապետ»։