««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել թակարդի»․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկն առաջին հայացքից դժվար է վիճարկել։ Սովորական քաղաքական միջավայրում այն կարող էր լինել քաղաքակիրթ բանավեճի շատ նորմալ մեկնարկ։
Բայց քաղաքական խոսքը չի սկսվում խորհրդարանի առաջին նիստից։ Դրան նախորդել է ընտրարշավ, որի ընթացքում հնչած կոշտ գնահատականները, մեղադրանքներն ու որակումները ոչ միայն բևեռացրել են քաղաքական դաշտը, այլև ձևավորել են ընտրողների համապատասխան սպասումները։ Իշխանությունն ու ընդդիմությունը հենց այդ խոսքի պայմաններում և նաև այդ խոսքի դիմաց են ստացել իրենց քվեները։
Հետևաբար ընտրություններից հետո հնարավոր չէ այդ ամբողջ նախապատմությունը պարզապես ջնջել և քաղաքական հարաբերությունները սկսել «մաքուր էջից»։ Դրանք երկուսի հարաբերություններ չեն: Դրանք մարդկանց ու մարդկանց սնած ասելիքի մասին են:
Իշխանությունն այսօր շարունակում է սպասարկել և՛ իր քաղաքական վարքագիծը, և՛ իր ընտրողների սպասումները։ Այդ պայմաններում «բարեկրթության» կոչը նրա համար քաղաքականապես հարմար է։ Այն կարող էր նույնքան օգտակար լինել նաև ընդդիմությանը, եթե չլիներ իր իսկ նախընտրական քաղաքական խոսքի բեռը։
Եթե դու ամիսներ շարունակ ընտրողիդ ներկայացրել ես իշխանության վերաբերյալ ծայրահեղ կոշտ գնահատականներ, եթե քո ցուցակում ներառել ես մարդկանց, որոնք հենց այդպիսի կոշտ քաղաքական լեզվով են առանձնացել, դրանով առնվազն ցույց ես տվել, որ այդ լեզուն քո քաղաքական դաշտի համար ընդունելի է։ Լավ է դա, թե վատ՝ այլ քննարկում է։ Բայց դա փաստ է, որի հետ ընտրություններից հետո պետք է հաշվի նստել։
Հենց այստեղ էլ բարեկրթության վերաբերյալ մեկնված ձեռքը կարող է վերածվել թակարդի։ Ոչ թե որովհետև բարեկրթությունը վատ բան է, այլ որովհետև այն կարող է քաղաքական խոսքի մշակույթի պահանջից վերածվել քաղաքական խոսքի թույլատրելի սահմանները որոշելու գործիքի։
Քաղաքական բանավեճի սահմաններն ավելի լայն են, քան առօրյա քաղաքավարի խոսակցության սահմանները։ Կոշտ, սուր, անգամ վիրավորական թվացող քաղաքական գնահատականը դեռ ինքնաբերաբար անձնական վիրավորանք չէ։
Եվ այսօրվա դրվագում, կարծում եմ, ակնհայտ էր նաև մեկ այլ բան. անհանդուրժողականության իրական պատճառը հազիվ թե մեկ մակբայն էր։ Առիթն, իհարկե, կոնկրետ արտահայտությունն էր, բայց արձագանքի հիմքում տարիների ընթացքում տվյալ անձի բառապաշարի, վարքագծի և խոսքի նկատմամբ կուտակված անհանդուրժողականությունն էր։
Այս դեպքում իշխանությունը կարողացավ կոնկրետ արտահայտությունը տեղավորել իր իսկ նախապես առաջարկած «բարեկրթության» շրջանակի խախտման մեջ և այդ դրվագի վրա կենտրոնացնել տվյալ անձի նկատմամբ կուտակված ամբողջ բացասական վերաբերմունքը։ Իսկ ընդդիմությունը, արդեն ընդունած լինելով այդ խաղի կանոնը, շատ սահմանափակ տարածք ուներ հակադարձելու համար։
Սա էլ հենց «բարեկրթության» թակարդն է․ նախ ընդունում ես հակառակորդիդ առաջարկած չափանիշը, հետո առաջին սահմանային դեպքի ժամանակ արդեն հակառակորդդ է որոշում՝ խախտե՞լ ես այն, թե՞ ոչ։
Իշխանությունը, կարծես, այս մեխանիզմը շատ լավ հասկանում է։ Ընդդիմությունը՝ դեռ ոչ այնքան։
Հետգրություն։ «Սրիկայաբար շահարկել»-ը գործողության ձևին տրված կոշտ գնահատական է՝ «սրիկայաբար»-ը մակբայ է։ «Սրիկա»-ն արդեն անձին բնութագրող գոյական է։ Առաջինը կարող է լինել շատ կոշտ, անընդունելի համարվել և արժանանալ նույնքան կոշտ քաղաքական հակադարձման։ Բայց այդ երկուսը նույնացնել և դրանով քաղաքական խոսքի սահմաններ գծել՝ արդեն բոլորովին այլ հարց է։

««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել թակարդի»․ Արփինե Հովհաննիսյան
2600:00
«Գողական զոն չի, որ մեկն ասող լինի, մյուսներն էլ ենթարկվեն այդ «պանյատա»-ներին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
40Երեկ, 23:30
«ԱՄՆ-ն կենտրոնանում է Կուբայի դեմ պատժամիջոցների վրա՝ երկրորդ պլան մղելով ուժի կիրառման տարբերակը». #Bloomberg
62Երեկ, 23:06
«Կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը»․ Ռոբերտ Ամստերդամ
65Երեկ, 22:12
«Ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի»․ Մարիաննա Ղահրամանյան
78Երեկ, 22:00
«ՔՊ-ի այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն»․ Ռուբեն Մելիքյան
79Երեկ, 21:42
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
67Երեկ, 21:30
«ՔՊ-ականների կողմից ամենահաճախ հնչած բառը «սրիկան» էր»․ Էդգար Ղազարյան
67Երեկ, 20:48