Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին»․ Էդգար Էլբակյան

«Կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին»․ Էդգար Էլբակյան
42
Այսօր, 17:36

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞ՆՉ Է ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՄԻ ԸՆԿՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ)
Դաշնակցականությունը հայության ազգային-քաղաքական պայքարն է իր հայրենիքին տեր լինելու համար։ Հայության այդ պայքարը Դաշնակցությամբ չի սկսել։ Այդ պայքարն սկսվել է Հայկ Նահապետից և շարունակվելու է մինչև աշխարհի կատարածը։ Պարզապես կոնկրետ դարաշրջանում՝ 19-րդ դարում, և կոնկրետ քաղաքական պայմաններում այդ պայքարի ջահակիրը և հայության քաղաքական կազմակերպիչը եղել է Դաշնակցությունը։
Հասկանալու համար հակադաշնակցականության (չշփոթել Դաշնակցության հանդեպ կառուցողական քննադատության հետ) սոցիալ-հոգեբանական պատճառները պետք է ըմբռնենք նշածս դարաշրջանի շունչը։ Դաշնակցությունն առաջացավ մի շրջանում, երբ հայության մեծ մասն ապրում էր օսմանյան բռնակալության մեջ՝ կիսաստրկական կարգավիճակով։ Մի շրջանում, երբ լեռնային հայության մի մասը, քրդերից ունեցած կրկնակի կախման մեջ, ինքն իրեն անվանում էր «քրդու խայ», այն աստիճան սոցիալական դիմահեղումը բերել էր նաև ներէթնիկական օտարման։ Դա մի ժամանակ էր, երբ քաղաքներում հայերի կոտորածներին մասնակցում էին ոչ միայն թուրք տղամարդիկ, այլև կանայք և նույնիսկ երեխաները։ Մի ժամանակ, երբ կոտորածի պահին դռան շրխկոց լսելիս հայ տղամարդիկ գրկում էին ամենափոքր երեխային՝ հուսալով, որ գոնե մանչուկի կերպարը կմեղմի ջարդարարների մոլուցքը։
Թուրքերի համար «նորմալ հայությունը» սա էր։ Իսկ Դաշնակցությունն առաջացավ հենց այս հայության ազատագրման համար։ Անշուշտ, այն չառաջացավ վակուումից կամ միայն այդ օրն ապրող հայությունից։ Ինչպես ասացի, Դաշնակցությունը հայության ազատատենչության էվոլյուցիոն հանգրվան էր։ Բայց թշնամիների համար այն ընկալվեց որպես «նորմալ հայությանը» «աննորմալ» դարձնելու փորձ, ուստի և՝ Դաշնակցությունը պիտակվեց որպես «ծայրահեղական», «հակապետական», «չեթեական», «քոմիթաջիական»։
Այսօր ունենք մի իրականություն, երբ հենց Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն են՝ որպես կոլաբորացիոնիստներ, ազգին տանում ստրկության։ Նրանց համար ևս «նորմալ հայը» թուրքական կամքին հարմարված, ինքնապաշտպանության բնազդից զրկված հայն է։ Իսկ բոլոր նրանք, որ փորձում են դեմ կանգնել ցեղասպանական այդ «նորմալիզացիային», «ծայրահեղական» և «հակապետական» են։ Սա է հակադաշնակցականության բարդ, բայց և նույնքան էլ պարզ անատոմիան․ կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին։
Ռուսական իրականությունից հայտնի մի էթնոքաղաքական ոչ կոռեկտ ասացվածք կա․ «քերի՛ր ռուսին, կգտնես թաթարին»։ Հայկական իրականության պայմաններում, ընդհակառակը, շատ կոռեկտ է ասել՝ «քերի՛ր հակադաշնակցականությունը, կգտնես ատելություն ազգային ինքնապահպանման հանդեպ»»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան