Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան

«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
44
Այսօր, 00:18

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը նախօրեի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանդիպման էի, Արցախի ու շրջափակման մասին պետք է խոսեինք, փորձեինք այդպես էլ չգտնված ելքը գտնել… Հետո հեռախոսս գժվեց՝ անդադար զանգեր ու հաղորդագրություններ, մի կողմ դրեցի ու շարունակեցի, հանկարծ թեմայից չշեղվեմ… Հետո գժվեցին նաև մյուսների հեռախոսները… Սկսեցին նայել մեկ հեռախոսին մեկ մեր կողմը… Հետո լսվեց ամենսարսափելի բառը։ «Սկսվեց…»
***
Վերցրեցի հեռախոսս, քույրս էր գրել. «Մենք նկուղում ենք, երեխաները հետս են, ապահով ենք, ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱՍ…». աշխարհի ամենահոգատար ու ամենատխուր հաղորդագրությունը, որ երբևէ ստացել էի…
***
Հրապարակ իջնելու ճանապարհին հորս զանգեցի, շատ անհանգիստ էր, մորս էր փնտրում ու չէր գտնում, պետք է անջատեի, բայց մինչ այդ՝ ուժ էր պետք գտնել ու ասել. «պապ, հանց ըրա վեշմին դեպքում գերի չինգիս»… պատասխանն արագ էր ու գործնական. «չեմ ընկնի, ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԻ»…
***
Երբ խնդրեցի մարդկանց իջնել հրապարակ, երբ վերցրեցի բարձրախոսն ու սկսեցի խոսել՝ դեռ մորս հետ չէի կարողացել խոսել…
Հետո զանգեց նաև նա. «ես լավ եմ, ապահով եմ, ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԻ…»
Ամիսներ հետո տեսա այս նկարը… աշխարհի ոչ միայն ամենաանհանգիստ, այլև՝ ամենախեղճուկրակ կինը, ում գլխին աշխարհն է փուլ գալիս, իսկ ինքը ոչինչ չի կարող անել, ով այդ պահին աշխարհում ամենաշատն ատում է ոչ թե իրեն ու իր երկիրն ավիրող թշնամուն, ոչ թե իրեն ու իր երկիրը դավաճանած իշխանությանը, այլ իր խեղճ ու կրակ լինելը…
Այդ օրերին թվում էր՝ շատ ուժեղ եմ, ահա ողբալու փոխարեն պայքարի կոչ եմ անում, խոսում եմ, պահանջում եմ, սպառնում եմ, բայց ոչ ինքս ինձ, ոչ տեսխցիկին չէի կարողացել խաբել… Խեղճերի պայքարից վախեցող չկա…
Հիմա էլ, երբ հետ եմ նայում՝ ամենաշատն այդ խեղճությունն եմ ատում…
Որ էսքան խեղճ չլինեինք՝ չէին համարձակվի մեզ դավաճանել, մեր հայրենիքը հանձնել ու դեռ մեզ էլ սպառնալ…
Որ էսքան խեղճ չլինեինք՝ չէին ցեղասպանի, մեզ մեր տնից չէին վռնդի ու համոզված չէին լինի, որ կմարսեն…
Որ էսքան խեղճ չլինեինք՝ չէինք հանդուրժի էս ամենը…
Ու մի օր, երբ խեղճ չենք լինի, երբ ազգովի կհրաժարվենք խեղճ ու անճար լինելուց՝ ստիպված կլինեն հարգել մեզ, ստիպված կլինեն պատասխան տալ … Էն ժամանակ նորից սեպտեմբերը 2 ու 21 կունենա, ոչ թե 27, 13, 19…
Հ.Գ. Ամիսներ հետո տեսա նկարը, էս օրերի վիդեոները, իսկ մեկնաբանություններում՝ օրվա իշխանությունների այլանդակ, անամոթ դեմքը… ու ոչ առաջին, ոչ վերջին, այլ հերթական անգամ ինքս ինձ խոստացա. «ես սրանց թողնելու հայրենիք չունեմ»…
Հուսահատությունն էլ է հավերժ, եթե չկա պայքար:
Չհարմարվել ու չհամակերպվել էս խեղճությանը, երբե՛ք…»:

Աղբյուրը`   Նարե Սիմոնյան