«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ․
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ներկայացրել է «Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի մասին» զեկույցը, որը ջրաբանական շրջապտույտի և ջրաբանական ծայրահեղ երևույթների՝ 2025 թվականի և վերջին հինգ տարիների համապարփակ, գիտականորեն հիմնավորված գնահատումն է։
Զեկույցի համաձայն՝ գետային հոսքի տեսանկյունից 2025 թվականն աշխարհում եղել է վերջին ավելի քան երեք տասնամյակների ամենասակավաջուր տարիներից մեկը։ Սա վկայում է Երկրի քաղցրահամ ջրի պաշարների նվազման և սառցադաշտերի նահանջի երկարաժամկետ միտումների շարունակման մասին, որոնք ապագայում լուրջ հետևանքներ կունենան բնակչության և տնտեսության համար։
ՀՕԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ ջրի շրջապտույտը դարձել է ավելի անկայուն և անկանխատեսելի՝ դրսևորվելով գետային հոսքի խիստ պակասից մինչև չափազանց մեծ հոսք տատանումներով։ Վերջին յոթ տարիներին նորմայի սահմաններում հոսք ունեցող գետերի թիվը եղել է ամենացածրը՝ 1991 թվականից սկսվող ժամանակահատվածում։
Ըստ զեկույցի՝ վերջին հինգ տարիներին աշխարհում գրանցված ջրի հետ կապված ծայրահեղ երևույթների առնվազն կեսը և դրանց հետևանքով արձանագրված մահվան դեպքերի ավելի քան 80%-ը բաժին են ընկել Ասիային և Աֆրիկային։
2025 թվականը գետային հոսքի տեսանկյունից եղել է վերջին 35 տարիների ամենասակավաջուր տարիներից մեկը։ Աշխարհի գետավազանների ընդհանուր տարածքի 36%-ում հոսքը նորմայից ցածր է եղել։ Յոթերորդ տարին անընդմեջ նորմայի սահմաններում ջրաբանական պայմաններ ունեցող գետավազանները կազմել են փոքրամասնություն՝ 34–38%՝ 1991–2020 թվականների միջին 46%-ի համեմատ։
Ցամաքի ջրային պաշարները՝ ստորերկրյա ջրերում, լճերում և գետերում, հողում, բուսականության մեջ, սառույցի և ձյան տեսքով կուտակված ջրի ընդհանուր քանակը, նվազում են 2010-ական թվականների կեսերից։
2025 թվականը չորրորդ տարին անընդմեջ բնութագրվել է բոլոր տարածաշրջաններում սառցադաշտերի լայնածավալ հալքով՝ առաջացնելով ինչպես կարճաժամկետ վտանգներ, մասնավորապես՝ ջրհեղեղներ, այնպես էլ երկարաժամկետ ջրային սակավություն։ 2023–2025 թվականներին սառցադաշտերի զանգվածը նվազել է յուրաքանչյուր հաշվետու տարում, իսկ համաշխարհային մասշտաբով զանգվածի գումարային կորուստը կազմել է 1400 գիգատոննա ջուր։ Դա մոտավորապես համարժեք է օլիմպիական չափերի 560 միլիոն լողավազան լցնելու համար անհրաժեշտ ջրի ծավալին կամ աշխարհում քաղցրահամ ջրի տարեկան ջրառի շուրջ մեկ երրորդին։
Վերջին հինգ տարիների ընթացքում ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայություններն ամբողջ աշխարհում հաղորդել են աննախադեպ մասշտաբների ջրհեղեղների և երաշտների մասին։ Որոշ վայրերում մեկ տարերային աղետին հաջորդել է մյուսը՝ թույլ չտալով վերականգնվել նախորդի հետևանքներից։
Զեկույցի պատրաստմանը մասնակցել են ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների, տվյալների մշակման կենտրոնների և գործընկեր կառույցների տասնյակ փորձագետներ ու հետազոտողներ՝ տրամադրելով տեղային դիտարկումների տվյալներ, մոդելավորման արդյունքներ և արբանյակային տվյալներ։ Առաջին՝ 2021 թվականի հրապարակումից ի վեր զեկույցում ներառված ջրաբանական բնութագրիչների թիվը երեքից հասել է տասնհինգի։ Զգալիորեն ընդլայնվել է նաև երկրների ընդգրկումը։
Այնուամենայնիվ, ջրաբանական դիտարկումների ներկայացվածության առումով Աֆրիկան և Ասիան շարունակում են մնալ զեկույցում ամենաթույլ ընդգրկված տարածաշրջանների շարքում՝ չնայած ծայրահեղ երևույթների նկատմամբ իրենց բարձր խոցելիությանը։
Հ.Գ. Ներկայացված սլայդում՝ «Գետային հոսքը 2025 թվականին՝ 1991–2020 թվականների միջին արժեքների համեմատ»։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
2700:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
2400:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
4700:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
5000:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
85Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
110Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
149Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
107Երեկ, 22:18