Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
28
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալմաթիի (Ալմա-Աթայի) 1991 թվականի դեկտեմբերյան հռչակագիրը առանց վերապահումների ընդունելը, ինչը, ցավոք արել են ՀՀ գործող իշխանությունները Ֆրանսիայի նախագահի ու Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ, կարող է լրջագույն գլխացավանք եւ իրավական հետևանքներ ստեղծել ոչ միայն մեր պետության, այլ անհատ քաղաքացիների համար:
Այդ հանցավոր անփութությամբ, որ պայմանավորված է նաև մեր դիվանագիտության անհեռատեսությամբ, բոլոր խաղաքարտերը տրվել են մեր արևելյան հարևանին և այդ պետությունը կարող է.
ա/ միջազգային հետախուզում հայտարարել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ, քանի որ նա բազմիցս այցելել է Արցախ և ապօրինաբար հատել Հայաստան-Ադրբեջան սահմանը: Այո, մի զարմացեք, եթե Ալմաթին ընունում ես առանց վերապահումների, դա Ադրբեջանի ձեռքերը ազատ է արձակում, եթե, անշուշտ, Ադրբեջանի հետ չունես մեկ այլ փաստաթուղթ, որ ինչ-որ թվականից գիծ ես քաշում և սկսում նոր հարաբերություններ: Շատ ցավալի է, բայց մեր դիվանագիտությունը այս բանը կամ հաշվի չի առել, կամ չափազանց վստահել է Ադրբեջանին ու խաղաղության հեռանկարին կամ ուղղակի ունակ չի եղել:
բ/ Ալմաթիի հռչակագիրն ընդունելով՝ ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի և ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի նկատմամբ Ադրբեջանը կարող է, չեմ ասում անելու է, քրեական հետապնդում իրականացնել կրկին Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու և Աղդամի այգիներից նուռ հավաքելու համար....
գ/ որպեսզի չթիրախավորեմ, ասեմ, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումով Ադրբեջանը կարող է նաև իմ նկատմամբ քրեական վարույթ իրականացնել՝ առանց թույլտվության Շուշիի և Աղդամի մզկիթների մինարեթներ բարձրանալու համար... Դա, անշուշտ, արել եմ որպես պատմության ուսումնասիրող, որևէ կերպ չեմ վիրավորել մուսուլմանների զգացմունքները:
Կրկնում եմ, ես չեմ ասում, թե վաղը մեր դեմ քրեկան վարույթներ են իրականացնելու, սակայն կուրորեն Ալմաթին ընդունելն առանց վերապահումների և հույս դնելը Մակրոնի, Միշելի, խաղաղության հեռանկարի և ամենից կարևորը՝ Ալիևի մեծահոգության վրա, հանցավոր, դիվանագիտական անփութություն էր:
Որևէ երաշխիք չկա, որ խաղաղության տարբեր ծրագրերի շրջանակներում Ադրբեջան մեկնած հայերից մեկն ու մեկին չեն կալանավորելու:
Այս պահին շատ կարևոր է ունենալ Հայաստան-Ադրբեջան մի փաստաթուղթ, որը ինչ-որ թվականից գիծ է քաշում մեր հարաբերությունների տակ, այլապես Ալմաթին կարող է դառնալ հետապնդող մղձավանջ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան