Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
24
Այսօր, 22:30

ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ 88 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:
«Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»։

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը:

1960-1964 թվականին Հակոբ Ազիզյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:

Նույն թվականին նա աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:

1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:

Մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.

Պեպո, Սամսոնյան՝ Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»
Արբենին ՝ Լերմոնտովի «Դիմակահանդես»
Միքայել՝ Շիրվանզադեի «Քաոս»
Բոլենբրոկ՝ Շեքսպիրի «Ռիչարդ II»
Շմավոն՝ Ժ. Անանյանի «Կարուսել»
Երեք բեմադրության հեղինակ է․

«Աշնան արև»՝ ըստ Հ. Սաթևոսյանի
«Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի
«Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)
Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․ «Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։

Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ: