Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
61
Այսօր, 15:18

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպա գնացող Հայաստանի կազմակերպած միջազգային գագաթնաժողովի քաղաքական լուսանկարում եվրոպական պետությունների առաջնորդները չկան։ Փոխարենը՝ Իրանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և տարածաշրջանի այլ երկրների ղեկավարներն են։
Սա COP17-ի երևանյան գագաթնաժողովի ամենախոսուն հակասությունն է։ Հրապարակված պաշտոնական կազմում ԵՄ անդամ որևէ երկրի նախագահ կամ վարչապետ չկա։ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությունն իհարկե կարևոր է, բայց եվրոպական կառույցի ներկայացվածությունը և եվրոպական պետությունների ղեկավարների ներկայությունը նույն քաղաքական նշանակությունը չունեն։
Փաշինյանը Հայաստանը տանում է Եվրոպա, բայց եվրոպական շրջադարձի մեջ գտնվող միջազգային միջոցառման պաշտոնական լուսանկարը ստացվում է հիմնականում տարածաշրջանային-եվրասիական-հապկ-ային։
Ընդ որում, խնդիրն այդ պետությունների ներկայությունը չէ։ Նրանց հետ հարաբերությունները Հայաստանի համար իհարկե կարևոր են և պետք է զարգանան։ Խնդիրն այն է, որ իշխանության հռչակած աշխարհաքաղաքական շրջադարձն ու դրա շուրջ ստեղծված քարոզչական սպասելիքները և ներկայությունը դեռևս չեն համապատասխանում այն քաղաքական արդյունքներին, որոնցով այդ շրջադարձը պետք է հիմնավորվեր։
Բայց այստեղ ավելի հետաքրքիր հանգամանք էլ կա։
Իսկ եթե եվրոպական առաջնորդների բացակայությունը նաև որոշակի քաղաքական վերաբերմունքի արտահայտությո՞ւն է։ Գուցե եվրոպական մայրաքաղաքներում արդեն տեսնում են այն, ինչ Երևանում համառորեն ներկայացվում է որպես հաջողված բազմավեկտոր քաղաքականություն՝ տարբեր ուժային կենտրոններին տրված խոստումներ, իրար դժվար համատեղելի պարտավորություններ և դրանց միջև անվերջ մանևրելու փորձեր։
Բազմավեկտորությունն ինքնին խնդիր չէ։ Ավելին՝ Հայաստանի նման պետության համար այն կարող է անհրաժեշտություն լինել։ Բայց մի բան է տարբեր կենտրոնների հետ հարաբերությունները սեփական շահերին ծառայեցնելը, բոլորովին այլ բան՝ հայտնվել սեփական խոստումների ու պայմանավորվածությունների արանքում։
Երբ պետությունն է կառավարում իր արտաքին հարաբերությունները, դա դիվանագիտություն է։ Երբ տարբեր գործընկերներին տրված խոստումներն են սկսում կառավարել պետության որոշումները, դա արդեն արտաքին քաղաքական խճճվածություն է։
Բաքվի COP29-ն ու Երևանի COP17-ը կարելի է ասել նույն միջազգային օրակարգը չունեն և մասնակցության տարբերությունները կարող են ունենալ նաև այլ պատճառներ։ Բայց Բաքվի COP29-ին եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ներկայության և ԵՄ գնացող պաշտոնական Երևանում նրանց բացակայության համեմատությունը առնվազն մտածելու տեղիք է տալիս։ Հատկապես երբ խոսքը մի իշխանության մասին է, որը եվրոպական ինտեգրումն ու ԵՄ անդամակցությունը ներկայացնում է որպես Հայաստանի պատմական վերակողմնորոշում։
Սա է երկար ժամանակ քողարկվող խնդիրը: Եվրոպական ինտեգրումը միայն հայտարարություններով չի լինում։ Այն նաև պարտավորություններ են, դրանց կատարում, փոխադարձ վստահություն և իրական քաղաքական հանձնառություններ։ Եվրոպա գնալու ցանկությունը դեռ չի նշանակում, որ Եվրոպան նույնքան շահագրգռված է քեզ ընդունելու կամ քեզ հետ այդ ճանապարհն անցնելու հարցում։ Դրա համար է լուսանկարը էսպիսին ստացվում:
Փաշինյանը նույնիսկ Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով էր շնորհավորում քաղաքացիներին։ Բայց աշխարհագրությունը հայտարարություններով չի փոխվում, ինչպես որ միջազգային քաղաքականության մեջ հնարավոր չէ սեփական ցանկությունները ներկայացնել որպես մյուս պետությունների արդեն կայացրած որոշումներ։
COP17-ի լուսանկարը հենց սրանով է անհարմար իշխանության համար։ Եվրոպական շրջադարձի մասին խոսքը շատ է, բայց դրա իրական քաղաքական կշիռը դեռ պետք է ապացուցել։ Եվ եթե այդ շրջադարձի ամենատեսանելի միջազգային լուսանկարը հիմնականում ապահովում են Հայաստանի եվրասիական ու տարածաշրջանային գործընկերները, ուրեմն արժե վերջապես տարբերել արտաքին քաղաքական ձեռքբերումը դրա քարոզչական ներկայացումից։
Եվրոպա գնալու մասին կարելի է հայտարարել Երևանում։ Բայց Եվրոպայի քաղաքական առաջնահերթությունների մեջ հայտնվելը որոշվում է եվրոպական մայրաքաղաքներում, ոչ թե իշխանության քարոզչական ելույթներում։
P.S. Խորհուրդ Հայաստանի ոչ թե իրական և բովանդակային, այլ քարոզչական և կեղծ եվրոպական ապագայի եռանդուն քարոզիչներին. Փաշինյանի «Իրական Հայաստանում» Արևմուտք գնալու քարոզներ անելիս զգույշ եղեք․ կարող եք ճանապարհ ընկնել դեպի Բրյուսել , Փարիզ կամ Վիեննա, բայց ՔՊ-ի քաղաքական քարտեզով հայտնվել Բիշքեկում , Ալմա-Աթիում կամ Դուշամբեում»։